Վրաստանի վարչապետը ժամանել է Երևան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

«Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և զորակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ չի չեղարկել իր այցը Հայաստան:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին զորակցության խոսքերի համար:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»,- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

***

Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 8-ին, երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի էր մեկնել Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։

Հետպատերազմյան շրջանում Թբիլիսին փորձում է ակտիվ դեր խաղալ Բաքվի ու Երևանի միջև՝ հայտարարելով, որ ուզում է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Սեպտեմբերի 29-ին Ղարիբաշվիլին մեկնել էր Բաքու։ Այցից առաջ նա հայտարարել էր, որ կկարողանա իր ողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել