Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը բխում է Հայաստանի շահերից․ Միրզոյան

Ararat Mirzoyan National Assembly

Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը ողջունելի է ու բխում է Հայաստանի շահերից․ հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մասին հարցին։

«Մենք անգամ ևս փաստում ենք, որ խնդիրը լուծված չէ։ Ադրբեջանում սիրում են ասել, թե արցախյան խնդիր այլևս գոյություն չունի։ Լուծման փնտրտուքը պիտի տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով»,- հայտարարեց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ համանախագահության մանդատը ենթադրում է շատ էական հարցերի քննարկում։

Միրզոյանը տեղեկացրեց, որ համանախագահների հետ պայմանավորվածություն կա՝ շարունակել հանդիպումները, քննարկել գերիների հարցն ու Արցախում հումանիտար առաքելությունների հասանելիության հարցը։