Ի՞նչ պետք է հաշվի առնի Հայաստանը Թուրքիայի հետ խոսելիս․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Այս շաբաթվա հաղորդմանը ՍիվիլՆեթի մեկնաբան Էրիկ Հակոբյանը խոսում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունների, հայկական ու թուրքական հնչող հռետորաբանության և Երևանի հնարավոր քայլերի մասին։

Հայաստանի ներկա կառավարությունը, ինչպես նաև նախորդ բոլոր կառավարությունները, հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ առանց որևէ նախապայմանների Անկարայի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Տարիներ շարունակ սա է եղել հայկական կողմի կայուն դիրքորոշումը։

Անցնենք թուրքական կողմին։ Թուրքական կողմի ազդակների մասին էական տեղեկություններ ստացանք Էրդողանի՝ վերջերս ունեցած ճեպազրույցից, երբ նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել իրեն։ «Եթե Վրաստանի վարչապետն ինձ փոխանցի երկխոսության այս խնդրանքը և այնպիսի քայլ ձեռնարկի, որ այստեղ նոր գործընթաց սկսվի, ես իմ անկեղծությունը կդրսևորեմ և բանակցություններ կսկսեմ։ Երբ դիվանագիտություն սկսվի, իհարկե, այստեղ պետք է ինչ-որ բան վերցնել ու տալ։ Այսպիսով, ես հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջանցքների բացման այդ խնդիրը կհաղթահարվի»,- ասաց նա՝ այսպիսով շեշտադրելով միջանցքների բացումը, ինչն ինքնին արդեն իսկ նախապայման է՝ նախապայման, որը Հայաստանը պետք է իրականացնի։

Նույն ճեպազրույցում Էրդողանն իր մասին շարունակ երրորդ դեմքով էր խոսում, ինչը մեգալոմանյակի հստակ հոգեբանական նկարագիր է։

Որքանո՞վ է սա իրատեսական՝ եթե ուշադիր նայենք, ակնհայտ է, որ սրանք բավական կեղծ ջանքեր են, և թուրքական կողմը խաղ է խաղում՝ գուցե եվրոպացիներին ցույց տալու, որ իրենք փորձում են հարաբերություններ հաստատել, իսկ մենք ողջամիտ չենք։ Սակայն այստեղ հստակ խաղ կա։ Նախ, եթե լուրջ ես տրամադրված ինչ-ինչ բանակցությունների մասով, և եթե այդ բանակցությունները երրորդ միջնորդի միջոցով են ու գաղտնի, դու նրանց մասին մամուլի ասուլիսին չես բարձրաձայնում։ Օրինակ, ԱՄՆ-ի ու Կուբայի ՝ իրենց հարաբերությունների հաստատման մասին բարձրաձայնելը հաջորդեց ետնաբեմում երեք-չորս տարի միջնորդի միջոցով գաղտնի բանակցություններին, և կողմերից ոչ մեկը նախապես ոչինչ չէր հայտարարել։ Այդ պատճառով այդ բանակցությունները արդյունավետ էին։

Երկրորդ, ըստ Էրդողանի՝ ՀՀ վարչապետը իր վրացի պաշտոնակցին է խնդրել միջնորդել։ Նախ, Հայաստանն ու Թուրքիան, անկախ դիվանագիտական հարաբերությունների առկայությունից, հաղորդակցվել են երեսուն տարվա ընթացքում։ Մեկ տասնամյակ առաջ Թուրքիայի նախագահը նույնիսկ Հայաստան էր այցելել։ Ուստի, այս գաղափարը, որ անհրաժեշտ է միջնորդ երրորդ կողմ, մի քիչ ֆարսային է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս վարչակազմը բավական արտոնյալ վերաբերմունք ունի Ալիևի հանդեպ։

Մտադրության՝ ոչ անկեղծ լինելու երրորդ ապացույցն այն է, որ Էրդողանը բանակցությունները ուղղակիորեն կապեց Հայաստանի՝ Արցախում կատարած քայլերի հետ։ Իսկ Ալիևը գիտի, որ դրա հետ կապված որևէ նախապայման չի ընդունվի ՀՀ կառավարության կողմից, ուստի դա հնարավոր բանակցությունների տապալման ամենավստահ ձևն է։

Ինչ կնշանակի Թուրքիայի հետ բաց սահմանը

Այժմ դիտարկենք՝ ինչ կնշանակի Թուրքիայի հետ բաց սահմանը։ Կարծում եմ՝ պետք է շատ զգույշ լինենք և հասկականք՝ ինչ է նշանակում բաց սահմանի համատեքստը, որովհետև ցանկացած դիվանագիտական հարաբերություն ի վերջո կհանգեցնի երկու երկրների միջև սահմանների բացման։ Մենք սրան պատրաստ չենք, վստահ եմ՝ մեր կողմից ոչ ոք խորապես չի ուսումնասիրել՝ ինչն ինչոց է։ Սակայն հայկական կողմում նաև միտում կա այդ հարցում տեսնել ու վախենալ միայն բացասական հետևանքներից։ Սակայն կարծում եմ, որ կարող են լինել բավական դրական տնտեսական ու քաղաքական հետևանքներ։

Առաջին՝ «եթե սահմանները բացվեն, մեր շուկաները կհեղեղվեն թուրքական արտադրության ապրանքներով». ո՛չ, բոլոր նրանք, ովքեր եղել են հայկական շուկաներում, տեղյակ են, որ դրանք արդեն իսկ լի են թուրքական ապրանքներով, հատկապես անպիսի ապրանքներ, որոնք մենք չենք արտադրում՝ շինարարական, կենցաղային ապրանքներ և այլն, ուստի կգան դրանք Վրաստանի ու Իրանի միջոցով, թե ուղղակիորեն, էական չի լինի։

Երկրորդ, ինչն ըստ իս շատ կարևոր է, և եթե երբևէ սահմանը բացելու ենք, պետք է շատ զգույշ լինենք սպասվելիք տնտեսական բանակցություններում՝ մեր գյուղատնտեսական ոլորտը պաշտպանելիս, որովհետև սա այն ոլորտներից է, որտեղ թուրքական գյուղատնտեսության մասշտաբները կարող են մեզ վնասել, եթե նրանք ցանկանան պարենամթերքով հեղեղել մեր շուկան։ Սակայն սրանից հնարավոր է խուսափել, եթե բանակցությունները խելացիորեն վարվեն։

Խոսենք նաև հնարավորություններից, որ կարող են ի հայտ գալ։ Կխնդրեմ նայել քարտեզին։ Եթե Երևանից ցամաքային ճանապահով ուղևորվես Թուրքիա,- եթե այդ ճանապարհը երբևէ բացվի,- պետք է 1 400 հարյուր կմ գնաս՝ հասնելու Երևանի չափփերի մեկ այլ քաղաք Թուրքիայում։ Չնայած Արևմտյան Հայաստանի տարածքում՝ այժմյան Արևելյան Թուրքիայում բնակվող մեծաթիվ բնակչություն կա, շատ առումներով այդ շրջանը երբեք էլ չի վերականգնվել Հայոց ցեղասպանության ժամանակ դրան հասցված հսկայական վնասից։

Երկրորդ, մեզ սահմանակից այդ տարածքների մեծ մասը քրդաբնակ են, բնակչություն, որը բազում առումներով շատ ավելի բաց կլինի Երևան այցելելու հեռանկարին։ Երևանը կարող է դառնալ մագնիս-քաղաք մի շրջանի համար, որը չունի նման խոշոր, եվրոպական տիպի քաղաք։ Ուստի, պատկերացրեք՝ քրդական այդ բնակչությունը այցելում է սահմանի մյուս կողմում գտնվող երկիր, նրանց հետ գալիս են նաև համշենահայերը՝ Թուրքիայում բնակվող և ստիպողաբար իսլամ ընդունած հայերը, որոնք դեռ մեծ թիվ են կազմում այդ շրջաններում։ Սա կբացի նրանց առաջ հեռանկարը՝ բացահայտելու իրենց արմատները։

Իսկ ի՞նչ կտեսնեն բոլոր այս մարդիկ։ Թուրքիան հարյուր տարի է՝ գործող ֆաշիստական պետություն է, որտեղ փոքրամասնությունները իրավունքներով օժտված չեն։ Համշենցիներն ու քրդերը, անցնելով սահմանը, կտեսնեն մի երկիր, որտեղ կրոնական և ազգային փոքրամասնություններին չեն հալածում, որտեղ եզդիները կարող են ունենալ իրենց տաճարները, որտեղ քեզ չեն բանտարկում՝ նախագահին անպատվելու կամ «հայկականությունը վիրավորելու» աղոտ գաղափարների համար։

Նաև պատկերացրեք, որ այս շատ աղքատ շրջաններում մարդիկ սկսում են գումար աշխատել դեպի Հայաստան տուրիստական հոսքերի ու տեղաշարժերի շնորհիվ, ինչը շարունակաբար աճում է և կաճի առաջիկա տասը տարում։ Դա այդ մարդկանց ու շրջանները կդարձնի շատ ավելի կախյալ Հայաստանի հետ բիզնեսից և հայերից մի տարածքում, որտեղ թուրքական պետությունը միշտ ունեցել է վերահսկողության խնդիրներ՝ քաղաքական, ռազմական ու տնտեսական առումով։

Ուստի, եթե մենք խելացի գտնվենք և այդ դիվանագիտական հարաբերություններին ու սահմանի բացմանը ճիշտ կողմից մոտենանք, սա շատ մեծ խնդիր կդառնա պարանոիկ թուրքական իշխանությունների համար։

Ինչպիսին պետք է լինի մեր ընդհանուր մոտեցումը Թուրքիայի նկատմամբ

Անցնենք նրան, թե ինչպիսին պետք է լինի մեր ընդհանուր մոտեցումը մեր շատ խնդրահարույց հարևանի նկատմամբ։

Նախ, ունենալ շատ հստակ հիմնական քաղաքականություն՝ ինչ ենք ցանկանում այս ակնկալվող հարաբերություններից, և որոնք են առկա հնարավորությունները։ Այն պետք է հիմնված լինի ոչ զգացմունքային, շատ ստոիկ սկզբունքների վրա, և ոչ այն բոլոր ողբերգությունների վրա, որոնց միջով անցյալում անցել ենք։ Պետք է այդ հարաբերություններին նայենք պրագմատիկ և ունենանք շատ հստակ ձևակերպված քաղաքականություն, որը կիրականացվի հընթացս։

Երկրորդ, մենք չպետք է հաստատենք այդ հարաբերություները մեր շահերի հաշվին, կամ օրինակ՝ Արցախի բնակչության շահերի հաշվին, որովհետև անկեղծ ասած՝ դա դրան չարժե։ Մենք հարմարվել ենք փակ սահմանին, եթե այն բացվի, դա իրականում ավելի բարենպաստ կլինի նրանց տնտեսության համար, քան մեր։ Ուստի, չարժե զոհաբերել որևէ էական հայկանան պետական շահ, հատկապես Արցախում։

Երրորդ, մեզ համար շատ կարևոր է երկխոսության մեջ մտնել այդ հասարակության բոլոր ոչ ֆաշիստ շերտերի, բոլոր առաջադեմ ուժերի հետ, որոնք ընդդիմանում են իշխանությանը, անկախ նրանից, թե որքան լուսանցք են մղված դրանք։

Չորրորդ, ականատես ենք այս բազմազգ հակաէրդողանական կոալիցիայի ձևավորմանը, որը շատ ավելի հակաէրդողանական է, քան հակաթուրքական։ Այն սկիզբ է առնում Ծոցի երկրներից ու ձգվում դեպի Իսրայել ու Հունաստան, որոշ չափով՝ մինչև Ֆրանսիա։ Մեզ համար շատ կարևոր է հնարավորինս միանալ այս կոալիցիային։

Մեզ համար կարևոր է հասկանալ, որ պետք է զգացմունքներից զուրկ վերլուծության ենթարկել Թուրքիային, հասկանալ նրա բազմաթիվ ուժեղ ու թույլ կողմերը և օգտագործել դրանք, սովորել պետականության արվեստը՝ քաղաքականություն, որը գործում է, անկախ նրանցից՝ ով է իշխանության գլուխ։

Մեր մոտեցումը նրանց պետք է լինի ամբողջությամբ ու անգութ պրագմատիկ, և կենտրոնանա մեր շահերի վրա։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի