Պատերազմից հետո բողոքի առաջին ցույցը Ադրբեջանում

Azerbaijan opposition protest

Իսմի Աղաև, OC Media

Մոտ մեկ տասնյակ մարդ բողոքի ցույց է արել Բաքվի բանտի հիվանդանոցի մոտ՝ պահանջելով ազատ արձակել «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամին, որը հացադուլ է հայտարարել։

Երեքշաբթի ոստիկանությունը ցույցը ցրել է այն սկսվելուն պես, առնվազն 11 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո սա Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցության կազմակերպած բողոքի առաջին ցույցն էր։

Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Նիյամադդին Ահմեդովին՝ «Ժողովրդական ճակատի» անդամ և կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի թիկնապահ: Չորեքշաբթի լրանում է 14-րդ օրը, ինչ Ահմադովը հացադուլի մեջ է։

Ահմեդովը ձերբակալվել է 2020-ի ապրիլին՝ կուսակցության տասը այլ անդամների հետ, և մեղադրվում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները խախտելու մեջ: Այդ ժամանակից ի վեր նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողություններ կատարելու համար, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 8-12 տարվա ազատազրկում:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», և պարզել էին այլ բանտարկյալների նկարներով պաստառներ։

Ցույցի մեկնարկից կարճ ժամանակ անց ոստիկանությունը բախվել է ցուցարարներին՝ պահանջելով ցրվել՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:

Դրանից հետո ոստիկանները սկսել են ձերբակալել ցուցարարներին ու լրագրողներին՝ նրանց բերման ենթարկելով Խազարի շրջանային ոստիկանության բաժանմունք։

Նրանց մեծ մասն ազատ է արձակվել նույն օրը, սակայն «Ժողովրդական ճակատ» կուսակցության երկու անդամ՝ Ֆուադ Ահմադլին և Ֆարիդ Նագիբեյլին, կալանքի տակ էին մինչև չորեքշաբթի և տուգանվել են 70 մանաթ (41 դոլար)՝ «հասարակական կարգը խախտելու համար»:

Toplum TV-ի լրագրող Զարիֆա Նովրուզը, որը ձերբակալվել էր բողոքի ցույցի ժամանակ, ավելի ուշ ասել է, որ չնայած ոստիկանությունը տեսել է, որ ինքը լրագրող է, սակայն քարշ է տվել դեպի մեքենան:

«Ես քանի անգամ ասացի, որ լրագրող եմ, բայց հեռախոսս վերցրին։ Եթե ուշադիր նայեք ուղիղ հեռարձակմանը, կտեսնեք, որ իմ հեռախոսն ընկավ գետնին, ու մի քանի վայրկյան անց տեսանյութն ավարտվեց»,- ասել է նա:

«Ես տեսա, որ իմ գործընկեր Այսել Ումուդովային էլ բռնի նստեցրին մեքենան, ու նրա ակնոցը կոտրվեց»:

«Ոստիկանական բաժանմունքում պահանջեիցն բացել և ջնջել այսօրվա ցույցի բոլոր տեսանյութերը,- ասել է Նովրուզը։- Իհարկե, ես դա չարեցի։ Չնայած մենք մոտ մեկուկես ժամ մնացինք բաժանմունքում, ի վերջո մեզ ազատ արձակեցին»։

«Շնորհակալությո՛ւն, ոստիկանություն: Ես ձեզ մոտից դուրս եմ եկել կենդանի, ոչ՝ մեռած»,- ավելի ուշ սոցանցում գրել է ձերբակալված լրագրողներից Այսել Ումուդովան։

«Ոստիկանության Խազարի շրջանային բաժնի աշխատակիցները կոտրեցին իմ ակնոցը։ Նրանք ինձ ու մյուս լրագրողներին քարշ տվեցին ոստիկանական մեքենայի մոտ։ Վնասեցին ձեռքս ու դեմքով ինձ նետեցին մեքենան»,- գրել է նա։

«Չնայած ես «բարբարոս» ոստիկաններին ասում էի, որ աշխատում եմ, նրանք ինձ չլսեցին։ Վերցրին հեռախոսս ու սպառնացին կոտրել այն»,- ասել է Ումուդովան։

First opposition protest since the war held in Azerbaijan

Մեկնաբանել