Շահարկումներ՝ երգահան Հայկոյի մահվան շուրջ․ «Շաբաթվա ֆեյքերը»

Սեպտեմբերի վերջին հայությանը ցնցեց երիտասարդ երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի՝ Հայկոյի մահը կորոնավիրուսային հիվանդությունից։ Եվ մինչ ազգը սգում էր, հայտնվեցին նաև այս թեման շահարկողներ։

Ոմանք գրում էին, որ Հայկոն մահացել է կոկորդի քաղցկեղից, սակայն իշխանությունները դիտավորությամբ հայտարարում են, թե մահվան պատճառը կորոնավիրուսն է, որպեսզի ստիպեն մարդկանց պատվաստվել։ Մյուսները պնդում էին, թե արտիստը մահացել է ոչ թե կորոնավիրուսից, այլ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից։

Ցավալիորեն, նման տխուր իրադարձությունները հաճախ են տարաբնույթ շահարկումների առիթ դառնում, իսկ երբ հարցը վերաբերում է նաև մարդու անձնական տվյալներին և բժշկական գաղտնիքին, նաև տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինում ստուգել ինչ-ինչ փաստեր։

Ամեն դեպքում, բոլորի սիրելի երգիչ-երգահանի մահվան կապակցությամբ հրապարկված փաստն այն է, որ Հայկոն մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր Բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, իսկ այնուհետև նաև՝ առողջապահության նախարարությունը։

Այս հայտարարություններից հետո էլ խոսակցությունները, թե Հայկոյի մահվան պատճառը կովիդի դեմ պատվաստանյութն է, շարունակվում էին։ Ի վերջո Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը ստիպված եղավ Ֆեյսբուքում հավելյալ պարզաբանմամբ հանդես գալ և գրեց՝ «Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստված չի եղել»։

Անցյալ շաբաթ շրջանառվեց նաև տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանում արձանագրվել է դեպք, երբ ամբողջությամբ պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին, մասնավորապես, խոսել էր «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 24.09.2021թ. նշել է, որ «ավելի քան 300.000 պատվաստումներից մենք չունենք հիշատակության արժանի բարդություն»: Վստահ եմ, որ ապատեղակատվություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդպիսի ոչ արժանահավատ պնդում չէր կարող կատարել (առայժմ այլ պնդում չեմ անում): Մինչդեռ հիշատակության արժանի բարդություն է արձանագրվել Թեմուր Գրիգորի Նարինյանի մոտ: Թեմուր Նարինյանը պատվաստված էր, սակայն վարակվել է կորոնավիրուսով, սեպտեմբերի 11-ին հոսպիտալացվել է, իսկ 17-ին մահացել է կորոնավիրուսից», – գրել է նա:

Արա Զոհրաբյանն այս հրապարակմամբ նաև հիմնավորել է իր գլխավորած նախաձեռնության կոչը այն մասին, որ չի կարելի մարդուն ստիպել, որպեսզի պատվաստվի։

Այս կապակցությամբ «Սիվիլնեթը» հարցում էր ուղարկել, առողջապահության նախարարություն։ Ստացված պատասխանում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետությոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել։ Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը»։

Պետք է փաստենք, որ Արա Զոհրաբյանը, գրելով, թե «հիշատակության արժանի բարդություն է արձանագրվել Թեմուր Գրիգորի Նարինյանի մոտ», ուղղակիորեն չի ասում, թե, բարդությունը կապված էր պատվաստանյութի հետ։ Նա պարզապես փաստում է, որ պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից։ Այդուհանդերձ, նման շարադրանքը մանիպուլյատիվ է, քանի որ ընթերցողի, լսողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ պատճառահետևանքային կապ, այնուամենայնիվ կա։

Միևնույն ժամանակ, ոլորտի մասնագետները բազմիցս շեշտել են, որ որևէ պատվաստանյութ չի կարող երաշխավորել 100 տոկոս արդյունավետություն, սակայն այն զգալիորեն նվազեցնում է վարակման հավանականությունը, ինչպես նաև հիվանդության ծանր ընթացքը։ Այլ կերպ ասած՝ չի բացառվում, որ պատվաստված մարդը կարող է վարակվել կորոնավիրուսով և նույնիսկ մահանալ COVID-19-ից, թեև դրա հավանականությունը զգալիորեն ավելի ցածր է։

Իր հերթին առողջապահության նախարարությունն էլ չի հերքել տեղեկատվությունը, թե Թեմուր Գրիգորյանը մահացել է կորոնավիրուսից, սակայն ընդգծել է, որ մահվան պատճառը պատվաստանյութը չէ և որ Հայաստանում օգտագործվող բոլոր պատվաստանյութերն անցել են նախակլինիկական, ինչպես նաև կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը և համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին։

Մեկնաբանել