Ինչ է պետք իմանալ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասին

Գյումրի ընտրություններ

1. Ի՞նչ է կատարվում

Հոկտեմբերի 17-ին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի քանի համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմնի հերթական ընտրությունները։ Շիրակում ավագանու անդամներ են ընտրելու Հայաստանի մեծությամբ երկրորդ՝ Գյումրի քաղաքում, որտեղ ընտրողների թիվը ավելի քան 123 000 է։ Այս թիվը 11 000-ով գերազանցում է քաղաքի մշտական բնակչության թվին, որը 2021-ի հունվարի տվյալներով շուրջ 112 000 է։ Գյումրին մինչև 2018-ի հեղափոխությունը, ընտրություններին մշտապես ունեցել է ընդդիմադիր կեցվածք։ Այստեղ ընտրությունները միշտ անցկացվել են բուռն, ուղեկցվել կրակոցներով։

2․ Ովքե՞ր են թեկնածուները

Ավագանու ընտրություններին առաջադրվել է տասը քաղաքական ուժ՝ երեք դաշինք և յոթ կուսակցություն․

  1. «Հայրաքաղաք» դաշինք
  2. «Արժանապատիվ ուղի» կուսակցություն
  3. Հայաստանի հանրապետական կուսակցություն
  4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  5. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
  7. «Գյումրին կռնա´» դաշինք
  8. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն
  9. «Թասիբով» դաշինք
  10. «Ապրելու երկիր» կուսակցություն

3․ Ովքեր են առաջին համարները և ինչ քաղաքական կապեր ունեն ուժերը

Առաջադրված կուսակցություններից երեքը գրանցվել են 2021-ին: Դրանցից «Առաքելություն» կուսակցությունը վերանվանվել է «Ապրելու երկիր»։ Այն հիմնադրել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարները՝ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը գրանցվել է այս տարվա մայիսին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։ Դրա գործադիր մարմնի պատասխանատուն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն ԱԱԾ նախկին փոխգնդապետ Վարդևան Հակոբյանն է։

Այս տարի գրանցված կուսակցություններից է նաև «Բալասանյան դաշինքը»։ Այն հիմնադրել է Գյումրին ինը տարի ղեկավարծ Սամվել Բալասանյանը։ Քաղաքապետի թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, որը «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Քարոզարշավն անցնում է առանց նրա, քանի որ նա վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։

«Հայրաքաղաք» դաշինք ձևավորել են «Ժառանգություն» և «Ռամկավար ազատական» կուսակցությունները։ Ցուցակի առաջին համարն է Լևոն Բարսեղյանը։ Նա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավարն է։ Գյումրիի ավագանու անդամ է 2012-ից։

Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է։ Նա ՀՀԿ կազմում եղել է ԱԺ պատգամավոր, նաև բարեկամական կապ ունի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի ներկայիս մարզպետ, առողջապահաության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանն է։

«Թասիբով» դաշինքում միավորվել են «Համերաշխություն» և Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունները։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Կարապետ Պողոսյանն է։ Նա 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբերից մեկի պատասխանատուն էր։

«Գյումրին կռնա´» դաշինքում միավորվել է տասներկու ուժ։ Քաղաքապետի թեկնածուն երկրորդ համարն է՝ Վարդան Գրիգորյանը։ Նա Շիրակի նախկին փոխմարզպետն է, պաշտոնավարել է 2018-ի հեղափոխությունից հետո, իսկ պատերազմում պարտությունից հետո հրաժարական ներկայացրել։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահը և առաջին համարն է «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Հովհաննես Մարգարյանը։ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածուն Կոնստանտին Ղավազյանն է։ Կուսկցության նախընտրական պաստառներում «Հավերժ Ռուսաստանի հետ» գրությունն է։

4․ Ինչպե՞ս է ձևավորվում ավագանին և ինչպե՞ս է ընտրվում քաղաքապետը

4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում, ըստ Ընտրական օրենսգրքի, ՏԻՄ ընտրությունները անցկացվելու են պարզ համամասնական կարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որն էլ ավագանու առաջին նիստի ընթացքում ընտրելու է համայնքապետին: Կախված ընտրողների թվից՝ փոխվում է ավագանու անդամների թիվը։ Գյումրիում կա 123 000 ընտրող, ուստի ավագանին կազմված կլինի երեսուներեք անդամից։

Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարին, եթե քաղաքական ուժերից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի մեծամասնություն՝ 50 տոկոսից ավելի, ապա այդ ուժի թեկնածուների ցուցակի առաջին համարը օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Եթե անձը հրաժարվում է կամ քաղաքական ոչ մի ուժ չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու անդամների քվեարկության միջոցով: Ավագանու խմբակցությունները կարող են իրենց թեկնածուների ցուցակի առաջին համարին առաջադրել։ Իսկ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա համարվում է ընտրված, եթե կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

5․ Դիտորդներ կան, տեսախցիկներ՝ ոչ

Գյումրիի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու տեղական հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ընտրական տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու ու տեսանկարահանում չի իրականացվելու։

6․ Ովքե՞ր են Գյումրիի նախկին ղեկավարները

Գյումրին անկախությունից ի վեր ունեցել է երեք քաղաքապետ՝ Միքայել Վարդանյան, Վարդան Ղուկասյան և Սամվել Բալասանյան։
Սա երկրորդ անգամ է, որ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություն է անցկացվում Գյումրիում։ 2016-ին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 37 տոկոսը՝ 45 000-ից ավելի մարդ: Ավագանին ձևավորել են չորս քաղաքական ուժեր՝ «Բալասանյան դաշինքը», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններն ու «Գաղափարակից լիբերալների ալյանսը (ԳԱԼԱ)»։

Արշալույս Բարսեղյան