Բաքուն չի բացառում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հնարավորությունը

Պաշտոնական Բաքուն չի բացառում Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպման հնարավորությունը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան։

«Օգտակար ենք համարում Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը հետպատերազմյան շրջանում։ Ավելի վաղ կայացել էր երկու ԱԳ նախարարների հանդիպումը, և հետագայում էլ մենք չենք բացառում նման հանդիպումների անցկացումը»,- ասել է Աբդուլլաևան։

Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ տվյալ փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել համատեղ հայտարարությունների կատարմանը»,- ասել է խոսնակը։

«Հայտնի է, որ տվյալ կոնտեքստում որոշ հարցեր բաց են մնում։ Կարծում ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող է առողջ հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայուն զարգացման վերականգնման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»,- շարունակել է Աբդուլլաևան։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական կողմը «մշտապես բաց է երկխոսության համար և նախընտրում է տարաձայնությունները հարթել բանակցությունների միջոցով»։

Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում հանդիպում է կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Ըստ հաղորդագրության՝ համանախագահները և արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ։ Համանախագահները առաջարկել են կոնկրետ նպատակային միջոցառումներ իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ և հետագա հնարավոր քայլերը։

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը ողջունելի է ու բխում է Հայաստանի շահերից։ Միրզոյանը տեղեկացրեց, որ համանախագահների հետ պայմանավորվածություն կա՝ շարունակել հանդիպումները, քննարկել գերիների հարցն ու Արցախում հումանիտար առաքելությունների հասանելիության հարցը։

Մեկնաբանել