Կառավարությունը քննարկում է լուծումներ վթարային շենքերի համար

Եկամտահարկի վերադարձի ծրագրի փոփոխությանը զուգահեռ կառավարությունը քննարկում է այլընտրանքային սոցիալական ծրագիր։ Այս մասին հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հարցի։

Կառավարությունը օգոստոսի 12-ին ընդունեց նախագիծ՝ առաջարկելով փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը։

Գործադիրն առաջարկում է եկամտահարկի վերադարձի արտոնությունը ​​2022-ի հուլիսի 1-ից դադարեցնել Երևանի առաջին գոտում նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023-ի հունվարի 1-ից՝ Երևանի երկորրդ գոտում, հուլիսից Երևանի երրորդ գոտում, իսկ 2025-ին՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ։

Խորհրդարանում Հակոբյանը ֆինանսների նախարարի տեղակալից հետաքրքրվեց, թե արդյոք նախատեսվում է այս ծրագիրը փոխարինել մեկ այլ սոցիալական ծրագրով։ Արմեն Պողոսյանը հայտնեց, որ ներկայում քննարկում են այլընտրանքային լուծումներ. «Գաղափարը հետևյալն է՝ մեկնարկել Երևանի վթարայնության բարձր աստիճան ունեցող ու ծայրամասերում գտնվող շենքերի նորացման ծրագիր, այն տրամաբանությամբ, որ բնակիչներին հնարավորություն տրվի բնակմակերեսներ ձեռք բերել տվյալ վթարային շենքի տեղում կառուցվելիք նոր բազմաբնակարան բնակելի շենքում։ Պետք է միաժամանակ այնպես անել, որ որ այդ կառուցապատման ծրագրերը լինեն գրավիչ տնտեսվարողների համար»,- ասաց փոխնախարարը։

Բացի այդ, պատգամավորը Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ այս փոփոխությունը հանգեցնի ոչ թե տարածքային համաչափ զարգացման, այլ Երևանի հարակից համայնքներում լայնածավալ շինարարության։

«Անգամ եթե այդպիսի սցենար ունենանք, ապա դա պետք է համարել ժամանակավոր հաջողություն՝ ակնկալելով, որ բնակարաշինական ծրագրերը կտեղափոխվեն հեռավոր մարզեր։ Երևանում այս խիտ կառուցապատման համակարգը բոլորիս մտահոգվելու առիթ է տալիս։ Ամեն դեպքում, դա եղած վիճակից ավելի նախընտրելի վիճակ կստեղծի»,- ասաց Պողոսյանը։

Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ վերջին 6 տարվա ընթացքում շուրջ 9 500 հիպոտեկային վարկեր են տրամադրվել եկամտահարկի վերադարձի շրջանակներում։

Նախագծի վերաբերյալ ելույթների շրջանակում Վահե Հակոբյանը առաջարկեց ծրագիրը թողնել գործող տրամաբանությամբ Երևանի 3-6-րդ գոտիների համար։

«Սա կտրուկ փոփոխություն է։ Մեղմ ասած՝ ճիշտ չէ դա անել, երբ չունենք մարզերի համար զարգացման ծրագիր։ Եկեք ոչ թե կտրուկ հանենք, այլ շեմը իջեցնենք։ Սա բերելու է հարակից խնդիրների և Երևանի հարակից գյուղերում ձևավորվելու են քաղաքներ»,- ասաց նա։

Այս նախագծի նպատակն է հանրային միջոցների ավելի արդյունավետ բաշխումը, շեշտեց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Եթե մենք պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ենք այս տոկոսները, որոնք գալիս են ու նպաստում նրան, որ շինարարությունը կենտրոնանա Երևանում, ապա սա ամենահարմար ու ճիշտ տարբերակը չէ»,- նշեց պատգամավորը։

Գևորգ Թոսունյան