Վրաստանում իրավապաշտպանին ազատազրկում է սպառնում ոստիկանին հայհոյելու համար

Գիորգի Տաբագարին 2021-ի hուլիսի 6-ին խորհրդարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցին, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media:

OC Media

Վրաստանում ԼԳԲՏՔ համայնքի իրավունքների պաշտպան և Tbilisi Pride ՀԿ-ի համահիմնադիր Գիորգի Տաբագարին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները ձգտում են իրեն 15 օրով ազատազրկել այն բանից հետո, երբ հուլիսին՝ հոմոֆոբ ամբոխի կողմից հետապնդվելու ժամանակ, հայհոյել էր ոստիկաններից մեկին։

Ըստ Tbilisi Pride-ի, որը Թբիլիսիում հուլիսի 5–ին հոմոֆոբ ամբոխի հարձակումների թիրախ էր դարձել, ներքին գործերի նախարարությունը Տաբագարիին մեղադրել է վարչական իրավախախտման մեջ՝ կիրառած բառապաշարի համար:

Տաբագարին հանրությանը տեղեկացրել է իր դեմ հարուցված գործի մասին անկարգություններից մեկ ամիս անց: Նա հաստատել է, որ հուլիսի 5-ին, երբ իր գործընկերների հետ ապաստան էին փնտրում թափառող հոմոֆոբ ամբոխից պաշտպանվելու համար, ինքը հայհոյել է մի ոստիկանի:

Անկարգությունների ժամանակ հարձակման է ենթարկվել Tbilisi Pride-ի գրասենյակը, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական կազմակերպություններին պատկանող մի քանի այլ գրասենյակներ: «Ամոթ» լիբերալ ընդդիմադիր շարժման գրասենյակներում ամբոխը հարձակվեց նաև «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի վրա: Մի քանի օր անց նա մահացավ:

Առնվազն 50 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից այդ օրը վնասվածք ստացավ:

«Ոստիկանները, որոնց չէիր գտնի բոլոր այն վայրերում, որտեղ մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգ կար, ինձ զանգահարեցին […]՝ խնդրելով բացել գրասենյակի դուռը, որպեսզի զննեն դեպքի վայրը: Ես չեմ զղջում իմ ասած բառերի համար», ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ին, ասել էր Տաբագարին:

Խռովարարները ներխուժում են Tbilisi Pride–ի գրասենյակ, հուլիսի 5, 2021։ Լուսանկարը՝ «Ֆորմուլա» հեռուստաընկերության։

Գիորգի Տաբագարին հոկտեմբերի 7-ին OC Media-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկաններն իրեն զանգահարել են կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ իրենց հաջողվել էր «Մթվարի» մասնավոր հեռուստաընկերության տրամադրած ավտոմեքենայով փախչել խռովարարներից, որոնք իրենց շրջապատել էին Թբիլիսիում Մարդու իրավունքների տան գրասենյակի մոտ։

«Հաշվի առնելով, որ [հուլիսի 5-ի – խմբ․] բռնության որևէ կազմակերպչի որևէ մեղադրանք չի ներկայացվել, այս ամբողջ գործը շատ տարօրինակ է և առանձնապես անարդար»,- ասել է Տաբագարին:

Մի քանի մարդու մեղադրանք է առաջադրվել «խմբակային բռնության» համար, սակայն կազմակերպիչները մինչ այժմ միայն հարցաքննվել են:

OC Media-ի հետ զրույցում Վրաստանի ՆԳՆ խոսնակը հերքել է պնդումները, թե իրենք ձգտում են, որ կոնկրետ այս պատիժը կիրառվի։ Նա ասել է, որ իրենց ներկայացուցիչներն «իրենց կարծիքը հայտնել են միայն այն բանից հետո, երբ դատավորն իրենց հարցրել է այդ մասին»:

Տաբագարիի փաստաբան Գիորգի Տաբատաձեն հակադարձու է ՆԳՆ–ի պնդմանը՝ ասելով, որ հոկտեմբերի 7-ի դատական նիստին ՆԳՆ Հին Թբիլիսիի բաժանմունքի քննիչ Գիորգի Մաչարաշվիլին անձամբ է պահանջել Գիորգի Տաբագարիի նկատմամբ կիրառել 15-օրյա վարչական կալանք՝ նման դեպքերի համար առկա ամենախիստ միջոցը:

«Ոստիկանության հասցեին քննադատությունն ամբողջությամբ տեղավորվում է խոսքի ազատության սահմաններում, որքան էլ այն անբարո թվա ցանկացած ոստիկանի համար»,- OC Media-ին ասել է Տաբատաձեն:

Մեկնաբանել