Բառակռիվ Իրանի ու Ադրբեջանի միջև․ Խամենեի քողարկված սպառնալիքները Բաքվին

Վերջին օրերին Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կտրուկ աճել է։ Իրանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանի սահմանի մոտ, իսկ Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հյուսիսային հարևանին նուրբ քողարկված սպառնալիքներ է ուղղում։

«Նրանք, ովքեր փոս են փորում իրենց եղբոր համար, առաջինն իրենք են ընկնում դրա մեջ»,- հոկտեմբերի 3-ին Թվիթերում գրել է Խամենեին՝ մեկնաբանելով «Իրանի հյուսիսարևմտյան հարևաններին վերաբերող հարցերը»:

Նախօրեին էլ՝ զորավարժությունների մեկնարկին զուգահեռ, Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը տեղական մի լրատվական ալիքի ասել Էր, թե Ադրբեջանի որոշ մասերում «սիոնիստներ» են նկատվել՝ «իրանա-ադրբեջանական սահմանին մոտենալու ահաբեկչական խմբերի անհաջող փորձերի» ժամանակ:

Հոկտեմբերի 4-ին Ալիևը պատասխանեց Թեհրանից հնչող հայտարարություններին։

«Վերջերս, երբ իրանական որոշ գավառական մոլլաներ բացեցին իրենց բերանը և զրպարտություն սարքեցին Ադրբեջանի դեմ, Բաքուն ուշադրություն չդարձրեց դրան,- Ջեբրաիլի շրջան կատարած այցի ժամանակ ասել է Ալիևը:- Թող աչքերը բացեն ու տեսնեն՝ որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին այստեղ»։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը մեզ անհիմն զրպարտի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի իշխանությունները փակել են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցիչ Օջաղ Նեկատի գրասենյակը Բաքվում՝ իբր COVID-19-ի անվտանգության նկատառումներով։

Երկու երկրների հարաբերություններում լարվածությունը սրվել է այն պահից, երբ Ադրբեջանը սկսեց կանգնեցնել և մաքսավճարներ գանձել իրանական բեռնատարներից, որոնք անցնում են Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածներով:

Ադրբեջանն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-ադրբեջանական միջազգայնորեն ճանաչված սահմանը հատող մոտ 20 կմ ճանապարհը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։

Բաքվում գտնվող «Քաղաքական վերլուծության կովկասյան կենտրոնի» տնօրեն Ահմադ Ալիլին OC Media-ին ասել է, որ վերջին շրջանի բառակռիվը հազիվ թե վերածվի իրական ռազմական առճակատման:

«Իրանը քաջ գիտակցում է, որ Ադրբեջանի հետ ցանկացած ռազմական առճակատում կարող է հանգեցնել Իսրայելի, Արևմուտքի և Միացյալ Նահանգների դաշինքի ձևավորմանը,- ասել է Ալիլին:- Ես չեմ կարծում, որ Իրանը պատրաստ է նման ռիսկի»:

Այնուամենայնիվ, ըստ նրա, Ադրբեջանի ու Իրանի միջև բախումները լրատվամիջոցներում կշարունակվեն։ Դա, Ալիլիի խոսքով, հատկապես կարևոր է, քանի որ վերջին ժամանակներս գնալով սրվում է 81-ամյա Խամենեիի ժառանգորդի հարցը, որը նրան կփոխարինի հոգևոր առաջնորդի և երկրի ղեկավարի դերում։

Հոդվածի բնօրինակը OC Media կայքում՝ Military exercises and a war of words between Iran and Azerbaijan

Մեկնաբանել