Ո՞ւր հասած կլինի Հայաստանը 2187 թվականին

մայր հայաստան

Աշխարհը կանանց ու տղամարդկանց լիակատար հավասարության կհասնի 170 տարի անց: Սա Համաշխարհային տնտեսական ֆորումի 2017 թվականի կանխատեսումն է: Տեսնես Հայաստանը 2187 թվականին ու՞ր հասած կլինի:

Թիֆլիս, 1903 թվական: Քաղաքի սանիտարական բժիշկը գրում է. «Աղջիկը իր ամբողջ կեանքում ուրիշի կամքով է շարժվում. – նախ ծնողների, յետոյ դպրոցի ու շրջավայրի։ … Եւ քանի մեծանում է նա, այնքան աւելի սեղմվում է նրա ազատութիւնը, և 14 տարեկանից վեր նրան արդէն արգելուած է մենակ դուրս գալ տանից, ամեն մի քայլի համար բացատրութիւն են պահանջում նրանից և ամեն մի շարժում կշտամբում» (Վահան Արծրունի (1903) Աղջիկ: Առողջապահական եւ բարոյագիտական ետիւդ. Թիֆլիս: տպ. Վրաց. Հրատ. Ընկ.):

Երևան, 2016 թվական: ԵՊՀ-ի հետազոտողները արձանագրում են. «Ընդհանուր առմամբ ծնողների կարծիքով դեռահաս աղջկա նկատմամբ պետք է ավելի խիստ լինել, քան տղայի, քանի որ աղջիկների կողմից «ճանապարհից շեղվելը» կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրանց ապագայի վրա» (Կանանց ռեսուրսային կենտրոն (2016) Ծնողների դիրքորոշումները դեռահասների Սեռական զարգացման վերաբերյալ. Հետազոտության արդյունքներ):

Թիֆլիս, 1903 թվական: Նորից քաղաքի սանիտարական բժշկի, հետագայում հայտնի դոկտոր պրոֆեսոր Վահան Արծրունու առողջապահական և բարոյագիտական էտյուդից մի մեջբերում. «Երկար տարիների դիտումներն ու ուսումնասիրութիւնները ինձ համոզեցին, որ մեր ազգի պրօգրէսսիվ վատասերման և օտարացման մէջ հայ աղջկայ կրթութեան ու դաստիարակութեան սխալանքները առաջնակարգ դեր են խաղում» (Վահան Արծրունի (1903) Աղջիկ: Առողջապահական եւ բարոյագիտական ետիւդ. Թիֆլիս: տպ. Վրաց. Հրատ. Ընկ.):

Երևան, 2021 թվական: Վահան Արծրունու աշխատության պատառիկները այն ահռելի ու անգնահատելի աշխատանքի մի չնչին մասն են, որը վերջին վեց ամիսներին արխիվային աշխատանքների ու առաջնային աղբյուրների ուսումնասիրության արդյունքում ի մի է բերել «Պարադիգմա» կրթական հիմնադրամը: Նպատակն է միջին ու ավագ դպրոցում սովորողների համար փոխել պատմության դասավանդման հարացույցը: Ի թիվս այլ խնդիրների` այս նախագիծը փորձում է պատմության հայկական ընկալումը հարստացնել դեռևս չգրված կամ չուսումնասիրված աղբյուրային նյութերի համակարգված մատուցմամբ, որտեղ կներառվեն կանանց պատմությունները:

Սովորողը հնարավորություն կստանա ուսումնասիրել սոցիալական տարբեր շերտերի՝ այդ թվում կանանց կյանքն ու կենցաղը, ինքնուրույն փնտրել պատճառահետևանքային կապեր, աղբյուրային նյութերի հիման վրա կազմել փաստարկներ ու անել դատողություններ, հասկանալ պատմական հեռանկարն ու անհատին դիտարկել այդ հեռանկարի շարունակականության կամ փոփոխության մեջ: Սովորողն անկախ սեռից պատրաստի մատուցված ու այլ խելացի այրերի կողմից գրված, երբեմն դժվարամարս պատմության դասագրքի փոխարեն, ինքնուրույն կկառուցի իր պատմությունը՝ գործադրելով այդ գիտությանը ծանոթ մեթոդները:

Երևան, 2016 թվական: Համաշխարհային բանկը ներկայացրեց Հայաստանի դպրոցներում կիրառվող դասագրքերի ուսումնասիրությունը: Պարզ դարձավ, որ դասագրքերում կին կերպարների ներկայացվածությունը սահմանափակ է և ամրապնդում է գենդերային կարծրատիպերը: Հասարակագիտական բնագավարի դասագրքերում հանդիպած կերպարների 82,4%-ը տղամարդիկ են, իսկ հայ գրականության դասագրքերում` 80,5%-ը: Կանայք ներկայանում են «որպես պասիվ, հնազանդ և տղամարդկանցից կախված»: Նրանց առաջնային դերը համարվում է մոր դերը: Նույնիսկ, երբ վերջիններս ներկայանում են իրենց մասնագիտական դերերում, ապա դրանք մեծապես սահմանափակված են ուսուցչի կամ բուժքրոջ կերպարով:

Երևան, 2021 թվական: Եթե ձեռքի տակ թուղթ ունեք, ապա վերցրեք, եթե ոչ՝ մտովի նկարեք արև: Իհարկե դեղին, միգուցե նարնջագույն կամ երբեմն վառ կարմիր երանգ ունի ձեր արևը: Եթե նկարիչ կամ երեխա չեք, բայց նկարել եք սև արև, ապա ձեզ կարող են խորհուրդ տալ հոգեբանի մոտ ժամադրություն խնդրել: Եթե մի պահ պատկերացնենք, որ արևը ունի կամք, և երբեմն կցանկանար սև լինել, ապա մեր պատկերացումներում դրա անհնարինությունը նրան թույլ չէր տա նման բան անել: Իսկ տեսնես քանի՞ կին կա, որ գիտությունների ակադեմիայի նախագահ, աստղաֆիզիկոս, տիեզերագնաց, երկրի նախագահ ու վիրաբույժ է ուզում դառնալ: Իսկ մենք պատկերացնո՞ւմ ենք, թե սև արևի նման այս ամենը որպես օքսիմորոն միգուցե դատապարտել ենք գոյության միայն գիտաֆանտաստիկ գրականության մեջ կամ մեր ցնորքներում: Պատահական չէ, որ առաջին կին-ինժեները, բժիշկը, ճարտարապետը ցնորքին մոտ սխրանքի գնով է իր երազանքին հասել:

Ալեքսանդրիա, 1903 թվական: «Արտեմիս» գրական հանդեսի խմբագիրը գրում է. «Ըսած ենք ուրիշ առթիւ թէ կնոջ համար ստեղծուած էր սա՛ տխուր վիճակը. «ծնիլ, ամուսնանալ, զաւակներ ծնիլ իր կարգին, տան սպասուհին մնալ, և մեռնիլ անասունի պէս, բոյսի պէս, խոտի պէս, աննշան անցնելով աշխարհի վրայէն, առանց որոշ գործունէութեան, առանց նպատակի, առանց ձգտում, առանց իտէալի…» (Մառի Պեյլերյան):

Երևան, 2019 թվական: Կովկասյան բարոմետրը փաստում է, որ հայ հասարակության կեսից ավելին տղամարդուն է համարում ընտանիքի կերակրողը: Երբ խոսքը վերաբերում է ընտանիքը կերակրողի սոցիալական նորմին՝ այսինքն առկա սպասմանը, ապա հարցվածների 60 տոկոսը միանշանակ սպասում ունի, որ հացը վաստակողը տղամարդը պիտի լինի: Մնացած 40 տոկոսը նշում է, որ այդ գործառույթին պիտի մասնակցեն երկուսն էլ: Ամենակարևորը սոցիալական նորմի տեսանկյունից՝ 116 տարի անց Հայաստանում թերևս ոչ ոք չի համարում, որ կինը պիտի ընտանիքը կերակրողը լինի: Նման կինը Հայաստանում դեռևս օքսիմորոն է՝ գրական կերպար, ցնորք, ապագայի աղոտ տեսիլք: Երկրի նախագահ դառնալու մասին անգամ խոսք լինել չի կարող:

Սանտիագո, 2013 թվական: Միշել Բաչելեն դեկտեմբերի 13-ին իրականացված ազատ և արդար ընտությունների արդյունքում երկրորդ անգամ ընտրվեց երկրի նախագահ: Երկրում դիկտատուրայի տապալումից հետո առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնում ընտրված անձը այդքան մեծ թվով ձայներ է հավաքել: Ընտրությանը մասնակցածների 62 տոկոսը ձայնը տվել է տիկին Բաչելեին: Նորընտիր նախագահը պարտավորվել է առաջին հարյուր օրերի ընթացքում 50 բարեփոխում կյանքի կոչել: Հրապարակում հավաքվածներին նա խոստացել է նոր դարաշրջանի մեկնարկ, որը կնշմարվի խորքային փոխակերպումներով:

Բեռլին, 2021 թվական: Գերմանիայի պատմության մեջ առաջին կին ղեկավարը այս տարի կհեռանա Դաշնային Հանրապետության ղեկավարի պաշտոնում 16 տարի կառավարելուց հետո: Մինչ պատմությունը կկարողանա ավելի լավ գնահատական տալ այս ղեկավարի կառավարման շրջանին, ժամանակակիցներն արդեն իսկ Մերկելին համարում են ճգնաժամ կառավարող առաջնորդ, որը կարող է դժվար ու ոչ ամբոխահաճո որոշումներ կայացնել: Նա վստահաբար կհիշվի ֆինանսական (eurozone crisis), փախստականների ու համավարակի ճգնաժամերի ընթացքում առանցքային դերի համար: Իսկ երկու հազարականներին ծնվածների մի ողջ սերնդի համար, որոնց մի մասն արդեն չափահաս է դարձել, երկրի կին ղեկավար ունենալը դեղին արևի նման մի պարզ ու առօրեական բան է:

Երևան, 2030 թվական: Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի 12-րդ դասարանի պատմության ուսուցչուհի. «Անահիտ, ձեր խումբը ավարտե՞լ է բոլշևիկյան ղեկավարության՝ կանանց ազատագրման վերաբերյալ ունեցած գաղափարական պատկերացումների և դրա համար իրականացված քայլերի համապատասխանության կորպուսի կառուցումը» (Mentis corpus դեռևս չսահմանված, բայց մտքի հիմնական գործողությունների արդյունքում գոյացած անցյալի ու ձևավորվող տեքստերի մտային կառուցվածքի մեքենայական վերլուծության արդյունքում գոյացած մտաքարտեզներ): Համակարգչից արտածելով պատին պատասխանում է. «Այո, տիկին Մատինյան «ինչու՞, ինչպե՞սի» ռազմավարությունները կիրառել ենք, արդեն բավարար սկզբնաղբյուր ենք կուտակել, որ կարողանանք հաշվել, թե քանի տարի հետո կինն ու տղամարդը բոլոր ոլորտներում կհասնեին հավասարության, եթե այդ քաղաքականությունը շարունակվեր»:

Երևան, 2187 թվական: Ձեռքի տակ թուղթ ունե՞ք: Նկարագրեք այդ տարին: Նախագահը ո՞վ կլինի՝ կի՞ն է, թե՞ տղամարդ: Կանանց ու տղամարդկանց աշխատավարձի ճեղքվածքն էլի 33 տոկո՞ս է, թե՞ կրճատվել է: Դպրոցում էլի մեծսպես կի՞ն ուսուցիչներ են: Կին ձեռներեցի անուն տալիս մինչև տասը հաշվելը բավարա՞ր է, թե՞ հավերժություն է պահանջում: Գնամ «Ապրել եմ ուզում[1]», գնամ կարդամ էլի: