Ադրբեջանցի ակտիվիստ և լրագրող Անար Աբդուլան դատապարտվել է 15 օրվա ազատազրկման՝ սոցիալական ցանցում իշխանություններին քննադատող գրառում կատարելուց անմիջապես հետո: Չորեքշաբթի Աբդուլայի՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով դատական նիստը փակ էր մամուլի համար:
Աբդուլան ոստիկանություն է կանչվել հոկտեմբերի 5-ին՝ Фեյսբուքում արած գրառման վերաբերյալ «կանխարգելիչ զրույցի» համար։ Ոստիկանական բաժանմունք ինքնակամ ժամանելուն պես նրան ձեռնաշղթաներ են հագցրել։
Սեպտեմբերի 14-ին արված գրառմամբ նա բողոքում էր Ադրբեջանում վերջին թանկացումների դեմ: «Տարածաշրջանի ղեկավարները խաբում են Իլհամ Ալիևին, իսկ Ալիևը ստիպում է մեզ վճարել»,- գրել էր նա: Աբդուլայի փաստաբան Զիբեյդա Սադիգովան OC Media-ին ասել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված երկու մեղադրանքները:
«Ոստիկանը դատարանում հայտնեց, որ Անար Աբդուլան կանչվել է ոստիկանության Նարիմանովի շրջանի գրասենյակ՝ սոցիալական ցանցում գրված մեկնաբանության հետ կապված կանխարգելիչ զրույց ունենալու համար»,- ասել է Սադիգովան:
«Ոստիկանության տվյալներով՝ Անար Աբդուլան ոստիկանական բաժանմունքում չի ենթարկվել իրենց հրամաններին և անհասցե հայհոյել է, ուստի նրա դեմ արձանագրություն է կազմվել: Նա կանչվել է սոցիալական ցանցերում գրառման համար և ծեծի ենթարկվել ոստիկանական բաժանմունքում»,- ասել է Սադիգովան:
Ներքին գործերի նախարարությունը հերքել է այն պնդումները, թե Աբդուլան ոստիկանական բաժանմունքում ենթարկվել է ճնշումների: Մամուլի խոսնակ Էլշադ Հաջիևը Թուրան գործակալությանն ասել է, որ «պնդումները, թե Աբդուլայի վրա ֆիզիկական ճնշում է գործադրվել, անհիմն են և իրական չեն»:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի