Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտված կո՞ղմ

Ռուսական «Սպառազինությունների արտահանում» ամսագրի հրատարակիչ, Մոսկվայի Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ՌԴ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ Ռուսլան Պուխովի խմբագրությամբ վերջերս լույս է տեսել «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) վերտառությամբ գիրք, որը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերաբերյալ տարբեր հեղինակների հոդվածների ժողովածու է։ ՍիվիլՆեթը գրքի վերաբերյալ արդեն իսկ մի քանի հոդված հրապարակել է․ տե՛ս՝

Ռուսաստանի ռազմավարական նպատակները Ղարաբաղում․ Ռուսլան Պուխովի անդրադարձը

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Ստորև Ռուսլան Պուխովի՝ «Փոթորիկ Կովկասում» գրքում հրապարակած հոդվածն է, որը վերնագրված է՝ «Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտված կո՞ղմ»։

Ռուսլան Պուխովը

2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը 44 օր տևած Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ավարտվեց հայկական կողմի ծանր, եթե չասենք՝ ջախջախիչ պարտությամբ։ Պատերազմի արդյունքում Հայաստանի իշխանությունները ստիպված եղան փաստացի անձնատուր լինել Ադրբեջանին՝ Ռուսաստանի Դաշնության երաշխիքներով։ Արդյունքում, հանձնվել են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ ավելի քան 26 տարի Ադրբեջանի օկուպացված բոլոր տարածքները, այլև էական հատված է կորսվել է բուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ խորհրդային շրջանի ինքնավարության սահմաններից, այդ թվում՝ Ղարաբաղի՝ նշանակությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին։

Պատերազմի արդյունքում հայկական կողմի վերահսկողությանը մնացած ԼՂՀ-ի մի մասը ակնհայտորեն քիչ կենսունակ է, կախված է ադրբեջանական տարածքով անցնող հաղորդակցություններից, և նրա գոյությունն ու գոյատևումը բացառապես ապահովում են տարածաշրջան մտցված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնց մանդատը պաշտոնապես սահմանափակված է հնգամյա ժամկետով: Փաստորեն, Մոսկվան ստիպված եղավ սպառնալ զինված միջամտությամբ, որպեսզի Բաքվին ստիպի գնալ զինադադարի և հայերի համար գոնե ինչ-որ բան փրկի Ղարաբաղում։ Երևանը ստիպված էր գնալ մի շարք ստորացուցիչ պայմանների, այդ թվում Ադրբեջանին դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցք տրամադրելու պատրաստակամության։

Ընդ որում, ադրբեջանական կողմը բացահայտորեն հրճվում է իր հաղթանակով՝ բազմաթիվ ակնարկներ անելով Ղարաբաղում ստեղծված ստատուս քվոյի ժամանակավոր լինելու վերաբերյալ, պահելով հայ գերիներին, անընդհատ ահաբեկելով ու սադրելով հայկական կողմին և սահմանային «կարգավորման» ընթացքում սկսելով արդեն ինչ-որ տեղ ոտնձգություն կատարել բուն Հայաստանի տարածքի վրա։

Խաղաղությունը Ռուսաստանի համար չէ

Կարելի՞ է արդյոք համաձայնել այն եզրակացության հետ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքները աղետալի էին ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Գործնական առումով Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական արշավը տապալեց Անդրկովկասում ստատուս քվոյի պահպանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռման երկարատև կառուցված ռուսական գիծը:

Կարելի՞ է արդյոք ասել, որ ավելի լայն առումով այդ պատերազմը հետխորհրդային տարածքում դրեց Ռուսաստանի՝ իր գերիշխող ազդեցությունը պահպանելու փորձերի սահմանագիծը։ Կայսրուհի Եկատերինա Մեծը ինչ-որ ժամանակ ձևակերպել էր մեծապետական գերիշխանության բանաձևը՝ «որ առանց մեր գիտության Եվրոպայում ոչ մի թնդանոթ չկրակի»: Տվյալ դեպքում հրանոթները կրակել են, և բոլորովին առանց Ռուսաստանի գիտության։ Այն փաստը, որ Բաքուն լայնածավալ պատերազմի է գնացել ՀԱՊԿ-ի մասով Ռուսաստանի պաշտոնական դաշնակցի դեմ, լիովին անտեսելով հրադադարի վերաբերյալ Մոսկվայի բազմաթիվ կոչերը, բացահայտ մարտահրավեր է դարձել Ռուսաստանի ղեկավարության հասցեին։

Ռուսաստանի ղեկավարությունը հայտնվեց իրադարձությունների եզրադաշտում՝ 44 օրերի ընթացքում դիտելով, թե ինչպես են ադրբեջանցիները փաստացի ջախջախում Հայաստանի՝ ռուսականին «ինտեգրված» զինված ուժերը։ Ռուսական լրատվամիջոցները ստիպված էին այս ու այն կողմ անել՝ ամեն կերպ ապացուցելով, որ ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, ուստի ՀԱՊԿ առաջնորդ Ռուսաստանն այդ պատերազմում գործ չունի և պարտավոր չէ միջամտել Հայաստանին օգնելու համար։ Բայց, ինչպես սիրում էր ասել Վլադիմիր Լենինը, դա «ֆորմալ առումով ճիշտ էր, բայց, ըստ էության՝ ծաղրանք»: Առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը անդամակցել է ՀԱՊԿ-ին և պահպանել սերտ պաշտպանական համագործակցությունը նախևառաջ հենց այն նկատառումով, որ Ռուսաստանը ՀԱՊԿ մեխանիզմների միջոցով զսպելու է թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական առումով։ Արդյունքում պարզվեց՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության գլխավոր շարժառիթը չաշխատող է, ռուսական ռազմական պրոտեկտորատը՝ թերի։

Այս իրադարձություններն արդյոք կդառնա՞ն բարոյական և քաղաքական կործանում ՀԱՊԿ-ի և նախկին ԽՍՀՄ տարածքում պաշտպանական առաջնորդության ամբողջ ռուսական կառուցվածքի համար։ ՀԱՊԿ-ում և նրա սահմաններից դուրս բոլորին պարզ դարձավ, որ Ռուսաստանի աջակցությունը ի պաշտպանություն ՀԱՊԿ-ի իր ֆորմալ դաշնակիցների չի լինելու ինքնըստինքյան, այլ լինելու է մոսկովյան քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված։ Ակնհայտ են ՀԱՊԿ-ի հեղինակությանը հասցված վնասը, որն առանց այն էլ շատերը համարում էին ձևական պաշտպանական միություն, նաև՝ դաշինքի անդամների խարխլված հավատը Մոսկվայի զորության հանդեպ:

Երբեմն հնչում է այն թեզը, որ հենց ՀԱՊԿ մեխանիզմների առկայությունն է Հայաստանին պաշտպանել իր տարածքում Ադրբեջանի զինված ուժերի գործողություններից։ Սակայն, ինչպես երևում է, ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի տարածք քիչ հավանական էր տվյալ պարագայում միջազգային հանրության ակնհայտ բացասական դիրքորոշման պատճառով (չնայած «հանրություն» հասկացության՝ արժանիորեն արժեզրկված լինելու աստիճանին՝ իրեն(ց) գերագնահատած «մեկ ազգ, երկու պետությունը» այդ պարագայում կհայտնվեր թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի ծանրակշիռ պետությունների միանգամայն համախմբված ճակատի հակազդեցությանը)։ Ընդ որում, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը չէր կաշկանդվում բուն Հայաստանի տարածքում անօդաչու միջոցներով հարվածներ հասցնել հայկական զենիթահրթիռային համակարգերին և օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, ու դա չհանգեցրեց որևէ «ՀԱՊԿ-ի մեխանիզմների կիրառման»։

Ի վերջո, հատկանշական է, որ Թուրքիայի հետ դաշինքով է Ադրբեջանն այդ պատերազմին գնացել ու ռազմական գործողություններում իր տարածքից ակտիվ կիրառել թուրքական օդաչուավոր և անօդաչու օդուժ։ Դա ԽՍՀՄ փլուզումից ի վեր հետխորհրդային տարածքում արտաքին ռազմական ուժի ուղղակի ռազմական ներխուժման առաջին և եզակի դեպքն էր։ Ընդ որում, Մոսկվան, որն ավանդաբար խիստ էր արձագանքում նախկին Խորհրդային Միության տարածքում արևմտյան երկրների միջամտության ցանկացած ստվերի, տվյալ դեպքում նախընտրեց չնկատել թուրքական ուղղակի ռազմական ներխուժումը։ Ռուսաստանը պաշտոնապես չարտահայտվեց նաև Ադրբեջանի տարածքում թուրքական զինված ուժերի փաստացի մշտական տեղակայմանը։ Կրկին հարց է առաջանում՝ արդյոք դա բեկումնային կետ չի՞ դառնա ողջ նախկին ԽՍՀՄ/ԱՊՀ-ի համար և արևմտյան երկրներին դա արդյոք չի՞ դրդի ուժեղացնել միջամտությունը նախկին միութենական հանրապետությունների գործերին։

Դա արդեն իսկ աշխուժացրել է հակառուսական բոլոր ուժերին նախկին ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ նույն Ադրբեջանում, որի գործիչների հայտարարությունների տոնը դարձել է հանդուգն ու համառ, ինչպեսև՝ Ադրբեջանի հետպատերազմյան քաղաքականության ոճը։ Ըստ էության, ինչո՞ւ հիմա Բաքուն պետք է շարունակի հավասարակշիռ քաղաքականություն վարել կայսերական երեք ազգերի՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև, որոնք վերջին երեք դարերում այստեղ գլխավոր դերակատարներն էին։ Ազգային գլխավոր խնդիրը՝ 1994-ին կորցրած տարածքների հիմնական մասի վերադարձը, լուծված է, Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցությունն ապահովված է, և Մոսկվայի հետ երկխոսությունում թույլատրելի է այլ տոնայնություն։

Արդյունքում Մոսկվայի ընդհանուր ազդեցությունն Անդրկովկասում նվազել է և, ընդհակառակը, բարձրացել է Անկարայի հաջողակ ու կռվարար հեղինակությունը, ընդ որում՝ ոչ միայն Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններում։ Ռուսների հաճախորդն ու դաշնակիցը պարտվել է։ Թուրքերի դաշնակիցը համոզիչ հաղթանակ է տարել։ Արդյոք դա առիթ չէ՞ մտածելու, թե որ նախագիծն է ավելի հեռանկարային՝ հետխորհրդային ինտեգրացմա՞ն, թե՞ պանթուրքական վերածնունդը։ Առօրեական ընկալմամբ՝ արդիականացման ու քաղաքական, տնտեսական և ռազմական շինարարության թուրքական մոդելի հեղինակությունը աննախադեպ բարձրության է հասել, իսկ Թուրքիայի հաղթական անօդաչուները դարձել են մահմեդական ազգի՝ միջնադարից ի վեր չտեսնված ռազմական և տեխնոլոգիական հաջողության խորհրդանիշը: Ու թեև Աֆղանստանում տալիբների անսպասելի արագ հաջողությունը Կենտրոնական Ասիայի երկրներին կրկին ստիպել է հայցել ոչ այլ մեկի, քան Մոսկվայի աջակցությունը, սակայն երիտթուրքական՝ թեկուզ արծաթե դարի գայթակղությունը միանգամայն կարող է գերակշռել էվֆեմիստորեն ասած՝ անխուսափելի ծախքերի անաչառ հաշվարկին։

Մտահոգություն է առաջացնում նաև «անջատողականների» հետ Ադրբեջանի հաջող պատերազմի բացահայտ ոգևորիչ օրինակը, որը տեսել է Կիևը. հատկանշական է, որ հենց 2020-ի աշնանից ուկրաինական կողմի նախաձեռնությամբ է ընդհատվել Դոնբասում հազիվ սկսված սահմանափակ խաղաղ գործընթացը: Արդեն 2021-ի գարնանը գործը հասավ «ռազմական տագնապի», որը Ռուսաստանին ստիպեց իր՝ Ուկրաինայի սահմանամերձ տարածքներում կենտրոնացնել զորքերի խոշոր խմբավորում, որպեսզի սառեցնի Կիևի՝ նորից բորբոքված ռազմական ավյունը։ Ուկրաինան կտրուկ ակտիվացրել է համագործակցությունը Թուրքիայի հետ և ավելացրել թուրքական սպառազինությունների գնումները, այդ թվում՝ տխրահռչակ Bayraktar TB2 հետախուզական-հարվածային անօդաչու սարքերի: Կասկած չկա, որ Ուկրաինայում Ադրբեջանի իրականացրած ռազմական սցենարը դիտարկում են որպես օրինակ՝ առաջին իսկ հարմար դեպքում հարձակվելու Դոնբասի վրա։

Անվանապես Ռուսաստանը դարձավ գլխավոր միջնորդն ու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցման բարեխոսը, սակայն այստեղ ևս նա ստիպված էր խաղաղ գործընթացի համահովանավոր կանչել Թուրքիային՝ ստեղծելով հերթական տհաճ նախադեպը հետխորհրդային տարածքի համար և հավաստելով Անդրկովկասում թուրքական միջամտության գործընթացը։ Տեխնիկապես Ռուսաստանն իր պրոտեկտորատի տակ ստացավ սառեցված հակամարտությամբ ևս մեկ տարածաշրջան՝ Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ մեկտեղ, որտեղ խաղաղությունն ու կայունությունը պաշտպանվում են միայն Ռուսաստանի ռազմական զորակազմի սվիններով։ Այս հակամարտությունների համար ընդհանուր է այն, որ ռուսական ռազմական ներկայությունը բոլոր դեպքերում ուղղված է նախևառաջ այդ տարածքների ռազմական զավթումը կանխելուն՝ նախկին միութենական հանրապետություն-մետրոպոլիաների կողմից, որոնք դրանք իրենց մասն են համարում։

Սակայն Ղարաբաղում իրավիճակի արմատական տարբերությունն այն է, որ հակառակ Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակների, որտեղ մետրոպոլիաները՝ ի դեմս Մոլդովայի և Վրաստանի, թույլ են ու հազիվ թե համարձակվեն ռազմական ռևանշի, Լեռնային Ղարաբաղի վերադարձին հավակնում է հաղթանակից հետո ավելի ուժեղ և հանդուգն Ադրբեջանը, իսկ ամենակարևորը՝ նրա հետևից՝ մշուշոտ Թուրքիան։ Եվ կա բավական մեծ հնարավորություն, որ խաղաղ համաձայնագրերով պայմանավորված հնգամյա շրջանի ավարտից հետո Անկարան և Բաքուն կարող են փորձել հասնել ռուսական զորքերի հեռացմանը և Լեռնային Ղարաբաղի գրավման ավարտին։ Դրանք անտեսելը, ինչպես Մոսկվան, փաստորեն, անտեսում է Մոլդովայի և Վրաստանի նկրտումները, չի հաջողվի, և դրանով իսկ ղարաբաղյան ներկայիս «խաղաղ կարգավորման» արդյունքում մեծավեր հնարավոր հակամարտության հիմքն է դրված։

Եթե անգամ Ադրբեջանն ու Թուրքիան Ղարաբաղի պատճառով ուղղակի առճակատման չգնան Մոսկվայի հետ, միանգամայն ակնհայտ է, որ կարգավորման և ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության ժամանակավոր կարգավիճակը նրանց լծակ է տրամադրել բազմաթիվ հարցերում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, նրան շանտաժի ենթարկելու ու տարատեսակ զիջումներ կորզելու համար։ Այս ամենին գումարած՝ ռուսական ուժերը Ղարաբաղում կտրված են ռուսական տարածքից և կախված են Ադրբեջանի տարածքով հաղորդակցությունից, ըստ էության, որոշ չափով լինելով Բաքվի պատանդը։

Իսկ Լեռնային Ղարաբաղի մնացած մասն իր ներկայիս վիճակով անցել է Ռուսաստանի լիակատար պրոտեկտորատի և փաստացի՝ հոգածության ներքո։ Ընդ որում, Ռուսաստանի համար այդ տարածքը գրեթե աննշան է և միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հնարավոր հակամարտությունների աղբյուր է։

Հայտնվելով ղարաբաղյան կարգավորման երաշխավորի ու հայկական վերահսկողության տակ մնացած Ղարաբաղի՝ որպես հայկական անկլավային ինքնավարության փաստացի պահապանի դերում՝ Ռուսաստանը, ենթադրաբար, ձգտելու է ստեղծել փաստերի քաղաքականություն՝ ամեն կերպ առայժմ խուսափելով Ղարաբաղի կարգավիճակի անհարմար հարցից։ Բնականաբար, ռուսական վերահսկողության ներքո հայկական անկլավի փաստացի գոյությունը գնալով ավելի է ծանրանալու ադրբեջանական կողմի համար։

Խնդիրների շարքը կավելացնեն նաև Ղարաբաղի հայ բնակչության քաղաքացիության ու Հայաստանի հետ անկլավի հաղորդակցության հարցերը։ Բացասական հավելյալ դեր կխաղա թուրքերի ներկայությունը, որոնք մեծ հավանականությամբ կբորբոքեն ադրբեջանցիներին, առավել ևս, որ Անկարան կարող է իրեն թույլ տալ հանդես գալ որպես անպատասխանատու ուժ և գործել լրիվ բացասական տիրույթում:

Թուրքիան, պատերազմում լայնածավալ աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին, ղարաբաղյան ճգնաժամից ընդհանուր առմամբ ակնհայտորեն ավելի քիչ է ստացել, քան ակնկալում էր, և միանգամայն կարող է հանդես գալ որպես ռևիզիոնիստ։ Այս ամենը Ռուսաստանի համար հնարավոր մեծ բարդություններ են, որոնց դիմագրավելը հավանաբար կարող է լինել Անկարային ու Բաքվին նոր զիջումների հաշվին։ Հնգամյա ժամկետը լրանալուց հետո ռուսական զորքերի դուրսբերման թեմայի արծարծումը, հատկապես՝ արևմտյան երկրների կողմից, որոնք նույնպես կարող են անպատասխանատու սադրիչների շահավետ դիրք գրավել, Ռուսաստանի համար կարող է ստեղծել քաղաքական առճակատման լրացուցիչ հանգրվան:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ելքը երկարաժամկետ կտրվածքով ակնհայտորեն բարդացրել է Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ: Իհարկե, հայ հասարակությունը խորապես հիասթափված էր Մոսկվայի չեզոք դիրքորոշումից, որը առնվազն հակասում էր ՀԱՊԿ պարտավորությունների ոգուն: Պատերազմի արդյունքում Ռուսաստանն ինքը, հակասականորեն, Հայաստանում ստիպված եղավ աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որին Մոսկվան նախկինում կասկածելիորեն համարում էր արևմտամետ և ոչ լիովին հավատարիմ առաջնորդ: Այժմ Փաշինյանի վարչակարգը Ռուսաստանի համար վերածվել է հայկական կողմից խաղաղության համաձայնությունների հիմնական երաշխավորի և արդյունքում հնարավորություն է ստացել ոչ միայն գոյատևել, այլև ամրապնդել է իր դիրքերը Մոսկվայի նկատմամբ:

2021-ին Հայաստանում կայացած ընտրությունները հաստատեցին, որ չնայած ռազմական պարտությանը, հայ հասարակության մեծամասնությունն աջակցում է Փաշինյանի քաղաքականությանը, և ցույց տվեցին հայաստանյան քաղաքական դաշտում առավել ռուսամետ տարրերի թուլությունը: Այսպիսով, կարող ենք ասել, որ բարոյական և քաղաքական առումով Ռուսաստանի ազդեցությունը հայ հասարակության վրա թուլացել է, և ըստ երևույթին վաղ թե ուշ դա կգտնի իր քաղաքական արտահայտությունը:

Ընդ որում, տպավորություն կա, որ հայ հասարակությունը և էլիտար շրջանակները որևէ լուրջ եզրակացություն չեն արել 2020-ի ռազմական աղետից՝ առայժմ հիմնականում գտնվելով անպատասխանատվության, անլրջության և ինքնասիրահար ​​շովինիզմի (նաև Ռուսաստանի դեմ) տարօրինակ խառնիճաղանջ վիճակում։ Ռուսաստանն այլևս չի կարող հույսը դնել հայերի վրա՝ որպես Անդրկովկասի լուրջ ռազմական ուժի:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել