Այս տարի 600-ից ավելի աղջիկ երեխա դպրոց չգնաց

աղջիկ երեխայի միջազգային օր

Հոկտեմբերի 11-ը աղջիկ երեխայի միջազգային օրն է: Մի պատճառ եղած պիտի լինի, որ հատուկ օր սահմանեն աղջկա համար: Մենք մեկն ունենք՝ վերջին ութ տարում մոտ 5 000 չծնված աղջիկը:

Այս տարի 600-ից ավելի աղջիկ երեխա դպրոց չգնաց: Անկախությունից ի վեր, մոտավոր գնահատականներով 40 000 աղջիկ երեխա չի ծնվել: Այս խնդրի մասին հանրությունը սկսեց իրազեկվել 2012 թվականից: Միայն այդ տարվա ընթացքում 884 աղջիկ չէր ծնվել: Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները Հայաստանում նման իրավիճակ էին ստեղծել:

Պետությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, ջանասիրաբար պայքարեց այս միտումը փոխելու համար: Ամեն ինչ արեց, որպեսզի հավասարակշռի կնոջ սեռական և վերարտադրողական իրավունքն ու առողջությունը՝ չզիջելով անվտանգ և օրինական աբորտի իրավունքը՝ աղջիկ երեխայի համար արդար հնարավորություն ապահովելու անհրաժեշտության հետ: 2020 թվականին այդ թիվը նվազել էր: Այդ տարի չծնվեց 356 աղջիկ:

Հինգ տարի առաջ, հետազոտական աշխատանքների շրջանակներում, տնային տնտեսություններից մեկում հարցվող կանանցից մեկի խոսքերը դաջվեցին մտքումս: Բազում հարցերի շարքում հարցնում էինք ապագա երեխաների սեռը: Հարցերի շարքում դա չկար, բայց կինը հանկարծակի անկեղծացավ ու պրկված մտքից կարծես պատռված արտաբերեց. «Տղա, էլ ի՞նչ, ես ի՜նչ կյանք եմ ունեցել, որ աղջիկ բերեմ»: Գիտեմ՝ հիմա կասեք, որ մայրերն են մեղավոր: Սա բավական տարածված միտք էր ու մեղադրական, բայց պարզվեց խնդիրն ավելի խրթին է ու կնոջ որոշման հետ կապ չունի:

Տղայի նախապատվությունը, որի արդյունքում սեռով պայմանավորված ընդհատում էին աղջիկ սաղմի զարգացումը, արտացոլում է կանանց ու աղջիկների շարունակական ցածր կարգավիճակը մեր հասարակությունում: «Տղայի նախապատվության կառուցվածքը՝ անուղղակի զուգորդումներից մինչև բացահայտ վարք» գիտական հոդվածի արդյունքները հարցով հետաքրքրված մասնագետներին զարմացրին: Պարզվեց նախապատվության արմատը ընտանիքի հոր, արհեստական ընդհատման դիմած կնոջ ամուսնու ուղեղի ինքնաշխատ համակարգի աշխատանքի արդյունքում՝ տղայի նախապատվություն առաջացնող անուղղակի զուգորդումների արդյունք է: Այս անգամ էլ տղամարդուն չդարձնենք պարսավանքի թիրախ, ինչպես նախկինում հաճախ մեղադրում էինք կնոջը:

Անուղղակի զուգորդումների չափումները թույլ տվեցին պարզել աղջիկ ու տղա հասկացությունների, դրանց ցանկալի կամ ոչ այդքան ցանկալի լինելու զգայական գնահատման և ընտանիքի շարունակողի կարծրատիպերի միջև մտազուգորդումների (ասոցիացիաների) ուժը: Հարցվողները՝ կին, ամուսին և սկեսուր, փորձարարական հետազոտական գործիքի միջոցով փորձում էին արագ դասավորել աղջիկ ու տղա հասկացությունները այդ դրական կամ բացասական զգացումներն ու ընտանիքի շարունակականությունը կամ ընդհատումը իմաստավորող հասկացությունների հետ: Հարցմանը մասնակցած 2700 անձի տվյալների վերլուծության հիման վրա պարզվեց, որ ամուսինների՝ տղամարդկանց անուղղակի զուգորդման թեստի արյդունքները ճշգրտորեն կանխատեսում էին ընտանիքում ծնված վերջին երեխայի սեռն ու ապագայում երեխա ունենալու ցանկությունն այն դեպքում, երբ ընտանիքում դեռևս տղա երեխա չի ծնվել: Պարզ դարձավ, որ տղամարդկանց ուղեղում առկա տղայի նախապատվության խնդրի հետ մի բան էր պետք անել: Այլ բացահայտումների թվում նաև պարզվեց՝ երբ տղամարդը նման նախապատվություն չունի, այդ ընտանիքում կինը ապահովագրված է սեռով պայմանավորված արհեստական ընդհատման ռիսկից: Ինքն իրեն պարտավորված չի զգա կամ իրեն ուղղակի ու անուղղակի ճնշումների չի ենթարկի, եթե պարզվի աղջիկ երեխա է սպասում: Պարզվեց՝ կինը որոշում կայացնողը չէ: Պարզվեց նաև, որ տղամարդն էլ, որքան էլ հակասական է, ամբողջական պատասխանատվություն չի կրում տղա երեխայի նախապատվության համար: Բա այդ դեպքում ո՞վ է պատասխանատու:

Հետազոտության տեսական ու տեխնիկական մանրամասները մի կողմ թողնելով՝ հարկ է նշել, որ մեդիան և մասնավորապես տեղական հեռուստաալիքները ազդեցիկ գործիք են կարծրատիպերի ձևավորվման, դրա արդյունքում անգիտակցության աստիճանի հասցնող անուղղակի մտազուգորդումների՝ այդ թվում տղայի նախապատվության համար: Կախված նրանից՝ թե տղամարդը հեռուստացույց էր դիտում, թե այլ բան կարելի էր մեծ ճշտությամբ նկարագրել կարծրատիպային մտածողության առկայությունը: Մասնավորապես, հայկական հեռուստաալիքներին հետևող տղամարդկանց շրջանում կնոջ կարծրատիպային ընկալումը՝ որպես ճաշ եփող, խնամող ու տնային տնտեսուհի, բավականին ցցուն երևակվում էր: Ավելին, հայկական հեռուստաալիքներին հետևող տղամարդկանց շրջանում կնոջ տղա երեխա ունենալու պարտադիր պայմանը վիճակագրորեն նշանակալի արդյունքներ էր արձանագրել: Որքան հաճախ էին մեր հեռուստաալիքներին հետևում հարցված տղամարդիկ, այնքան հավանական էր, որ լիովին համաձայն լինեին կնոջ՝ երեխա ունենալու անհրաժեշտության հետ մինչև որդի ծնելը: Մի խոսքով, մեդիայի ոլորտում աշխատողների շրջանում այս ամենը մտածելու առիթ պիտի հանդիսանա: Առավելապես հայկական հեռարձակողների համար է այս խնդիրը արդիական ու պատասխանատվության առարկա:

Վստահաբար, շատերդ բավարարված չեք հայկական եթերի որակով: Հեռուստասերիալների մասին էլ ժամանակին շատ էր խոսվում, թե ինչպես են գովազդում բռնություն կամ հավերժ տառապող կանանց: Սակայն համակարգային քննարկումներ հեռուստաեթերի քաղաքականության փոփոխության շուրջ շատ չի եղել: Հայկական հեռուստասերիալներին հպանցիկ հետևած ու դրան զուգահեռ Նետֆլիքսով սերիալներ սպառողները կհասկական, եթե ասեմ, որ ի տարբերություն հայկական եթերի թույլ, ճնշված, հավերժ տառապող կանանց, նետֆլիքսցի կանայք ուժեղ են, անկախ, համարձակ, տղամարդուն հավասար: Նաև ֆիզիկապես ակտիվ են, սեփական պաշտպանությունը ապահովող ու տղամարդու պաշտպանության կարիքը ակնհայտ չզգացող: Ավելին, վերջին շրջանի նետֆլիքսյան սերիալներում ամերիկյան իրականության համար խորքային խնդիրներ առաջացնող մեկ այլ նյութ՝ ռասայական խտրականությունը, օրինակ, խնդրականացվել է միջռասայական սիրո, ամուսնության, ընկերության պատմությունների ցուցադրությամբ: Սա ակտիվ ու պատասխանատու մեդիական քաղաքականության դրսևորում է: #BlackLivesMatter հեշթեգով ամիսներ առաջ հետևում էինք ամերիկյան հասարակության ցնցումներին, ու պատահական չէ, որ պատասխանատու հանրային դերակատարները, դրանց թվում նաև մեդիական նյութեր արտադրողները, անմասն չմնացին այդ անարդարության դեմ պայքարից:

Իսկ ի՞նչ կարող է անել տեղական մեդիան ու մասնավորապես հեռարձակողները, որպեսզի մասնակցեն տղայի նախապատվության խնդրի լուծմանը ու դրա արդյունքում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների պրակտիկայի վերացմանը: Աղջիկների ու կանանց, բայց նաև տղաների ու տղամարդկանց պատկերումը, նրանց շուրջ հյուսվող պատմությունները պետք է փոխվեն ու որքան շուտ, այնքան լավ: Օրինակ՝ սերիալներում կարող են ցուցադրել որոշում կայացնող, ուժեղ, անկախ, ընտանիքի հացը վաստակող կանանց: Դրան զուգահեռ՝ տղամարդկանց պատկերելիս կարող են չխորշել ցուցադրել տղամարդու խնամող, հոգ տանող ու զգայական հատկանիշները: Տղամարդու կերպարը դրանից չի տուժի, միայն կհարստանա: Հազարավոր երիտասարդ տղաներ էլ չեն մտածի, որ իսկական տղամարդը բռնի, կոպիտ, ուժի դիրքից հանդես եկող մեկը պիտի լինի: Մի խոսքով, տղամարդկանց ու կանանց կարծրատիպային կերպարների գովազդից պիտի հրաժարվեն մեր մեդիայի ներկայացուցիչները, եթե իսկապես ուզում են լուծել անհավասարության խնդիրները ու դրանից ծնվող տղայի նախապատվության շարունակվող խնդիրը:

Ժամանակն է բաց աչքերով նայել իրականությանն ու գործել:

Պաշտոնական թվերով, պատերազմը մեզնից խլել է 3 788 կյանք, 246-ի գտնվելու վայրն անհայտ է…

Համավարակը մեզինց խլել է 5 549 կյանք…

… եթե ոչինչ չանենք, ամեն տարի 300-ից ավելի աղջիկ երեխա չի ծնվի: