Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստի օրակարգում ներառվել է 25 հարց, որոնցից միայն երկուսն են զեկուցվող, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարին վերաբերող նախագիծը։
Այդ փաստաթղթով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց մրցաշարի անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 36 մլն դրամ։
Ըստ գերատեսչության՝ վերջին երկու տարիներին հանրապետությունում տիրող կորոնավիրուսային իրավիճակը զգալիորեն նվազեցրել է բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը, հատկապես աշակերտների և ուսանողների շրջանում:
«Ֆիզիկական թերակտիվության պատճառով պետությանն ու հասարակությանը սպառնացող վտանգների չեզոքացումը` պետության առաջնային խնդիրներից է»,- նշված է նախագծում։
Մրցաշարը նախատեսվում է անցկացնել Երևան-Էջմիածին մայրուղում՝ (Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում) 2021-ի հոկտեմբերի 30-ին։ Կառավարությունը գումարը ուղղակի դրամաշնորհի ձևով տրամադրելու է «Հատիս» սպորտային բարեգործական հիմնադրամին։