Պատվաստված մարդու մահվան շուրջ մանիպուլատիվ պնդումների հետքերով

Նախորդ շաբաթ համացանցում տարածվեց մի լուր, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Լուրի սկզբնաղբյուրը փաստաբան, «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանն էր։

Զոհրաբյանը սեպտեմբերի 24-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս նույն օրը՝ կառավարության նիստի ընթացքում, հայտարարել էր՝ «Էլի ուզում եմ ընդգծել, որ մեր ավելի քան 300 հազար պատվաստումներից մենք չունենք որևէ հիշատակման արժանի բարդություն»։

Զոհրաբյանը հայտարարեց՝ «վստահ է, որ ապատեղակատվություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին», քանի որ «այդպիսի ոչ արժանահավատ պնդում չէր կարող կատարել»:

Որպես օրինակ՝ նա ներկայացրեց Թեմուր Գրիգորի Նարինյանի պատվաստման և մահվան փաստաթղթերը։ Վերջինս երկու դեղաչափով պատվաստված էր կորոնավիրուսի դեմ, սակայն վարակվել և սեպտեմբերի 17-ին մահացել է կորոնավիրուսից։

Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցման՝ առողջապահության նախարարությունից մեկնաբանեցին, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման հետևանքով «պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել»։

Նաև մեկնաբանեցին, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման հետևանքով և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ»։

«Տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների հետևաքով գրանցված մահվան դեպքերը», – նշված է ԱՆ-ի պատասխանում։

Այս դեպքում ուշագրավ են նաև պատվաստման երկրորդ դեղաչափի և արձանագրված մահվան թվերը։ Որոշ պատվաստանյութերի դեպքում մարդը համարվում է կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված երկրորդ դեղաչափը ստանալուց երկու շաբաթ անց միայն։ Նարինյանը վարակվել է կորոնավիրուսով, երբ դեռ երկրորդ դեղաչափը ընդունելուց երկու շաբաթ չէր անցել։ Նա COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը ընդունել էր օգոստոսի 31-ին, իսկ հոսպիտալացվել՝ սեպտեմբերի 11-ին։

Առողջապահական կազմակերպությունները հայտարարում են, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումը։

Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը անցել են նախակլինիկական և կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը, փորձարկումների փուլերը և համապատասխանում են անվտանգության ու արդյուանվետության չափանիշներին։

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել