Հայաստանին ու Ադրբեջանին «կարող է մերձեցնել նորարար մտածողությունը», կարծում է Չավուշօղլուն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ խոսել է Հայաստանի մասին։ Նրա կարծիքով՝ Հայաստանին ու Ադրբեջանին կարող է մերձեցնել նորարար մտածողությունը։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Լվովի համալսարանում ելույթ ունենալիս։

«Նորարար մտածողությունն ու գործնական դիվանագիտությունը կարող են Հայաստանին ու Ադրբեջանին մերձեցնել։ ԽՍՀՄ փլուզումից հետո Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծումը նորարար գաղափար է։ Ռեակտիվ դիվանագիտության փոխարեն՝ մենք կարող ենք կիրառել նորարար մտածողություն և գործնական դիվանագիտություն՝ մերձեցնելու Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Հունաստանը և Թուրքիան, որոնք ունեն տարբեր խնդիրներ»: