«Գեոպրոմայնինգը», ըստ Փաշինյանի, պղնձաձուլարան ու ատոմակայան կառուցելու բանակցություններ է սկսել

Մեծամորի ատոմակայան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը կառավարությանը նվիրելը մութ գործարք է. «Եթե 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ մի օֆշորային ընկերություն, իսկ դրա սեփականատերը լիներ մեկ այլ օֆշորային ընկերություն, իսկ դրա սեփականատերը լիներ վարչապետի ընտանիքի անդամ, դա կլիներ մութ գործարք»,- հայտարարեց նա խորհրդարանում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

Սեպտեմբերի 30-ին ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, ձեռք էր բերել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25 տոկոսը նվիրատվություն էր կատարել վարչապետի աշխատակազմին։ Դա կազմում է ԶՊՄԿ բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։ Տրոցենկոն նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» հանքարդյունաբերական ընկերության հիմնական բաժնետերն է։

Նիկոլ Փաշինյանը, խոսելով նվիրատվության մասին, ասաց, որ ««Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության սեփականատերերից մեկի կողմից ՀՀ-ին եղել առաջարկ, առաջարկը քննարկել են ու տեսել, որ համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին»։

«Առաջին հերթին պղնձնաձուլարանի կառուցում, երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը։ «Գեոպրոմայնինգ»-ը ստանձնել է պղնձաձուլարանի ներդրումային պարտավորություններ, որոնք արձանագրվել են, ու կշարունակվի արձանագրումը, ու բանակցություններ է սկսել նոր ատամոկայանի շուրջ»,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ըստ ժամկետների՝ մինչև 2025-ի հունիս նախատեսվում է սկսել պղնձաձուլարանի շինարարությունը։ Պղնձամոլիբդենային կոմբինատում պետական բաժնետոմսերը, ըստ նրա, կարող են հետզհետե հասնել մինչև 25 տոկոսի։

Ռոման Տրոցենկոն, ըստ Փաշինյանի, ցանկություն է հայտնել, որ ներդրումային ծրագրերի սկզբում հարկային համակարգը գտնվի այնպիսի վիճակում, որ էական փոփոխություններ չլինեն, և լինի կանխատեսելի միջավայր։ Փաշինյանը սա համարում է լեգիտիմ ցանկություն։

Մեկնաբանել