Հոկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, անփոփոխ է թողել այս տարվա մայիսի 20-ի իր որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանի իշխանությունները մեղավոր էին ճանաչվել բլոգեր Ալեքսանդր Լապշինի ապօրինի ազատազրկման, կտտանքների և մահափորձի համար։ Մայիսին դատարանը պարտավորեցրել էր Բաքվին Լապշինին վճարել 30 հազար եվրոյի փոխհատուցում։
«Իհարկե, ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել,- ասել է Լապշինը Deutsche Welle պարբերականի հետ զրույցում և տարօրինակ համարել փաստը, որ Ադրբեջանը դատարան է դիմել գործի վերաքննության համար։ – Չէ՞ որ ՄԻԵԴ-ը, որպես կանոն, դեպքերի 99 տոկոսում, չի հրաժարվում իր նախկին որոշումներից»։
ՄԻԵԴ-ի մայիսյան որոշումից հետո Լապշինը հյուրընկալվել էր ՍիվիլՆեթի տաղավարում և պատմել գործի մանրամասների մասին։
Հոկտեմբերի 12-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում բլոգերը տեղեկացրեց, որ դեռ փոխհատուցում չի ստացել, և դժվար թե Ադրբեջանն իր կամքով վճարի այն։
«Ինչպես ասում են իմ փաստաբանները՝ դա կարող է տարիներ տևել, մինչև բավականաչափ բողոքներ հղվեն Եվրոպայի խորհրդի որոշումները չկատարելու հարցով։ Հետո հնարավոր է՝ կալանքներ դրվեն ադրբեջանցիների գույքի վրա և այլն»,- ասաց բլոգերը՝ հավելելով, որ դա անում է ոչ թե գումարի, այլ ռազմագերիների հարցով Հայաստանին աջակցելու համար։