ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, Իգոր Խովաևը՝ Ռուսաստան) հոկտեմբերի 8-ին հայտարարություն են տարածել Ժնևից:
«Համանախագահները հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք և անարգել մուտքի կարևորությունը՝ իրենց աշխատանքը կատարելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել լարվածության թուլացման հնարավոր միջոցներն ու մարդասիրական միջոցները, այդ թվում՝ ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձի վերաբերյալ: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունը՝ համաձայնության ոլորտները գտնելու համար:
Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնցում նրանք սկզբունքային պատրաստակամություն են հայտնել համանախագահների հովանու ներքո հանդիպել միմյանց: Համանախագահները անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու հնարավորությանը և կրկին հայտարարում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամության մասին՝ այդ գործընթացում հետագա քայլերը քննարկելու համար»: