Գործատուն աշխատողին կարող է ազատել աշխատանքից, եթե ՊՇՌ թեստ չհանձնի կամ չպատվաստվի․ առաջարկ

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք է ստանում աշխատողին աշխատանքի չթույլատրել, ընդհուպ՝ աշխատանքային պայմանագիրը լուծել, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չի ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։

Պարզ ասած՝ նախագծի ընդունման դեպքում աշխատողը ունենալու է երեք տարբերակ՝ աշխատանքի ներակայանալիս ՀՀ առողջապահության համապատասխան հրամանի համաձայն ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքը կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանք: Պետք է արձանագրել, որ նախագծի համաձայն՝ այս նորմը գործելու է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի աշխատակիցների դեպքում։

«Աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»,- նշված է առաջարկում։

Ըստ իրավական փաստաթղթի հեղինակների՝ «աշխատողներին և հանրային իշխանության մարմիններում ծառայողներին հնարավորություն է տրվում ողջամիտ ժամկետում փոխել իրենց վարքագիծը՝ նախագծերով նախատեսված անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար»:

Հանրային ծառայողների ու մասնավոր ոլորտի ներկայացուցիչների դեպքում այդ ժամկետները նույնն են։ Նախագիծը հնարավորություն է տալիս գործատուին առանց աշխատակցին ծանուցելու լուծարել պայմանագիրը, եթե աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել:

Նախագծը նոր է տեղադրվել հանրային քննարկման։ Այս փուլն անցնելուց հետո այն պետք է հաստատվի կառավարության կողմից և ուղարկվի Ազգային ժողով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել