Ձևաչափերի «պայքարն» ու տարածաշրջանային վերադասավորումները

44-օրյա պատերազմից հետո Արցախում և Արցախի շուրջ ստատուս-քվոյի փոփոխությունը հանգեցրել է տարածաշրջանային լարվածության նոր օջախների ստեղծմանը՝ հիմք հանդիսանալով տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխության և դրանից բխող վերադասավորումների համար: Ազդեցության գոտիների համար մղվող պայքարի կարևոր բաղադրիչներից են բանակցային գործընթացի իրականացման նպատակով առաջ քաշվող առկա կամ ապագա ձևաչափերը: Այդ հարցում Հայաստանի այսօրվա դիրքորոշումն ու մոտեցումները՝ օրակարգային խնդիրների հստակ առաջադրամբ, կենսական նշանակություն ունեն մեր պետական շահի առաջ մղման և ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման առումով:

Մինսկի խմբի «վերակենդանացո՞ւմ»

Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Սա նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո ՄԽ համանախագահության ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր: Հանդիպումից հետո տարածված մամլո հաղորդագրության մեջ նշվում էր.

«Միջնորդները ողջունում են արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020-ի նոյեմբերից ի վեր՝ այն գնահատելով որպես տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատում են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ գտնելու նպատակով կողմերի հետ աշխատանքը իրենց տրված մանդատով շարունակելու հանձնառությունը»:

Թեև երկար ընդմիջումից հետո հանդիպման փաստն ինքնին դրական կարելի է գնահատել, բայց համանախագահների համատեղ հայտարարության մեջ տեղ գտած դրույթները շատ ավելի ընդհանրական էին՝ առանց հատուկ շեշտադրումների, ինչը, օրինակ, տարբերվում էր այս տարվա ապրիլի համատեղ հայտարարությանից: Նյու Յորքի հանդիպումից անմիջապես հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան աշխատանքային այցերի վերսկսումը: Իհարկե, որևէ կերպ չի հստակեցվում, թե ինչ երթուղով են Արցախ այցելելու համանախագահները, ինչը, հայկական կողմի համար էական նշանակություն ունի Արցախի հետագա կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացի շարունակականության առումով: Ի վերջո, արդյոք այս հանդիպմանը համաձայնելով՝ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է դրսևորում շարունակել բանակցային գործընթացը հենց Մինսկի խմբի ձևաչափի շրջանակո՞ւմ, թե՞ սա պարզապես մանևրելու միջոց է, որով Ալիևը փորձում է ավելի կառուցողական դիրքերից հանդես գալու տպավորություն ստեղծել:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս մեղադրական և քննադատական բնույթի ելույթներ է հնչեցրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հասցեին, այժմ էլ շարունակաբար հայտարարում է, որ «խնդիրը լուծված է»՝ դրանով բացառելով կարգավիճակի վերաբերյալ որևէ քննարկում:

Հայաստանի շահերից է բխում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերագործարկումը, քանի որ այստեղ հնարավոր է նվազեցնել թուրքական ազդեցությունն ու դերը: Բայց չպետք է թույլ տալ, որ այս ձևաչափը դառնա միայն հումանիտար խնդիրների քննարկման հարթակ: Մեզ համար կարևոր է, որ այն ունենա համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները ուղղորդելու հստակ մանդատ: Անկախ բոլոր բարդություններից և խոչընդոտներից՝ հայկական կողմը պետք է սահմանի իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունները․

  • Արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի հստակ ամրագրում,
  • Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարց,
  • Համապարփակ քաղաքական կարգավորում, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն:

ՄԽ երեք համանախագահող երկրները ՄԱԿ-ի ԱԽ անդամ հինգ պետություններից երեքն են: Լավ մշակված դիվանագիտական աշխատանքի դեպքում ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախում կարող է ստանալ նաև միջազգային մանդատ, ինչը կօգնի չեզոքացնել արցախահայության անվտանգության հարցում Ադրբեջանից եկող սպառնալիքները:

«3+3» ձևաչափը

Մինսկի խմբի «վերակենդանացմանը» նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ակտիվ առաջարկներ և քննարկումներ էին հնչում տարածաշրջանային հարցերը այլ ձևաչափերով լուծելու վերաբերյալ:

Մասնավորապես, դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը հանդես եկավ առաջարկով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի տարածաշրջանային՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան ձևաչափով: Այս առաջարկի հիմքում, իհարկե, Իրանի դերը մեծացնելն էր:

Հետպատերազմյան փուլում «3+3» ձևաչափը ակտիվ սկսեց առաջ մղել Թուրքիան: Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ կա համագործակցության տարբերակ, որն անվանվել է հինգի կամ վեցի հարթակ: «Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»,- հայտարարեց Թուրքիայի նախագահը: Այսպես կոչված «3+3» ձևաչափը նախատեսում է մի կողմից Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը: Ըստ էության, այս առաջարկի հիմնական նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել հնարավոր այլ դերակատարների ազդեցությունը տարածաշրջանային հարցերի լուծման գործընթացում: Այս ձևաչափին չի համաձայնել Վրաստանը, իսկ հայկական կողմը դեռ ձեռնպահ է մնում դիրքորոշում արտահայտելուց:

Իրանի ԱԳ նախարարի՝ օրերս Մոսկվա կատարած այց շրջանակում ՌԴ արտգործնախարարը կրկին խոսեց այս ձևաչափի մասին՝ նշելով, որ իրանական, թուրքական և ադրբեջանական կողմերը դրական են արձագանքում, և այժմ աշխատանք է տարվում հայկական կողմի հետ: ՀՀ վարչապետը ԱԺում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, մասնավորապես նշեց, որ պետք է նախ հասկանալ, թե կոնկրետ ինչ ձևաչափերի մասին է խոսքը, ինչ նպատակներ են դրանք հետապնդում և ինչ սկզբունքների հիման վրա են աշխատելու:

Ըստ էության՝ այս ձևաչափի և դրա ընկալումների վերաբերյալ կողմերն ունեն տարբերվող և միգուցե հակասական մեկնաբանություններ: Հստակ է, որ Թուրքիայի համար սա Մինսկի խումբը չեզոքացնելու և Ղարաբաղյան հարցը այլ հարթակ տեղափոխելու նպատակ է հետապնդում: Դրա մասին ակնարկել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղուն՝ նշելով.

«Մենք կարող ենք հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության՝ միայն նոր մտածելակերպի և ակտիվ դիվանագիտության միջոցով»:

Այս սցենարի դեպքում, իհարկե, հայկական կողմի համար «3+3» ձևաչափը բազմաթիվ ռիսկեր և վտանգներ է պարունակում:

Վրացական նախաձեռնությունը

«Ձևաչափային» մեկ այլ առաջարկով է հանդես գալիս վրացական կողմը, որը, ինչպես նշեցինք, չի համաձայնում «3+3» ձևաչափին՝ հավանաբար ելնելով Ռուսաստանի գործոնից, սակայն նաև չի ցանկանում թույլ տալ, որ իրեն դուրս թողնեն տարածաշրջանային գործընթացներից՝ ստեղծելով «3+2» ձևաչափը: Այսպես, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում իր ելույթում առաջարկեց ստեղծել «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»` Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է ընդունել խաղաղության նախաձեռնության շրջանակում առաջին հանդիպումը: Դրանից հետո Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել հարթակ Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար: Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ի Բաքու այցի նախօերին հույս էր հայտնել, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը: Բաքվում Ղարիբաշվիլիի և Ալիևի կողմից՝ «տարածաշրջանային փոխակերպման կարևորության» մասին քննարկումներից օրեր անց, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Վրաստանում: «Երեք երկրների ռազմավարական համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և հսկայական նշանակությունի ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Հատկանշական է, որ երեք երկրների նախարարները Վրաստանում հետևում էին նաև հոկտեմբերի 4-ից 8-ը անցկացվող եռակողմ Eternity 2021 զորավարժություններին։

Այսպիսով, տարածաշրջանային փոխակերպումների համատեքստում միջնորդական առաքելություն իրականացնել ցանկացող վրացական կողմը խորացնում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հակառակորդների հետ: Սա խոսուն փաստ է վրացական կողմի միջնորդական առաջարկի մասին:

Մոսկվա – Երևան – Բաքու եռակողմ ձևաչափը

«Ձևաչափերի», իսկ իրականում ազդեցության և վերադասավորումների համար մղվող պայքարի համատեքստում կա և գործում է տարածաշրջանի ապաշրջափակման շուրջ աշխատող եռակողմ՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան հարթակը: Այս տարվա հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որի հիման վրա էլ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ փոխվարչապետերի մակարդակով: Այս խմբի աշխատանքներն ընդհատվեցին մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինվորների ներթափանցման հետևանքով: Թեև դրանից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, թե «նման իրավիճակը նպաստավոր մթնոլորտ չի ստեղծում բանակցությունները շարունակելու համար», սակայն օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացավ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը: Հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական զորքերը մոտ կես տարի անց շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ ապաշրջափակման մասին աշխատանքային խմբի աշխատանքների վերսկսումը որոշակի հետքայլ էր հայկական կողմի համար: Հիշեցնենք, որ զորքերի «հայելային հետքաշման» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ի պատասխան՝ Ալիևը հայտարարել էր․ «Մենք համարում ենք, որ մենք մեր տարածքում ենք: Դա Զանգեզուրի տարածքն է, մեր հնագույն հողն է… Մենք եկանք այդտեղ մայիսին և պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը»:

Փաստացի, ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծվել են լարվածության նոր օջախներ, անվտանգային նոր խնդիրներ, հայկական կողմն ունեցել է նաև զոհեր Գեղարքունիքի և Երասխի հատվածներում, տեղի են ունեցել գերեվարության նոր դեպքեր: Այս ամենի հետ մեկտեղ, ակտիվացան սահմանազատման և սահմանագծման մասին խոսակցություններն ու դրանցից բխող գործընթացները, որոնք, ամենայն հավանականությամբ, ևս ընթանալու են Մոսկվա – Բաքու – Երևան եռակողմ ձևաչափով:

Ամփոփում

Այսպիսով, Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո տեղի ունեցած քննարկումից հետո թեև ակտիվացել են խոսակցությունները Ալիև – Փաշինյան հնարավոր հանդիպման մասին, վերջերս էլ ԵԱՀՄ ՄԽ-ն իր հայտարարությամբ պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու այդ հանդիպումը, սակայն, հայկական կողմի օրակարգը մնում է չհստակեցված: «Խաղաղության դարաշրջանի բացման» մասին անորոշ հայտարարություններին զուգահեռ Բաքուն՝ Անկարայի աջակցությամբ, շարունակում է առաջարկել, իսկ ավելի ստույգ՝ պնդել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչն, իհարկե, չի կարող ընդունելի լինել Երևանի համար:

Մոտ երեք տասնամյակ ստատուս քվոյի պահպանումը Արցախում և Արցախի շուրջ, փաստացի, զսպիչ գործոն էր Ադրբեջանի ու Թուրքիայի համար, իսկ այժմ՝ ռազմական հաջողությունից հետո, այս երկու պետությունները անթաքույց հայտարարում են, որ տարածաշրջանային հարցերը լուծելու են միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը: Դրա մասին է փաստում նաև դեռ հունիսին օկուպացված Շուշիում Ալիևի և Էրդողանի միջև կնքված հռչակագիրը: Սա անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև տարածաշրջանի մյուս պետությունների համար: Նաև այս հանգամանքով են պայմանավորված իրանական կողմի անհանգստությունն ու Բաքվի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները: Դրանց ի պատասխան՝ օրերս Ալիևը հայտարարեց, որ «տարածաշրջանը այլևս չի վերադառնալու իր նախկին վիճակին, և բոլորը պետք է հաշվի նստեն այս հանգամանքի հետ»:

Փաստացի, Ալիևը, չմերժելով քննարկման համար առաջարկվող առկա կամ ձևավորվող որևէ հարթակ ու ձևաչափ, իրականում խուսանավում և մանևրում է այդ ձևաչափերի միջև՝ միաժամանակ «բացառելով կարգավիճակի վերաբերյալ որևէ քննարկում» և առաջ մղելով իր օրակարգը: Գործնականում թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր ակտիվ դերը տարածաշրջանում: Միայն սեպտեմբերին յոթ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել, մեկն էլ՝ Պակիստանի մասնակցությամբ, իսկ մեկ ուրիշը՝ Բերձորի մոտակայքում՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրին շատ մոտ:

Ընթացող ակտիվ զորավարժությունները, քննարկումներն ու հնչող հայտարարությունները փաստում են, որ Բաքուն ու Անկարան պատրաստվում են ցանկացած հնարավոր սցենարի, այդ թվում՝ ուժի հնարավոր կիրառմանը՝ իրենց ռազմավարական նպատակները լուծելու համար:

Տաթևիկ Հայրապետյանը Ադրբեջանի հարցերով փորձագետ է, պատմական գիտությունների թեկնածու: Եղել է ՀՀ Ազգային Ժողովի 7 -րդ գումարման պատգամավոր: Համահեղինակ է մեկ մենագրության, հեղինակ՝ երկու մենագրության, 100-ից ավելի գիտական և վերլուծական հոդվածների։

Մեկնաբանել