Սերժ Սարգսյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Պատասխանում մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպնության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են: «Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար:

Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան: Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»:

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հեռակա բանավեճը ծավալվեց այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց, թե Ալիևն ու նրա հայրը պարտվել են Հայաստանի նախորդ երեք նախագահներին։ Այնուհետև Մատաղիսում Ալիևը Սարգսյանին անվանեց «դասալիք» և հայտարարեց, որ 2020-ի պատերազմի ժամանակ «երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն հասնում է, վախկոտ դասալիքի պես փախավ այնտեղից (Ստեփանակերտից-խմբ.)»։

Մեկնաբանել