Պեսկովը հայտնել է Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման նախապատրաստման մասին

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո։ Նման հանդիպում նախապատրաստվում է», – ասել է նա՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցին։

Հատկանշական է, որ մինչև Փաշինյան-Պուտին հանդիպումը հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Թեև այցի նպատակի ու օրակարգի մասին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը մանրամասներ չի հաղորդում, սակայն նման այցերը սովորաբար միտված են պետությունների ղեկավարների հանդիպումից առաջ օրակարգային հարցերի հստակեցմանը:

2021 թվականին Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով։

Հայաստանի ու ՌԴ-ի առաջնորդների վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։ Նրանք հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրությունը:

Զրույցի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ունեցած ներդրման համար և երախտագիտություն հայտնել Կրեմլի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար: Կողմերն անդրադարձել են նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում տարածաշրջանում հետագա գործողություններին:

Մեկնաբանել