Կարևոր է՝ հանրությունը ստանա ամբողջական պատասխաններ պատերազմի վերաբերյալ. Փաշինյան

Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ. այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, հայտնում են Քննչական կոմիտեից։

«Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա»,- ասել է գործադիրի ղեկավարը։

Ըստ նրա՝ «պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա»:

Վարչապետի խոսքով՝ մեր երկիրը շատ դժվար ժամանակաշրջան է ապրում և անցել է այդ դժվարության միջով «շատ լարված և կուլմինացիաներով հարուստ ժամանակահատվածում»:

«Այն, որ մենք կարողացանք այդ ժամանակահատվածը հանգուցալուծել ընտրություններով, որոնք միջազգայնորեն արձանագրվեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նաև մեր իրավակարգն ապահովող ինստիտուտների գործունեության և ամրության շատ կարևոր արտահայտություն է: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել այդ առիթով և ընդգծել, որ չափազանց գնահատում եմ այն դերակատարումը, որը նաև Քննչական կոմիտեն է ունեցել այս ընթացքում»,- շեշտել է Փաշինյանը:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն «ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով»։

Մեկնաբանել