Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար, պատրիարք Իլիա Երկրորդը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հորդորել է դադարեցնել հացադուլը:
Հոկտեմբերի 1-ին Ռուսթավի քաղաքի 12-րդ բանտ տեղափոխվելուց ժամեր անց Սաակաշվիլին հայտարարեց, որ հացադուլ է սկսում՝ պահանջելով ազատ արձակել իրեն:
Վրաստանի նախկին նախագահին սպառնում է առնվազն վեց տարվա ազատազրկում։ Իշխանությունը չարաշահելու մեղադրանքով հեռակա կարգով նա դատապարտվել է մի քանի հոդվածով, այդ թվում իր քաղաքական հակառակորդ Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում պատվիրելու և 2006-ին Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ ներգրավված իրավապահներին ներում շնորհելու ապօրինի խոստում տալու համար։
Եկեղեցին տեղեկացրել է, որ Իլիա Երկրորդը հոկտեմբերի 7-ին իր քարտուղար Միքայել Բոթկովելիի միջոցով (վերջինս Սաակաշվիիլին այցելել է բանտում) իր օրհնությունն է ուղարկել Սաակաշվիլիին: Ըստ նույն տեղեկության՝ պատրիարքը «Եկեղեցու անունից, ինչպես արվել է նման այլ դեպքերում, նրան խնդրել է դադարեցնել հացադուլը, քանզի դա ոչ քրիստոնեական արարք է»:
Հանդիպումից հետո Բոթկովելին լրագրողներին հայտարարել է, թե Սաակաշվիլին իրեն ասել է, որ մտադիր չէ դադարեցնել բողոքը:
Սաակաշվիլին, որը 2013-ին Վրաստանը լքելուց հետո բազմիցս խոստացել էր վերադառնալ հայրենիք, մասամբ ստվերեց հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երբ սեպտեմբերի 27-ին հրապարակեց Կիև-Թբիլիսի ուղևորության ամրագրած իր ավիատոմսերը։
Այդուհանդերձ, ըստ Վրաստանի իշխանությունների, Սաակաշվիլին, որին ոստիկանությունը հոկտեմբերի 1-ին բերման ենթարկեց Թբիլիսիի բնակարաններից մեկից, Վրաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին: Անհասկանալի է, թե ինչպես է նա Վրաստան անցել Ուկրաինայից, որտեղ այժմ Բարեփոխումների ազգային խորհրդի անդամ է:
https://twitter.com/OCMediaorg/status/1445326481094238208?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1445326481094238208%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Foc-media.org%2Fpatriarch-ilia-ii-urges-saakashivli-to-end-hunger-strike%2F
Հոկտեմբերի 4-ին Սաակաշվիլին վերահաստատել է, որ չի դադարեցնելու իր բողոքի ցույցը և բժիշկներին արգելել է միջամտել, եթե կորցնի գիտակցությունը։
Թմրամիջոցների չարաշահման մեղադրանքներ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերջերս բազմաթիվ քննադատությունների է արժանացել է, երբ հոկտեմբերի 6-ին Ֆեյսբուքում Սաակաշվիլիի մասին երկար գրառում հրապարակեց:
Գրառման մեջ վարչապետը ենթադրություն էր արել, թե նախկին նախագահը գուցե թմրամոլ է, և հավելել էր, որ որևէ համոզիչ բացատրություն չկա նրանում, որ Սաակաշվիլիին «սխալ հաշվարկ» է կատարել, երբ որոշել է Վրաստան վերադառնալ «հեղաշրջում կազմակերպելու» նպատակով:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերջերս նման մեղադրանքներ ներկայացրեց Գիորգի Գախարիային, որը վարչապետի պաշտոնն զբաղեցրնում էր մինչև փետրվար, իսկ հետո հրաժարական տվեց և լքեց կուսակցության շարքերն այն բանից հետո, երբ իրավապահները ներխուժեցին ընդդիմության շտաբ:
Հոկտեմբերի 4-ին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի վարչապետը սպառնացել է ավելի շատ «հոդվածներ», քրեական մեղադրանքներ ներկայացնել Սաակաշվիլիին, եթե վերջինս իրեն «լավ չպահի»:
«Վրաստանի վարչապետն ուղղակիորեն ընդունում է, որ Սաակաշվիլիի դեմ գործը քաղաքական է, ինչը ցավալի է և անհամատեղելի ԵՄ ասոցացված երկրի կարգավիճակի հետ»,- ի պատասխան Ղարիբաշվիլիի սպառնալիքի մեկ օր անց հայտարարեց Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն:
«Մենք ստիպված էինք բռնել Սաակաշվիլիին, կամ նա պետք է հեռանար քաղաքականությունից: Այս մարդը չի հեռանում քաղաքականությունից, ներողություն չի խնդրում, ներում չի խնդրում»,- «Իմեդի»-ին տված հարցազրույցում բողոքել էր Ղարիբաշվիլին: