Բաթումիում շենքի փլուզման գործով երեք մարդ է ձերբակալվել

Բաթումի, փլուզված շենք Բաթումիի Մայիսի 26-ի փողոցի յոթհարկանի բնակելի շենքի փլատակները, լուսանկարը՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության։

Հոդվածը՝ Թաթա Շոշիաշվիլիի, OC Media

Երեք մարդ է ձերբակալվել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում ՝ երեք երեխա:

Ձերբակալվածներից մեկը շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերն է՝ Զաուր Բուդաթովը, մյուս երկուսը շինարարարներ են՝ հայր և որդի Հուսեյն և Գիորգի Սուրմանիձեները, որոնց ենթադրաբար վարձել էին բնակարանը վերանորոգելու համար:

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ բնակարանում շինարարական և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ», ինչը հանգեցրել է շենքի փլուզմանը:

Շենքը փլուզվել է հոկտեմբերի 8-ի կեսօրին մոտ, այդ պահին շենքում բազմաթիվ մարդիկ են եղել: Որոնողափրկարարական ծառայությունների գրեթե 30-ժամյա աշխատանքից հետո փլատակների տակ արգելափակվածներից միայն մեկ մարդ է ողջ մնացել:

Ըստ Վրաստանի դատախազության՝ աղետի պատճառ դարձած վերանորոգման աշխատանքներն իրականացվել են առանց թույլտվության և «ինժեներական ու անվտանգության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան ինժեներական գիտելիքներ ունեցող մասնագետի մասնակցության»:

«Մեղադրյալներն ապամոնտաժել են ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական կառույցներ [պատեր]՝ դրանով իսկ խարխլելով բնակելի շենքի ամրությունն ու դիմացկունությունը»,- ասվում է դատախազության հայտարարությունում։

Բաթումիի փոխքաղաքապետ Լելա Սուրմանիձեն հայտարարել է, որ «տան ներսում վերանորոգման աշխատանքների համար քաղաքապետարանից թույլտվություն անհրաժեշտ չէ», և որ իրենք տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում շենքի ներսում:

Նշված երեք անձանց մեղադրանք է առաջադրվել անվտանգության կանոնների խախտման և գույքային վնասի համար, որոնք մահվան պատճառ են դարձել։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրանց դատավարությունը կսկսվի դեկտեմբերի 1-ին:

Նրանց փաստաբանները պատրաստվում են բողոքարկել խափանման միջոց կալանքը և հայտարարել են, թե չկա որևէ ապացույց, որ իրենց պաշտպանյալներն անտարբերություն են դրսևորել և հավելել են, որ նրանք գործել են աշխատանքային պլանի համաձայն:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ շենքը կառուցվել է 1978-ին և ի սկզբանե նախագծվել է որպես հինգհարկանի շենք՝ չնայած շինարարության ընթացքում ավելացվել է վեցերորդ հարկը: Մեկ այլ հարկ ավելացվել է 2000-ականներին, և հինգ-վեց տարի առաջ մուտքում տեղադրվել է նաև վերելակ:

Թբիլիսոբան չեղարկվել է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթին սգո օր է հայտարարել երկրում։

«Խորապես ցավակցում եմ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության համար, ցավակցում եմ զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»,- ասել է նա: «Նրանց հետ ողջ Վրաստանն է սգում այս սարսափելի ողբերգությունը: […] Միջադեպի զոհերին պետությունը կտրամադրի անհրաժեշտ աջակցություն»:

Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Թբիլիսոբայի [Թբիլիսիի տոնն է – խմբ․] տոնակատարությունների համար նախատեսված գումարը կհատկացվի զոհերի ընտանիքներին: Այս տարվա Թբիլիսոբան նախատեսվում էր անցկացնել ամբողջությամբ առցանց, միջոցառման համար հատկացված էր գրեթե 500 000 լարի (160 000 դոլար):

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը նույնպես ցավակցական հայտարարություն է հրապարակել:

«Երկրում սգո այս օրը մենք վշտակցում ենք Բաթումիում ողբերգական կորսված կյանքերի համար: Մեր մտքերն ու ցավակցությունները նրանց ընտանիքների և ընկերների հետ են»,- ասվում է հայտարարությունում։

Հարևան շենքում բնակվող տասներկու ընտանիք ժամանակավորապես տեղափոխվել է հյուրանոցներ: