Դու բանակցային սեղանի շուրջ չես, սեղանի վրա ես. Քոչարյանը՝ Փաշինյանին

Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանում են Արցախից․ հոկտեմբերի 4-ի ասուլիսին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գիտակցաբար այնպես է անում, որ հայ ժողովուրդը Արցախի հետ բոլոր որոշումները կապի բացառապես Ռուսաստանի հետ։

«Մի քիչ էլ ժամանակ անցնի՝ հայ ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծվելու, թե Ղարաբաղը ռուս-ադրբեջանական բանակցությունների առանցքում է»,- նշեց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ «մեր դերակատարությունը կարող ենք վերանորոգել գոնե մասամբ, միգուցե հետագայում՝ ամբողջությամբ, միայն հայկական բանակն ու անվտանգային համակարգը վերականգնելու ճանապարհով»։ Ըստ Քոչարյանի՝ մինչև դա չանենք, «մենք լիարժեք դերակատարություն այս տարածաշրջանում չենք ունենալու»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ է Քոչարյանը կարծում Իրան-Ադրբեջան լարվածության մասին։ Ըստ երկրորդ նախագահի՝ Հայաստանը պարզապես հետևում է, թե ինչ է կատարվում ու փորձում է հասկանալ՝ գործընթացների վատթարացման ընթացքում հարվածն ինչ չափի ուժգնություն է ունենալու մեր նկատմամբ։

«Պասիվ, վատ սպասելիքների մեջ գտնվող երկիր ենք։ Այդպիսին ենք, քանի որ այդպիսին է մեր երկիրը։ Պամպերսային քաղաքականության դաշտում է գտնվում այս կառավարությունը»,- նշեց նա։

Շարունակելով աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ դիտարկումները՝ Քոչարյանը փաստեց՝ «Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը պարտվել է պատերազմում, Թուրքիայի ռազմական-քաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է այս պատերազմում»։

«Սա առաջին դեպքն է հետխորհրդային տարածքում, որ այլ պետությունը՝ Թուրքիան, ուղղակի մասնակցում է պատերազմական գործընթացին։ Մինչ այդ բոլորը խուսափում էին՝ ՌԴ-ին չնյարդայնացնելու համար։ Ինչ հետևանքներ է սա ունենալու՝ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ այս ամենը ՌԴ-ն հաշվի է առնելու իր քաղաքականության մեջ այս տարածաշրջանում. Ադրբեջանի ու Թուրքիայի դերակատարությունն աճել է, Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել այս հարցում։ Ասիմետրիան դեպի Թուրքիան ակնհայտ ավելանալու է»,- նշեց Քոչարյանը։

Նա նաև անդրադարձավ խաղաղության դարաշրջան սկսելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Հարց է առաջանում՝ լուրջ, իսկ դու ո՞վ ես։ Այսօր դու բանակցային սեղանի շուրջը չես նստած, այսօր դու ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում, առանց քո մասնակցության։ Դու դադարել ես լինել բանակցային սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես»,- նշեց Քոչարյանը։ Նա կրկնեց, որ գործող իշխանությունը պետք է հեռանա. «Ծնկների վրա նստած՝ բանակցելը, ուղղակի հնարավոր չէ»։ Ներկայում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, Թուրքիայի նպատակը Սյունիքով միջանցք ստանալն է։

«Մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք»

Հարց հնչեց, թե ինչ է կարծում Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարի մասին։ Երկրորդ նախագահը չկարողացավ հստակ պատասխանել՝ պատճառաբանելով, որ պետք է վերլուծել ու հասկանալ, թե մեր անկախությունը ինչքանով է վտանգված։ Քոչարյանը հիշեցրեց, որ երբ ինքը նախագահ էր, սկսվել էր Բելառուս-Ռուսաստան միութենական պետություն ստեղծելու գործընթացը, և ինքն այդ ժամանակ նման ճանապարհով գնալու մասին չէր մտածում։ Ամեն դեպքում, կարծիք հայտնեց, որ այդ հարցի շուրջ պետք է առանձին քննարկում կազմակերպել։

«Անվտանգության տեսանկյունից, իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք։ Ըստ էության, ՀԱՊԿ-ը մեզ ոչ թե չպաշտպանեց, փաստացի Ադրեբջանը ՀԱՊԿ-ի բոլոր անդամների հետ ունի ավելի լավ հարաբերություններ, քան մեր երկրի։ Ռուսաստանն այստեղ առանձին է կանգնած»,- նշեց Քոչարյանը։

ԶՊՄԿ-ի գործարքի մասին

Տե՛ս այստեղ։

«Ադրբեջանը այդ շենքում խնայում էր որոշ մարդկանց»

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Ջեբրաիլից մինչև Շուշի բնագիծ չի կառուցվել։

«Որևէ խրամատ չի կառուցվել։ Ես բացատրությունը չունեմ, թե ինչու։ Հարցրել եմ տարբեր զինվորականների։ Այս ամենը, որ համադրում ես, տեսնում ես՝ կամ ուղղակի եղել է ապուշության գագաթնակետը, կամ ուղղակի եղել է դավաճանություն։ Այս պայմանում եղել է տարածված մի թեզ, որ Ալիևը եթե Շուշին չվերցնի, չի կանգնի։ Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքը վերցնելու ամբողջ այդ մարշրուտը կամ բացում էին, եթե չէին էլ բացում, ապա չէին փակում։ Այո, այստեղ եղել է միտումնավորություն»,- նշեց նա։

Նա հիշեցրեց իր պնդումներից մեկը, որ Ստեփանակերտում նախագահական շենքը չի տուժել. «Ձեր մոտ հարց չի առաջանում, թե այս ում էին խնայում։ Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու այդ քանակով մեր շարասյունները օդից ուղղակի ոչնչացնում էին դեռ դիրքերը չհասած։ Այսպիսի սիստեմի վերածված գործողություններ ինձ մոտ հարցեր են առաջացնում։ Ես չեմ կարծում, որ նրանք խնայում էին Արայիկ Հարությունյանին։ Նա հայտարարել էր, թե Գյանջայի հրետակոծությունը իր հրամանով է եղել, բայց ես կարծում եմ, որ այդ շենքում ամբողջ պատերազմի ընթացքում եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը»,- նշեց նա։

«Մեր նպատակը իշխանափոխությունն է»

«Հայաստան» դաշինքը ծավալելու է նաև փողոցային պայքար, սակայն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ամեն ինչ պետք է հասունացնել։

«Դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավման։ Երբ ասում են՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսից հետո դուրս է գալու փողոց ու հայտարարի, թե մեկ ժամից հավաքվում ենք պայքարի համար։ Սա պրոցես է, որ պետք է գեներացնենք։ Եթե չկարողանանք, նշանակում է, որ ճիշտ բառապաշարը չենք գտել, կամ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է։ Մեր նպատակը իշխանափոխությունն է»,- հայտնեց նա։

Ըստ նրա՝ պետք է աշխատել ու «ճշմարտությունը հասցնել ժողովրդին, երբեք նրանցի չհիասթափվելով»։

«Մենք մեր մեղքի բաժինը այստեղ ևս պետք է տեսնենք, միգուցե բավական ծավալով չենք զրուցել ժողովրդի հետ»,- նշեց նա։

Հարց եղավ, թե որ ուժերի հետ է համագործակցելու «Հայաստան» դաշինքը։ Ըստ Քոչարյանի, եթե օրինակ հասարակության 20 տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար, ապա «ոչ մի իշխանություն չի դիմանա»։

«Խոսքը գնում է զանգվածային պայքարի մասին, եթե չհաջողվի հասնել այդ նպատակին, ապա այո, չենք հաջողել։ 400 հազար մարդ համարում են այս իշխանությանը դավաճան, կապիտուլյանտ, համոզված եմ, որ թիվը մեծ է։ Պետք է փորձենք ակտիվացնել առաջին հերթին այդ զանգվածը, պետք է փորձենք համոզել մյուսներին, որոնք ձայն են տվել այս իշխանությանը, որ իրենք սխալվել են։ Առաջին հերթին պահանջը լինելու է իշխանափոխությունը, այս երկրի չարիքն այստեղ է գտնվում։ Համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք նմանատիպ նպատակ են հանդիպում, որոնք համարում են իշխանությանը դավաճան, հողատու և այլն։ Կբացառեի միայն այն ուժերին, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ»,- ամփոփեց երկրորդ նախագահը։

«Սա միշտ լինելու է մեկ դարպասի խաղ և այդ դարպասը քոնն է». Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Թուքիայի հետ հարաբերություններում «մենք լինելու ենք խնդրողի ու աղաչողի դերում»։ Նա ասաց, որ երբեք այդպես չի եղել, ժամանակին իր իշխանության օրոք թուրքական կողմն էր խնդրողի դերում, իսկ հիմա՝ ոչ։

«Սա միշտ լինելու է մեկ դարպասի խաղ, և այդ դարպասը քոնն է լինելու, միշտ։ Եթե դա մեր իշխանությանը պետք է զուտ իշխանությունը պահելու համար, ես դա հասկանում եմ, չեմ ընդունում, բայց տրամաբանությունը հասկանում եմ։ Այսպես պետական շահեր չեն պաշտպանում»,- ընդգծեց նա։

Խոսելով խորհրդարանական պայքարի մասին՝ Քոչարյանն ասաց, որ «պետք է հասկանալ՝ խորհրդարանը ռինգ չէ»։ Նա նաև դրական գնահատեց «Հայաստան» խմբակցության գործունեությունը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել