Հայաստանի սահմանների մասին Փաշինյանի հայտարարությունները կրկին քննարկվեցին ԱԺ-ում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները հոկտեմբերի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին հարցեր ուղղեցին ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերբերյալ՝ հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունները, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010-ի ընդունված այդ օրենքով։

«Դուք այս տեսակետի կո՞ղմ եք, թե՞ ինքներդ եք համարում, որ այդ օրենքով չէր կարող Հայաստանի պետական սահմանի հարց քննարկվել»,- հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ինչին ի պատասխան Տերտերյանն ասաց, որ 1996-ից ակտիվ աշխատում է այս ոլորտում և ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում չի լսել որևէ հիմնավորում, թե սահմանները որոշվում են այդ օրենքով։

Մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանը հավելեց, որ նման հայտարարություն հնչել է Ազգային ժողովում։

Վաչե Տերտերյանը կրկնեց, որ մինչ այս պահը որևէ մեկից չի հնչել հայտարարություն, թե Հայաստանի արտաքին սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

Արծվիկ Մինասյանն էլ արձանագրեց, որ այդ օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ինքն էլ է կողմ քվեարկել առանձին դրվագներում, ինչպես նաև կողմ է քվեարկել այդ ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս իր հրապարակային ելույթներում անդրադարձել է այդ օրենքին, օրինակ՝ 2021-ի ապրիլի 17-ին Վայոց Ձորում նա ասել է. «Իսկ թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության սահմանները, այդ նկարագրությունը դեռևս տրվել է 2010-ին Հայաստանում ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով», իսկ ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ նա ընդգծել էր. «Այդ սահմանները Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է և տեղորոշել է – արդեն դրա մասին բազմիցս խոսել եմ – «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով՝ ընդունված 2010 թվականի մայիսի 24-ին, որտեղ վարչական սահմաններն են գծվել: Հիմա, այդ օրենքի հավելվածից ի՞նչ ենք կարդում, ի՞նչ են սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը»:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել