Ուսուցիչը պետք է կրթի, բայց նաև՝ կրթվի

Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի տոնը։ Այս առթիվ «Կրթության տապան» հաղորդման հեղինակ Արամ Փախչանյանը զրուցել է գերմաներենի ուսուցչուհի Անուշ Լալայանի հետ։ Զրույցի տեքստային տարբերակը՝ ստորև։

Խրատելու ցանկությո՞ւնն է, որ մարդկանց բերում է դեպի ուսուցչություն։ Ի՞նչն է այն կարևորագույն բաղադրիչը, մղումը կամ միտումը, որ մարդուն դարձնում է ուսուցիչ։

Ոմանք իսկապես ուսուցիչ են դառնում այդ մեծ իշխանությունը ունենալու համար, և դա վատ չէ, գրավիչ է այդ իշխանությունը, երբ դու կարողանում ես կարևոր խորհուրդ տալ, այդ խորհուրդը ճիշտ է և ընկալվում է նաև դիմացինի կողմից որպես ճիշտ խրատ, խորհուրդ, որը կարող է կիրառել իր կյանքում։ Բայց սրա մյուս կողմն էլ կա․ ինչպե՞ս անել, որ խորհուրդը չդառնա հանկարծ քո կարծիքը ուրիշի վզին փաթաթել, որովհետև իրականում շատ դժվար է լինել ուսուցիչ և խորհուրդ չտալ, հետ պահել քեզ խորհուրդ տալուց։ Դա միշտ չէ, որ պետք է, և դա միշտ չէ, որ դիմացինի համար կարևոր և անհրաժեշտ է։

Ի՞նչն է դարձնում մարդուն ուսուցիչ։ Երևի ավելի շատ որևէ բան փոխելու ցանկությունը, աշխարհում մի բան ավելի լավը դարձնելու ցանկությունը, որևէ կերպ աշխարհի չարիքը հաղթահարելու ցանկությունը։ Գուցե մի քիչ ռոմանտիկ և պաթետիկ է թվում ասածս, բայց իրականում հենց դա է, որ մարդուն դարձնում է ուսուցիչ։

Ի՞նչն է դարձնում մարդուն ուսուցիչ։ Երևի ավելի շատ որևէ բան փոխելու ցանկությունը, աշխարհում մի բան ավելի լավը դարձնելու ցանկությունը, որևէ կերպ աշխարհի չարիքը հաղթահարելու ցանկությունը։

Ո՞րն է ուսուցչի գործունեության նպատակը, առաքելությունը՝ մեկ նախադասությամբ։

Այդ նախադասությունը ձևակերպելու համար նախ պետք է հասկանալ, և յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պետք է հասկանա, թե ինչի համար է ինքը աշխատում որպես ուսուցիչ։ Կարծում եմ, որ այս նախադասությունը ամեն ուսուցչի համար յուրահատուկ պետք է լինի։ Այս պահին դժվարանում եմ ասել այդ նախադասությունը և կասեմ, թե ինչու։ Որովհետև այս պահին ես՝ որպես ուսուցիչ, բավականին ծանր ընտրության առջև եմ։ Բոլորս գիտենք՝ մեր պետությունը բավականին ծանր իրավիճակում է, և այս իրավիճակում ամենուրեք բոլորը շեշտում են ուսուցչի դերը, սակայն ոչ ոք չի խոսում այն մասին, թե որքան դժվար է ուսուցչի համար հասկանալ իր դերը, և հասկանալ, թե ինչպես կարող է այդ ուսուցիչը իր գործունեությամբ բերել նրան, որ չկրկնվի այն ամենը, ինչ մենք ունենք այսօր։

Այս իրավիճակում ամենուրեք բոլորը շեշտում են ուսուցչի դերը, սակայն ոչ ոք չի խոսում այն մասին, թե որքան դժվար է ուսուցչի համար հասկանալ իր դերը։

Այո՛, մենք բոլորս հասկանում ենք, որ այն ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում շատ դեպքերում հենց վատ կրթության պատճառով, սակայն հարց է առաջանում, թե ինչպես պետք է ուսուցիչը դա անի։ Երևի սա կլինի այդ նախադասությունը՝ ինչպե՞ս պետք է ես հասնեմ ավելի լավ Հայաստանի։

Շատերն ասում են, որ անհնարին է ունենալ շատ լավ կրթություն տնտեսապես, սոցիալապես և մշակութային տեսանկյունից հետամնաց երկրում, որ երկրի կրթությունը իրականում չի կարող լինել շատ ավելի լավը, քան առկա տնտեսական, քաղաքական և մշակութային իրավիճակը երկրում։ Որքանո՞վ եք Դուք այս մտքի հետ համաձայն։ Որքանո՞վ է այս միտքը խաղաղ անցնում Ձեր ականջներով, մտնում սիրտը, ուղեղը և արդյո՞ք չի առաջացնում ըմբոստություն։

Երևի մի քիչ խիստ կհնչի պատասխանս, բայց բացարձակապես համաձայն չեմ։ 21-րդ դարում կրթության հնարավորությունները բավականին շատ են։ Այստեղ մենք ունենք այլ խնդիր։ Այո՛, պետք է կրթենք ավելի գիտակից, ավելի կիրթ հասարակություն, սակայն դա անհնար է անել, եթե ուսուցիչներն իրենք չկրթվեն։ Սրա հնարավորությունները շատ են։ Մենք ունենք կրթվելու իսկապես մեծ հնարավորություններ։ Կրթվել չի նշանակում միայն քո մասնագիտական կարողություններն ու հմտությունները բարելավել, կրթվել նշանակում է ամեն ինչից և բոլորից առաջ լինել։ Այն հասարակությունում, այն հանրությունում, որում դու ապրում ես, պետք է լինես իսկապես ամենակիրթ մարդը, պետք է փորձես լինել այդ մարդը։ Եթե ուսուցիչը դա չի փորձում անել, ինչպե՞ս կարող է նա դաստիարակել, սովորեցնել և ուսուցանել հասարակության մի ստվար զանգվածի, որը հետո պետք է դառնա այդ հանրության կորիզը։

Այո՛, պետք է կրթենք ավելի գիտակից, ավելի կիրթ հասարակություն, սակայն դա անհնար է անել, եթե ուսուցիչներն իրենք չկրթվեն։

Երեխային, երիտասարդին շրջապատում են տարբեր մարդիկ, որոնք այս կամ այն չափի ազդեցություն են ունենում իր վրա։ Երբ ուսուցիչը գիտակցում է, որ իր դասարանում նստած երեխայի կարողությունները, մտածելակերպը, աշխարհայացքը թելադրում է շատ հաճախ այս շրջակա իրողությունը, որն է այն ուսուցչի կողմից երեխայի վրա ազդեցություն ունենալու սահմանագիծը։ Արդյոք ունե՞նք իրավունք մեր ուսուցիչներին մատնանշել որպես մեր հանրությունում անկրթության տարածվածության, մտածելակերպի թերացումների, մտածելու նվազ կարողություններ ունեցող շատ մարդկանց առկայության մեջ։

Միանշանակ մեղադրել որևէ մեկին չենք կարող և դրա իրավունքը չունենք այն պարզ պատճառով, որ մասնավորապես Հայաստանում մենք իսկապես չունենք այն հնարավորությունները, որոնք հասանելի են ամբողջ աշխարհում։ Սակայն միևնույն ժամանակ, վերջին շրջանում հատկապես բավականին մեծացել է այդ հնարավությունների շրջանակը, որտեղ ուսուցիչը իր հարցերի պատասխանները կարող է գտնել։ Հնարավորություններ կան և՛ զարգանալու, և՛ սեփական հարցերի պատասխանները ստանալու։ Ինձ համար այդ սահմանագիծը մի բանաձև է, որը գործում է հետևյալ կերպ․ ես մոտենում եմ աշակերտին այնքան, ինչքան ինքն է թույլ տալիս, մի քիչ ավելի շատ է թույլ տալիս, ավելի շատ եմ փորձում մոտենալ, մի քիչ ավելի և այսպես շարունակ, այնքան մինչև կկարողանամ իր համար լինել այն օրինակը, որը իրեն ավելի մոտ կլինի, քան այն վնասակար օրինակները, որ կան իր շրջապատում։ Սակայն եթե աշակերտը թույլ չի տալիս, և ես փորձեմ, սա հակառակ ազդեցությունը կունենա։ Սա միանշանակ չի նշանակում, որ ես պետք է ներխուժեմ աշակերտի անձնական կյանք, ոչ մի դեպքում, երբեք։ Եվ սա հենց այն ձևն է երևի, որ թույլ է տալիս աշակերտին մոտենալ, երբ դու հասկացնում ես իրեն, որ ես չեմ փորձում քո անձնական կյանք ներխուժել, ես պարզապես փորձում եմ լինել քո կյանքի մի մասը, քեզ ցույց տալ այն, ինչ ես գիտեմ։ Եթե դա քեզ դուր չի գա, կարող ես հրաժարվել, կարող ես մի կողմ դնել, բայց եթե քեզ դա դուր գա, մենք կարող ենք շարունակել։

Ես մոտենում եմ աշակերտին այնքան, ինչքան ինքն է թույլ տալիս, մի քիչ ավելի շատ է թույլ տալիս, ավելի շատ եմ փորձում մոտենալ, մի քիչ ավելի և այսպես շարունակ, այնքան մինչև կկարողանամ իր համար լինել այն օրինակը, որը իրեն ավելի մոտ կլինի, քան այն վնասակար օրինակները, որ կան իր շրջապատում։

Մի խոսքով՝ ամենակարևոր բանալին, որ կա ուսուցչի ձեռքում, երեխայի հետ համագործակցելն է, դառնալ այն հակակշիռը, որ երեխան ստանում է այլոց կողմից, դրա փոխարեն լինել այն վստահելի ընկերը և աջակիցը, որը քանի որ համագործակցում է, նաև ի վիճակի է ներազդել մնացածի ազդեցությանը։ Երբ երեխան գալիս է դպրոց, գալիս է մի այլ աշխարհ, դպրոցը տարբերվում է այլ տեղերից, որտեղ երեխան գտնվում է իր կյանքի ընթացքում։ Լա՞վ է դա, թե՞ վատ։ Պիտի՞ դպրոցը լինի մի այլ աշխարհ, թե՞ դպրոցը պիտի լինի երեխայի համար սովորական տեղ, ինչպես տունն է, ինչպես տատիկի տունն է, ինչպես խանութն է և այլն։

Կարծում եմ, որ միանշանակ տարբերվում է և պետք է տարբերվի։ Այո՛, աստիճանաբար դպրոցը դառնում է աշակերտի հիմնական միջավայրը, այսինքն՝ այն տեղը, որտեղ ինքը իր ժամանակի մեծ մասն է անցկացնում, և դա դառնում է իր կյանքի մեծ մասը, բայց միևնույնն է, պետք է տարբերվի, որովհետ աշակերտը հստակ պետք է հասկանա տարբերությունը Ձեր նշած խանութի, տան և դպրոցի։ Որքան էլ որ մենք ասում ենք, որ դպրոցը այն միջավայրն է, որտեղ աշակերտը իրեն լավ է զգում, որտեղ իրեն զգում է էնպես, ինչպես սեփական ընտանիքում, խաղաղ է զգում, ազատ է զգում, այնուամենայնիվ սա այն միջավայրն է, որտեղ նա ձեռք է բերում այն ամենը, ինչ դեռ չունի, հետևաբար այս միջավայրը տարբերվելու է իր սովորական միջավայրից։ Եթե ընդհանրապես չի տարբերվում, էստեղ դպրոցը իսկապես մտածելու բան ունի։

Կարծո՞ւմ եք արդյոք, որ սա զգալի մասով կախված է ուսուցիչներից։

Միանշանակ կախված է, ամբողջությամբ կախված է ուսուցիչներից։ Այո՛, մեծ նշանակություն ունեն նաև դպրոցի վարչական աշխատակազմը, տնօրենը, նաև արտաքին ինչ-որ ազդեցություններ՝ ծնողների համայնքը, նախարարությունը, ինչ-որ կառույցներ, բայց միևնույնն է, դպրոցի միջավայրը ստեղծվում է ուսուցիչների միջոցով։ Եվ եթե ուսուցիչը ինքը չի զգում այդ տարբերությունը, չի զգում, որ դպրոցը այլ տեղ է, այլ վայր է, իսկապես միգուցե էլի ռոմանտիկ հնչի, բայց սուրբ վայր է, որտեղ իսկապես որոշ բաներ պետք է թողնել դրսում և մտնել դպրոց, եթե այս ամենը զգում ենք մենք, եթե այս ամենը բերում ենք մեզ հետ, այդ դրականը, այդ ճիշտը, այն, ինչ ուզում ենք փոխանցել, դպրոցը լինելու է իսկապես այն միջավայրը, որը հակառակ ուղղությամբ պիտի գնա, այսինքն՝ աշակերտը կկարողանա իր հետ տանել դուրս։

Եթե դպրոցը ընդհանրապես չի տարբերվում այլ միջավայրերից, այն իսկապես մտածելու բան ունի։ Դպրոցի միջավայրը ստեղծվում է ուսուցիչների միջոցով։

Դպրոցը մեր ցանկալի ապագայի իրականացումն է ներկայի մեջ, և մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի այդ ապագայի շունչը շատ ավելի ներկա լինի, մեր ցանկացած ապագան ավելի ներխուժի երեխայի կյանք այսօր, որ նա այդ երազանքը ունենա, այդ ձգտումը ունենա։ Եվ երևի թե այդ երազանքը, այդ ձգտումը փոխանցելու նպատակը ուսուցչի աշխատանքի համար մեկ նպատակը կարելի է կոչել այն երկրում, որը ուզում է դառնալ ավելի լավը։ Ո՞րն է ուսուցչի ամենամեծ երանությունը կամ երանության պահը։

Երանությունն ունի երկու շերտ։ Մեկը ուսուցչի փառասիրությանը վերաբերողն է, այսինքն՝ երբ իմ աշակերտը ունենում է հաջողություն, և ես՝ որպես ուսուցիչ, հասկանում եմ, որ ունեցել եմ իմ կարևոր ներդրումը։ Սա մի կողմն է, սակայն սա երանությունը չէ։ Իրական երանությունն այն է, երբ ուսուցիչը տեսնում է ընդհանուր սերնդի մեջ, որ այն, ինչին ձգտում էր, այն, ինչի համար պայքարում էր, այն, ինչ ուզում էր տեսնել և իր կյանքում չկա, իր միջավայրում, իր հանրության մեջ չկա, դա տեսնում է աշակերտների մեջ, այսինքն՝ այն ինչ ուզում էր փոխանցել, ինքը չունենալով՝ փորձում էր փոխանցել, դա աշակերտների մեջ տեսնում է։

Իրական երանությունն այն է, երբ ուսուցիչը սերնդի մեջ տեսնում է, որ այն ինչին ձգտում էր, ինչի համար պայքարում էր, չունենալով իր հանրության մեջ, բայց փոխանցելով աշակերտներին, տեսնում է նրանց մեջ։

Եթե մեկ ուղերձ կարողանայիք փոխանցել այն ուսուցչին, այն Անուշ Լալայանին, որը առաջին անգամ մտավ դասարան և որոշեց, որ դասավանդելու է, ո՞րը կլիներ այն։

Կլիներ այն ուղերձը, որն ինձ համար դարձավ կարգախոս ամբողջ կյանքի համար՝ լինել քաջ, լինել անկեղծ, լինել ազատ և ամեն վայրկյան, ինչ էլ պատահի, ինչ էլ լինի, սիրել իմ դասավանդման ամեն վայրկյանը՝ իր բոլոր դժվարությունններով, իր բոլոր ձախողումներով, երբեք ու երբեք չդժգոհել, այլ սիրել այդ ամենը։

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել