Նոր հարաբերությունների մասին Սաակաշվիլիի հայտարարությունն «անսպասելի» էր նրա կնոջ համար

Mikheil-Saakashvili - Միխեիլ Սաակաշվիլի Միխեիլ Սաակաշվիլին Լիզա Յասկոյի հետ իր հարաբերությունների մասին հայտարարեց տեսանյութում, որը Ֆեյսբուքում հրապարակել էր Յասկոն։

Շոթա Կինչա

Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը խախտել է լռությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ իր հարաբերությունների մասին՝ հայտարարելով, որ ուկրաինացի պատգամավորուհու հետ նոր հարաբերությունների մասին Սաակաշվիլիի հայտարարությունն «անսպասելի» էր իր համար:

Վրաստանում 53-ամյա Սաակաշվիլիի ձերբակալությունից մոտ մեկ ժամ անց Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության 31-ամյա պատգամավոր Լիզա Յասկոն Ֆեյսբուքում տեսանյութ հրապարակեց, որում Սաակաշվիլին խոսում էր նրա հետ «նոր կյանք սկսելու» մասին: Տեսանյութում Սաակաշվիլին խոսում է վրացերեն, ուկրաիներեն և անգլերեն:

Ռուլոֆսը, որը չորեքշաբթի ևս մեկ անգամ հայտարարեց, որ Սաակաշվիլին Վրաստանում քաղբանտարկյալ է՝ հավելելով, որ Վրաստան նրա ժամանումը «հերոսական» էր, խոստովանել է, որ շատերն են իրեն հարցրել իր անձնական կյանքի մասին:

«Չեմ թաքցնի՝ ուրբաթ երեկոյան հրապարակված տեսանյութի բովանդակությունն ինձ համար անսպասելի էր, իսկ դրա ներկայացման ձևը՝ ամբողջությամբ անընդունելի»,- ասել է Ռուլոֆսը:

Հոլանդական ծագումով Սանդրա Ռուլոֆսի հետ Սաակաշվիլին ամուսնացել է 1993-ին, նրանք երկու որդի ունեն:

Սանդրա Ռուլոֆսը 2019-ի մայիսին Զուգդիդիում լրացուցիչ ընտրությունների ժամանակ: Լուսանկարը` Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Ռուլոֆսն այս մեկնաբանությունը հնչեցրեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Սաակաշվիլիի նոր ընկերուհին ժամանեց Վրաստան և այցելեց նրան Թբիլիսիի հարևանությամբ գտնվող Ռուսթավի քաղաքի բանտում:

«Մենք շատ ենք նախանձում Վրաստանին, որ նման նախագահ է ունեցել: Նա նաև ուկրաինացի քաղաքական գործիչ է: Ուզում եմ, որ դուք նրան պաշտպանեք»,- բանտից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Յասկոն՝ ոչ մի բառ չասելով Սաակաշվիլիի հետ իր հարաբերությունների մասին:

Յասկոն լուռ էր նաև հոկտեմբերի 1-ի իրենց համատեղ տեսանյութում, որում Սաակաշվիլին հայտարարում էր իր «նոր ընտանիքի» մասին՝ ընգծելով, որ «երախտապարտ է նախկին հարաբերությունների համար»:

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին` տեղական ընտրությունների նախօրեին: Շատ չանցած նա հայտարարեց, որ հացադուլ է սկսել՝ երդվելով չդադարեցնել այն մինչև ազատ չարձակվի:

Ռուլոֆսը Սաակաշվիլիին աջակցել է նաև Ուկրաինայում նրա քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, այդ թվում 2017-ի դեկտեմբերին նրա ձերբակալության ժամանակ, որից հետո Սաակաշվիլին կրկին հացադուլ հայտարարեց:

Երկարամյա զինակիցներ

Գրեթե տասը տարի Վրաստանի առաջին տիկին լինելուց հետո հոլանդական ծագումով Ռուլոֆսը քաղաքականություն մտավ, երբ Սաակաշվիլին լքեց երկիրը 2013-ին՝ սերտ կապեր պահելով իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ:

2016-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ռուլոֆսը Զուգդիդիում (Վրաստանի արևմուտքում գտնվող Սամեգրելոյի շրջան) 45 տոկոս ձայն հավաքեց, արդյունքում ընտրությունների երկրորդ փուլ նշանակվեց։ Նա ի վերջո բոյկոտեց երկրորդ փուլը «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Էդիշեր Տոլորայայի դեմ պայքարում:

Երկրորդ փուլը բոյկոտելու նրա որոշումը սրել էր տարաձայնությունները կուսակցության ղեկավարության ներսում։ Ոմանք հայտարարեցին, թե Սաակաշվիլին է կանգնած կնոջ որոշման հետևում, հայտարարություն, որը Ռուլոֆսն անվանեց սեքսիստական:

2019-ի մայիսին Ռուլոֆսը հաջողություն չունեցավ Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում։

Ռուլոֆսը վարժ տիրապետում է վրացերենին և որոշ չափով խոսում նաև տեղական լեզվով՝ մինգրելերեն։ Նա ներկայացնում էր «Միասնական ընդդիմության» «Ուժը միասնության մեջ է» կոալիցիան, որում գերակշռում էին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները։

Նա պարտվեց «Վրացական երազանք» կուսակցությունից Գեգա Շենգելիային ձայների 54/43 տոկոս հարաբերակցությամբ։

Քարոզարշավի ընթացքում նրան թիրախավորեցին սեքսիստական հայհոյանքներով, փողոցային պաստառներով և ատելություն պարունակող առցանց գրառումներով:

Երբ 2019-ին մայիսին Ռուլոֆսը պարտվեց Շենգելիային, գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն այն ժամանակ «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարն էր, հայտարարեց․ «Ես նրան խորհուրդ կտայի հոգ տանել իր ամուսնու մասին, երկրի մասին մենք հոգ կտանենք»։

Հոդվածը թարգմանված է OC MEDIA կայքից

Saakashvili’s announcement of new relationship ‘unexpected’ to his wife

Մեկնաբանել