Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Հաղորդագրության մեջ նշվում է.

«Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ՌԴ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները` դրանց վկայությունը համարելով նաև այն, որ ՀՀ ԱԺ նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ռուսաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շնորհավորանքներ է փոխանցել ռուս ժողովրդին վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ:

Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տևական խաղաղության հաստատմանը և դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի շեշտադրվել է խորհրդարանների դերի մասին երկկողմ փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:

Երկուստեք կարևորվել է նաև արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»: