Ըստ ՍԴ-ի՝ զրպարտության ու վիրավորանքի համար առավել խիստ պատիժ նախատեսող օրենքը սահմանադրական է

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2021-ի մարտին ԱԺ-ի կողմից ընդունած օրինագիծը, որով ավելի է բարձրացվում վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման չափը։ Այս իրավական փաստաթուղթը հեղինակել էր այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի առաջարկի համաձայն՝ վիրավորանքի համար գործող 1 մլն դրամի հատուցման չափը կբարձրացվի մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության դեպքում 2 մլն դրամ փոխհատուցումը՝ մինչև 6 մլն դրամ։

Դատարանի հոկտեմբերի 5-ի որոշման մեջ նշված է, որ «փոխհատուցման առավելագույն չափի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովելու այդ փոխհատուցման որոշակիությունը, ինչպես նաև իրավաչափ հայեցողություն է ապահովում դատարանի համար յուրաքանչյուր կոնկրետ գործով՝ ելնելով գործի փաստական հանգամանքներից որոշելու փոխհատուցման չափը»։

Զրպարտության և վիրավորանքի մասին՝ առավել մանրամասն

Զրպարտությունն ու վիրավորանքի բացատրությունը սահմանվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով։ Ըստ այդմ՝

Վիրավորանքը «խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է»,

Զրպարտությունը «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»։

Իրավաբաններ Արա Ղազարյանի և Արտակ Զեյնալյանի հեղինակած «Զրպարտություն և վիրավորանք» ձեռնարկը չորս նախապայման է առաջ քաշում զրպարտության և երեքը՝ վիրավորանքի առկայությունն ապացուցելու համար։

Ըստ ձեռնարկի՝ զրպարտությունը պետք է լինի փաստի մասին, հրապարակային, չհամապատասխանի իրականությանը և արատավորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Հրապարակային է համարվում այն արտահայտությունը, որը կատարվել է առնվազն երրորդ անձի ներկայությամբ, ըստ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով նախադեպային որոշման։ Վիրավորանքի դեպքում հրապարակային և պատիվը արատավորող նախապայմաններից զատ, ներառվել է նաև դիտավորությունը։

Ուշագրավ մեկ այլ հանգամանք, որն, ըստ էության Ալեն Սիմոնյանը, աչքաթող է արել. դատարանները պատասխանատվության չափը որոշելիս առաջնորդվում են համաչափության սկզբունքով։

Այս հանգամանքին իր առաջարկության մեջ ուշադրություն է հրավիրում կառավարությունը։

Ըստ գործադիրի՝ եթե պատասխանողը լրագրող է կամ լրատվամիջոց, դատարանները սահմանում են փոխհատուցման այնպիսի չափ, որպեսզի չխոչընդոտվի լրատվամիջոցի բնականոն աշխատանքը և, արդյունքում, տեղեկատվության բնականոն հոսքը, քանի որ վերջինս արդեն հանրային ընդհանուր շահ է ներկայացնում։

Որպես օրինակ բերենք Տիգրան Արզաքանցյանն՝ ընդդեմ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի գործը։ Հայցվորը պահանջել էր 1 մլն դրամ փոխհատուցում, մինչդեռ դատարանն արձանագրել է, որ այն «խիստ անհամաչափ պահանջ է և կարող է լրջորեն վնասել տվյալ լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքը»։ Դատարանը, «հաշվի առնելով պատասխանողի գույքային դրությունը, մասնավորապես, թերթի ոչ մեծ տպաքանակը, թերթի արժեքը, տեղեկատվության տարածման շրջանակը», փոխհատուցման գումար է սահմանել 200 հազար դրամ:

Շարքային քաղաքացու դեպքում դատարանները փորձում են «անձին անհարկի գույքային մեծ բեռի տակ չդնել»։ Օրինակ՝ քաղաքացիական գործերից մեկով դատարանը հաշվի է առել պատասխանող ֆիզիկական անձի ցածր աշխատավարձը և վարձակալությամբ բնակվելու հանգամանքները, իսկ պատասխանող իրավաբանական անձի մասով՝ ընկերության վնասով աշխատելու և սնանկության եզրին գտնվելու հանգամանքները։ Այս ամենով հանդերձ դատարանն ամբողջությամբ մերժել է հայցվորի դրամական փոխհատուցման պահանջը։

Կառավարությունը նախագծի հեղինակին նաև առաջարկել էր հաշվի առնել, որ տարբեր են փոխհատուցման չափերը արևմտյան երկրներում։ Նշվում է, որ Բելգիայում, Նորվեգիայում և Իտալիայում սահմանված է մինչև 2 000 եվրո գումարի տուգանք։

Մեծ Բրիտանիայում, երբ անձը զրպարտում է ընտրություններին մասնակցող թեկնածուին, և որի մեղքը հաստատվում է դատարանի կողմից կայացված վճռով, կարող է նշանակվել մինչև 5 000 ֆունտ ստեռլինգ տուգանք: Մեծ Բրիտանիայում նվազագույն աշխատավարձը 1 360 ֆունտ է։

Ֆրանսիայում վիրավորանքի և զրպարտության համար կարող է առաջանալ, ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական պատասխանատվություն: Անձին հասարակական վայրում ռասսայական, կրոնական, ազգային, սեռական պատկանելիության և այլ հանգամանքների պատճառով վիրավորելը կարող է առաջացնել պատասխանատվություն 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկման կամ 22 500-ից մինչև 45 000 եվրո տուգանքի չափով: Ըստ կառավարության՝ հազվադեպ է հանդիպում, երբ հայցվորն ստանում է 10.000 եվրո փոխհատուցում, հիմնականում այն կազմում է սիմվոլիկ 1 եվրո: Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը 1539 եվրո է։

Գերմանիայում նախագահին, կառավարության կամ սահմանադրական դատարանի անդամին վիրավորելն առաջացնում է տուգանք 650 եվրոյի չափով կամ ազատազրկում 5 տարի ժամկետով: Գերմանիայում նվազագույն աշխատավարձը 1 584 եվրո է։

Ըստ կառավարության՝ հայաստանյան իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման առավելագույն չափը չի կիրառվում կամ կիրառվում է շատ հազվադեպ։ Երկու տասնյակից ավելի գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առավելագույն պատժաչափը 800 հազար դրամ է։

Դատարանների կողմից կիրառվող նախընտրելի միջոցներ են հրապարակային հերքումը, դատավճռի հրապարակումը լրատվության միջոցներով կամ դրանց համակցությունն ավել փոքր չափի դրամական փոխհատուցման հետ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել