Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որ պատվաստված չլինի․ Նիկոլ Փաշինյան

Այս պահին առկա 14 հազարից ավելի ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգին է, որ պատվաստված է եղել, սակայն հիվանդանոցային բուժման կարիք ունի․ կառավարության հոկտեմբերի 7-ի նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ պատվաստման դինամիկան դրական է, սակայն ոչ բավարար։

Նրա խոսքով՝ կան անձինք, որոնք ապատեղեկատվություն են տարածում ու պղտորում ինֆորմացիոն դաշտը։

«Նման գործունեությամբ զբաղվողները իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ՝ երեկ գրանցված 26 մահվան դեպքերի համար»,- ասաց Ավանեսյանը։ Նա հարց բարձրացրեց, թե ինչ շահ են հետապնդում այդ մարդիկ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

«Նրանց պետք է՝ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն, թե կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել։ Բայց ինչո՞ւ ենք ընդհանրապես բողոքում. կա պետության հստակ պարտավորություն։ Վարչական լծակները գործադրեք ու պատվաստումը առաջ տարեք։ Ես առողջապահության նախարարությունց չեմ ցանկանում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կարծիք հայտնեց, որ շարժման տեսքով հանրային պահանջ է ձևավորվում։ Մարդիկ հայտարարում են, որ պետությունը վճարովի դարձնի կորոնավիրուսի դեմ բուժումը, քանի որ յուրաքանչյուր անձ արդեն կարող է պատվաստվել ու կանխարգելել այդ վարակը, իսկ նրանց բուժմանն ուղված գումարներն ավելի արդյունավետ կծախսվեն, օրինակ, կրթության ու սոցիալական ոլորտներում։

«Ինձ մի՛ ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում։ Մենք հո այստեղ չե՞նք հավաքվել՝ ասելու, որ ինչ-որ մարդիկ մեզ խանգարում են։ Վատ են, շատ վատ են պատվաստման թվերը, որևէ մեկից չբողոքեք։ Սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց, որ գալիս եք, միջնորդում եք, ասում եք՝ էս ինչ աշխատակիցը վախենում է պատվաստումից։ Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որ պատվաստված չլինի, անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատու են դրա համար»,- ընդգծեց վարչապետը՝ նախարարին հորդորելով այլևս չբողոքել այդ խնդրից։

«ԱԱԾ-ին ու ոստիկանությանն էլ հանձնարարում եմ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ, ձերբակալեք ու կալանավորեք։ Այդ բժիշկների նկատմամբ, որոնք օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց, ու պատվաստանյութը փչացնում են, շատ խիստ միջոցներ կիրառեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությանը հատկացվեց 2,3 մլրդ դրամ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների բուժման ծախսերի համար։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել