Իրանը Հարավային Կովկասում քարտեզի փոփոխություններ չի հանդուրժի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրադրության և քարտեզի փոփոխություններ չի հանդուրժի․ այս մասին հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հայտարարել է Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։

Իրանցի նախարարն ասել է, որ Թեհրանը Հարավային Կովկասի իրավիճակի առնչությամբ ունի որոշ մտահոգություններ, և դրանք քննարկվել են Լավրովի հետ հանդիպմանը:

Աբդոլլահիանը վերահաստատել է այն միտքը, որ «Իրանը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրադրության և քարտեզի փոփոխություններ չի հանդուրժի և լուրջ մտահոգություն ունի ահաբեկիչների և սիոնիստների ներկայության հարցում»:

Լավրովին ուղղված իրանցի լրագրողի այն հարցադրմանը, որ Հարավային Կովկասի փոփոխությունների պայմաններում որոշ ուժեր փորձում են հարվածել Իրանի շահերին, և վերջերս Բաքվում անցկացված ադրբեջանա-թուրք-պակիստանյան զորավարժություններով Ադրբեջանը հող է նախապատրաստում Կասպից ծովում երրորդ երկրների ներկայության համար, վերջինը մասնավորապես պատասխանել է․ «Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասում ռազմական ակտիվությանը և զորավարժությունների՝ սադրիչ բնույթ կրելուն: Վերջերս Իրանի զորավարժությունների հարցում Ադրբեջանը նույնպես մտահոգություններ է հայտնել, որոնք անցկացվել են սահմանի մոտ»:

Իրանի ԱԳՆ ղեկավարը, արձագանքելով Հարավային Կովկասի զորավարժությունների վերաբերյալ Լավրովի հայտարարությանը, նշել է․ «Ադրբեջանը անդադար վեց ռազմական վարժանք է անցկացրել տարբեր երկրների հետ, որոնք սադրիչ բնույթ են կրել: Թեպետ դա ամեն մի երկրի որոշումն է, սակայն այդ վարժանքների անցկացումը դրական մթնոլորտ չի ստեղծում տարածաշրջանում»: Նա ավելացրել է, որ Իրանը դրա փոխարեն «վերջերս անցկացրել է մեկ զորավարաժություն և դիվանագիտական ճանապարհներով բոլորին երկրներին հայտնել է»:

Հանդիպման ժամանակ Աբդոլլահիանը նաև տեղեկացրել է, որ Իրանը Ռուսաստանին ռազմավարական գործընկեր է համարում և երկու պետությունների միջև համագործակցության ճանապարհային քարտեզ է նախապատրաստվում:

Մեկնաբանել