Թուրքիան նորմալ պետություն չէ, և դա պետք է բոլորի համար հասկանալի լինի․ թուրք քաղաքագետ

Թուրքիան թեպետ տեսականորեն կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն քաղաքականապես և գործնականում դա հնարավոր չէ: ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը: Նա շեշտադրում է Ադրբեջանի գործոնը՝ նշելով, որ վերջինը Թուրքիայում հսկայական ներդրումներ է կատարել և դրանով կախման մեջ դրել Անկարային: Քաղաքագետի խոսքով՝ Նախիջևանի ճանապարհը Հայաստանի ձեռքին կարող է հաղթաթուղթ լինել, և ճիշտ բանակցությունների միջոցով Հայաստանը կարող է պայմաններ թելադրել: Հարցազրույցը թարգմանաբար՝ ստորև։

Պարոն Աքթար, վերջին ժամանակներում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները փոխադարձ ուղերձներ են հղել: Վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Անկարան դրական է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Երկու երկրների միջև այդ քաղաքական հայտարարությունները կարո՞ղ են նոր հարաբերությունների ճանապարհ բացել:

Տեսականորեն տեղին հարցադրում է: Եթե կհիշեք՝ Թուրքիան Սուլեյման Դեմիրելի ժամանակ՝ 1992-1993թթ., Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների պատճառով սահմանը փակել էր, և քանի որ արդեն Ղարաբաղում անցյալ տարվա 44-օրյա պատերազմից հետո նման անհրաժեշտություն չկա, տեսականորեն հարաբերությունների կարգավորումը հավանական է, սակայն գործնականում, պետք է տեսնել՝ իսկապե՞ս հնարավոր է:

Թուրքիան նորմալ պետություն չէ, և դա պետք է բոլորի համար հասկանալի լինի: Թուրքիայի ռեժիմը տոտալիտար է, և կառույցները չեն աշխատում, ինչը վերաբերում է նաև արտաքին գործերի նախարարությանը: Թուրքիայում ամբողջ քաղաքականությունը պայմանավորում է մեկ մարդ, և նրան շրջապատող 3-5 հոգի: Այդ իսկ պատճառով տեսականորեն նման մի մտադրություն եթե լինի էլ, ապա այն իրականացնելու համար համապատասխան մասնագետներ չկան՝ հասկանալու, թե մասնավորապես ինչից պետք է գործընթացը սկսել: Եվ դա բոլոլորը գիտեն:

Դա առաջին, իսկ երկրորդ քաղաքականապես, արդյո՞ք դա հնարավոր է: Թուրքիայում թե 2022-ին, թե 2023-ին ընտրություններ են սպասվում: Ամենաուշը 2023 թվականին է նախատեսված, ինչի hետևանքով իրավիճակը բավականին լարված է քաղաքական, տնտեսական, հասարակական ոլորտներում: Իսկ արտաքին քաղաքականությունում աղետ է և որևէ կենսունակ ոլորտ չկա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա իշխանության փոքր մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությունը ամեն տեսակի կարգավորման է դեմ, անկախ նրանից՝ այն վերաբերի քրդերին, հայերին, թե Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, քանի որ նրանք ներկայացնում են ծայրահեղ ազգայնական թևը: Հետևաբար՝ այդպիսի միջավայրում, խոսել այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը և անգամ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» քաղաքական ուժը ցանկանում են հանդես գալ հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, մեծ հարցական է: Եթե իրատեսորեն նայենք, ապա իմ կարծիքն այն է, որ Թուրքիայում իշխող վարչակարգը չի կարգավորի ոչ միայն Հայաստանի, այլև մնացյալ հարևանների հետ հարաբերությունները:

Այլ կերպ ասած՝ Թուրքիան այժմ պատրաստ չէ, այո՞։

Այլ կերպ ասած՝ թեպետ կարգավորումը հավանական է, սակայն ոչ քաղաքականապես, ոչ էլ գործնականում դա հնարավոր չէ: Այնպես չէ, որ Թուրքիան միայն Հայաստանի հետ պատրաստ չէ, նույնը կարելի է ասել Հունաստանի, Սիրիայի, Իրաքի, Ռուսաստանի հետ հարաբերություններին: Եվ Հայաստանն այստեղ ամենևին բացառություն չէ. Թուրքիան նորմալ պետություն չէ, դա է պետք հասկանալ:

Թուրքիան միաժամանակ նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է կնքվի այսպես կոչված խաղաղության պայմանագիր: Ինչպես հայտնի է, սա ադրբեջանական օրակարգ է, որը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում: Ըստ ձեզ՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցը որքանո՞վ է սկզբունքային Թուրքիայի համար։

Կա նաև երրորդ հանգամանքը, որի մասին կուզեի նշել: Քանի որ տեսականորեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, իսկ գործնականում և քաղաքականապես՝ ոչ, ապա վերջին հանգամանքի համար կա նաև մեկ այլ պատճառ՝ Ադրբեջանի գործոնը: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը Թուրքիայում հսկայական ներդրումներ է կատարել, իսկ Թուրքիան ֆինանսների կարիք ունի: Պետք է հաշվի առնել, որ իրականում Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայում շատ լուրջ է: Եվ եթե նայենք այդ կապերին, ապա Ադրբեջանը Թուրքիայի համար կանաչ լույս չի վառի, քանի դեռ Թուրքիայի կողմից իր առջև դրած կարևոր հարցերում, ինչպես դուք նշեցիք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև Ադրբեջանի՝ Ղարաբաղը իր կազմում ամրագրելու ցանկությունը, աջակցություն չստանա։ Դա նաև վերաբերում է միջանցքի խնդրին: Ինչպես գիտենք, Հայաստանով անցնող և Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի խնդրում կա միջանցքի հարց: Այդ ամենի համար Ադրբեջանն արդեն պայման է դնում, իսկ Թուրքիան, ելնելով ներքին վիճակից, Ադրբեջանին «ոչ» չի կարողանում ասել: Դա պետք է հաշվի առնել, և իմ երրորդ կետը դա է:

Որոշ մասնագետներ կարծում են, որ Թուրքիան հետևողականորեն առաջ է տանելու ադրբեջանական օրակարգը, իսկ մյուսները կարծում` որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան կարող է անկաշկանդ գործել Ադրբեջանի հետ հարաբերություններում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Անկարան ապագայում տարանջատի թուրք-ադրբեջանական հարաբերությունները հայ-թուրքականից։

Ոչ, ըստ իս՝ հնարավոր չէ, քանի որ երկկողմ հարաբերություններում առկա են շատ լուրջ տնտեսական կապեր: Ադրբեջանը այդ հարաբերությունները և Թուրքիայում ունեցած ներդրումների գործոնը մինչև վերջ օգտագործելու է, և խոսքը միլիարդավոր դոլարների մասին է: Մյուս կողմից՝ գաղափարապես, Թուրքիան անկախ Ադրբեջանից Հայաստանի հետ բանակցային սեղանի շուրջ չի նստի: Իրականությունն այդ է, և պետք է իրատես լինել: Պետք է հաշվի առնել, որ երկու պետությունների հարաբերություններում «Մեկ ազգ երկու պետությունը»-ը իրականություն է դարձել:

Եվ արդեն մեկ բանակ:

Այո, պետք չէ մոռանալ, որ երկու երկրները միջազգային հարթակում ցեղասպանության ժխտման հարցում էլ միասնական են գործում: Միջազգային հարթակում և հայկական հարցի շուրջ որևէ հակոտնյա մոտեցումներ չեն նկատվում: Հետևաբար բացառվում է, որ Թուրքիան Բաքվից անկախ Հայաստանի նկատմամբ քաղաքականություն վարի:

Ներկայում շատ է քննարկվում Հայաստանի և Նախիջևանի միջոցով Թուրքիան Ադրբեջանին միացնող ցամաքային կապը: Այդ ճանապարհը Անկարայի համար ավելի շատ տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական նշանակություն ունի։

Երկուսն էլ: Նախ Աթաթուրքն է ուժի միջոցով Թուրքիայի սահմաններին արհեստականորեն ադրբեջանական տարածք ստեղծել, որը ամբողջովին արհեստական կազմավորում է: Այդ ճանապարհն ունի քաղաքական, էթնիկ և տնտեսական նշանակություն: Սակայն մյուս կողմից, այդ ճանապարհի կառուցումը Հայաստանի ձեռքին հաղթաթուղթ կարող է լինել: Հարաբերությունները կամ բանակցությունները այնպես պետք է վարել, որ Հայաստանն այդ հաղթաթուղթը կարողանա օգտագործել և պայմաններ թելադրել:

Սրվել են Ադրբեջան-Իրան հարաբերությունները: Իրանը մեծ զորավարժություն է սկսել Արաքս գետի շրջանում: Միաժամանակ անցկացվում են ադրբեջանա-թուրքական զորավարժություններ: Ադրբեջանա-իրանական հարաբերությունների ճգնաժամը կարո՞ղ է նկատվել նաև թուրք-իրանական շփումներում:

Թուրքիայի և Իրանի միջև 17-րդ դարից ի վեր պատերազմ չի եղել: Հիշենք «Քասրե Շիրինի» պայմանագրի մասին: Եթե այսքան ժամանակ պատերազմ չի եղել, հիմա ընդհանրապես չի ծագի: Բայցևայնպես, տարբեր հարցերում հակասություններ կան, օրինակ՝ Սիրիայում: Ադրբեջանի հետ էլ կարող են լինել: Սակայն Ադրբեջանը ոչ մի հարցում, այդ թվում՝ զինված ուժերով չի համեմատվի Իրանի հետ: Այդտեղ թուրքական ստորաբաժանումներ էլ լինեն, Իրանի հետ չեն կարող ոտք մեկնել: Իրանի հետ կատակ չեն անում: Ինչպես հայտնի է Իրանի և Ադրբեջանի միջև շատ լուրջ էթնիկ խնդիր կա: Նվազագույնը Իրանի բնակչության 30-35 տոկոսը ազերի են, և այդ գործոնի սադրումը, Իրանին խիստ զայրացնում է, քանի որ շատ վտանգավոր խաղ է: Թուրքիան երբևէ չի մտել այդ խաղի մեջ: Այլ կերպ ասած՝ նա Իրանի թուրքալեզու ազերիներին երբեք չի սադրել:

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը

Մեկնաբանել