«Ազատություն Միշային»․ Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ցույց են արել բանտի դիմաց

Միխեիլ Սաակաշվիլի հարյուրավոր աջակիցներ հավաքվել են Ռուսթավիի (Թբիլիսիից 20 կմ հարավ է գտնվում) 12-րդ բանտի դիմաց, որտեղ պահվում է Վրաստանի նախկին նախագահը, և պահանջում են ազատ արձակել նրան։

Երկուշաբթի լրանում է երրորդ օրն այն պահից, երբ Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվեց Վրաստան՝ իր այդքան շատ սպասված ժամանումից հետո։ Վրաստան նրա ժամանման մանրամասները դեռ անհայտ են։

Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիին ձերբակալեցին հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ մեկ օր առաջ մունիցիպալ ընտրություններից, որոնք նշանավորվեցին նախկին նախագահի «Միացյալ ազգային շարժում» և իշխող «Վրացական երազանք» կուսակցության միջև բարձր բևեռացվածությամբ։

Այս վերջին քվեարկությամբ «Վրացական երազանք» կուսակցությունն իր համար ևս մեկ հաղթանակ ապահովեց, թեև խոշոր քաղաքներում, այդ թվում Թբիլիսիում, երկրորդ փուլ է սպասվում։

Լուսանկարում՝ Խաթիա Դեկանոիձեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, որը Քութաիսիի քաղաքապետի ընտրապայքարում փոքր առավելությամբ առաջ է անցել «Վրացական երազանքի» թեկնածու Իոսեբի Խախալիեշվիլիից և խոստացել է պայքարել երկրորդ փուլում։ Լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլիի/OC Media

Իշխանությունը չարաշահելու մեղադրանքով Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է մի քանի հոդվածով, այդ թվում իր քաղաքական հակառակորդ Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում պատվիրելու և 2006-ին Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ ներգրավված իրավապահներին ներում շնորհելու ապօրինի խոստում տալու համար։

Չնայած դատավճիռներին՝ Սաակաշվիլիին առ այսօր հաջողվել է խուսափել արդարադատությունից Վրաստանում, քանզի որևէ երկիր, ուր նա վերջին տարիներին այցելել է կամ բնակվել, չի համաձայնել արտահանձնել նրան։ Կառավարության քննադատները կասկածի տակ են դրել այն, թե արդյոք «Վրացական երազանքը» լիովին հետևողական է եղել Վրաստանում Սաակաշվիլիին քրեական պատասխանատվության ենթարկելու իր բարձրաձայնած ցանկության մեջ:

Սաակաշվիլիի՝ Վրաստան ժամանելուց հետո իշխանությունները նրա քրեական մեղադրանքների ցուցակին ավելացրել են ևս մեկը՝ սահմանի անօրինական հատում։

Սեպտեմբերի 4-ին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի վերջում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կեսկատակ սպառնացել է ավելի շատ «հոդվածներ», քրեական մեղադրանքներ ներկայացնել Սաակաշվիլիին, եթե նա իրեն «լավ չպահի»:

Ձերբակալությունից հետո Սաակաշվիլին մնացել է անդրդվելի և Նիկա Մելիային, որը նրան փոխարինել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնում և այժմ քաղաքապետի թեկնածու է, բաց նամակով կոչ է արել քվեարկության երկրորդ փուլում «մշտական և շատ ավելի ուժգին հարձակում» իրականացնել «Վրացական երազանքի» դեմ:

«Որքան էլ նրանք փորձեն, միևնույն է, երբեք չեն կարողանալու իմ և նրա միջև առճակատում հրահրել»,- բողոքի ցույցին ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան: Լուսանկարը` Թաթա Շոշիաշվիլիի/OC Media

Վրաց-ուկրաինական ըմբռնո՞ւմ

Սաակաշվիլիի ներկայացուցիչները, ինչպես նաև հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հայտնել են, որ նա հացադուլ է սկսել որպես բողոք իր կալանքի դեմ և հանդիպում է պահանջել Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսի հետ:

Ներկայում Վրաստանի երրորդ նախագահն ունի միայն ուկրաինական քաղաքացիություն և 2020-ի սկզբից ղեկավարում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհուրդը:

Հոկտեմբերի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե Վրաստանում այսօր «չկա որևէ պաշտոնյա», որը կհամաձայնի Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատել, անկախ նրանից, թե ով կարող է դիմել նրան ազատ արձակելու համար:

Միևնույն ժամանակ, վարչապետը ողջունել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, որում վերջինս բացառել է Սաակաշվիլիին ներում շնորհելը:

«Իմեդի» հեռուստաընկերությանը կիրակի տված նույն հարցազրույցում Ղարիբաշվիլին գովասանքի խոսքեր է ասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Դենիս Շմիգալի հետ իր հարաբերությունների մասին՝ որպես ապացույց վկայակոչելով Սաակաշվիլիի իշխանության ժամանակ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած Մեգիս Կարդավայի արտահանձնումը Ուկրաինայից Վրաստան սեպտեմբերի 17-ին։

«Օրինակ՝ Մեգիս Կարդավայի կամ Սաակաշվիլիի արտահանձնման դեպքը… ես բաց կթողնեմ մանրամասները»,- ասել էր Ղարիբաշվիլին «Իմեդի»-ին տված հարցազրույցում:

Հակառակ Սաակաշվիլիի կալանավորման հարցում երկու երկրների միջև փոխըմբռնման կամ համագործակցության վերաբերյալ Ղարիբաշվիլիի ակնարկներին, Ուկրաինայի իշխանությունները, առնվազն հրապարակավ, հասկացնել են տվել, որ դժգոհ են Վրաստանում Սաակաշվիլիի ձերբակալությունից։

Ղարիբաշվիլիի հարցազրույցից մի քանի ժամ առաջ նախագահ Զելենսկին պնդել էր, որ ձգտում է Սաակաշվիլիին վերադարձնել Ուկրաինա։ Նա նշել է, որ ինքը տեղյակ չի եղել նրա Վրաստան մեկնելու մասին:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանի արտգործնախարարությունը Թեյմուրազ Շարաշենիձեին ազատել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանի պաշտոնից, նրան փոխարինել է Գիորգի Զաքարաշվիլին։

Շարաշենիձեն Ուկրաինա է վերադարձել ապրիլին՝ 2020-ի մայիսից գրեթե մեկ տարի անց, երբ Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի նախագահի պաշտոնում Սաակաշվիլիի նշանակվելուց հետո նրան խորհրդակցությունների նպատակով հետ կանչեցին։

Միջազգային արձագանքներ

Վրաստանի նախկին նախագահի ձերբակալության վերաբերյալ միջազգային արձագանքները մինչ այժմ համեմատաբար զուսպ են եղել։

Ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 2-ին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուշադիր հետևելու են Սաակաշվիլիի գործին:

«Պարոն Սաակաշվիլիի գործը փորձություն կլինի վրացական դատական համակարգի համար, և մենք հետևելու ենք՝ տեսնելու, թե արդյոք գործը կքննվի անկողմնակալ և Վրաստանի օրենսդրությանն ու Վրաստանի՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասաց նա:

Կիրակի Եվրոպական խորհրդարանի «Պահպանողականների և բարեփոխիչների եվրոպական խումբ» խմբակցությունը (ECR) բարձր է գնահատել Սաակաշվիլիի նախագահության օրոք ունեցած ժողովրդավարական գործունեությունը և նրան առաջադրված մեղադրանքներն անվանել «անհիմն»՝ պահանջելով վերացնել դրանք:

«Պահպանողականների և բարեփոխիչների եվրոպական խումբը» Եվրոպական խորհրդարանի վեցերորդ ամենամեծ խմբակցությունն է և ներառում է Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք փոքր կուսակցություններ:

«Քաղաքական գործիչները պետք է ազատ քննարկեն խնդիրները, այլ ոչ թե բանտից նամակներ ուղարկեն»,- ասվում է խմբակցության տարածած հայտարարությունում։

Հոդվածը թարգմանված է
OC MEDIA կայքից։

‘Freedom to Misha!’ protesters rally outside Rustavi prison