ՀԿՀն Կրթաթոշակներ Շնորհեց Արցախեան Պատերազմին Մասնակից 185 Ուսանողների

Հայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) կրթաթոշակներ շնորհեց Արցախեան պատերազմի մասնակից 185 ուսանողների, ներառեալ 73 վիրաւորում ստացած եւ ընտանիքի անդամ կորցրած 8 ուսանողի: ՀԿՀի նպատակն էր պատուի արժանացնել հայրենիքին հերոսաբար ծառայած զինուորներին: Նրանք արժանի են մեր երախտագիտութեանն ու աջակցութեանը:

Պատերազմը սկսուելուն պէս, Հայ կրթական հիմնարկութեան 2020-2021ի մի շարք ուսանողներ զինուորագրուեցին, որպէսզի պայքարեն յանուն Արցախի: Մեր ուսանողներից երկուսը՝ Անդրանիկ Գրիգորեանն ու Շիրակ Համբարձումեանը իրենց կեանքը զոհեցին յանուն հայրենիքի: ՀԿՀն, ի յիշատակ Անդրանիկի եւ Շիրակի, մեկնարկեց նոր կրթաթոշակ: Անդրանիկը (24տարեկան) ծնուել եւ մեծացել է Արարատի մարզի Նորակերտ գիւղում: Նա Երեւանի պետական բժշկական համալսարանի 5րդ տարուան ուսանող էր: Շիրակը (23 տարեկան) ծնուել եւ մեծացել է Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում: Նա 5րդ տարուան ուսանող էր Շուշիի արհեստագիտութեան համալսարանի ճանապարհաշինութեան բաժանմունքի:

2021ի Մարտ ամսին ՀԿՀն մեկնարկեց յատուկ կրթաթոշակ պատերազմի մասնակից զինուորների համար, որի արդիւնքում ընդունուեց 110 յայտադիմում: Հերոս ուսանողներն անմիջապէս տեղեկացուեցին, որ ստանալու են ամբողջական ուսման վճարի չափով կրթաթոշակ: Հայաստանի ամերիկեան համալսարանում (ՀԱՀ) սովորող 21 պատերազմի մասնակից եւ 14 վիրաւոր հերոսներ եւս ընդրկուեցին ծրագրում: ՀԱՀ ֆինանսական աջակցութեան եւ ՀԿՀ կրթաթոշակային ծրագրերի շնորհիւ ուսանողները ստանում են 90-100 տոկոսի ֆինանսական աջակցութիւն:

ՀԿՀ Երեւանեան գրասենեակը ստացել է բազմաթիւ նամակներ եւ շնորհակալական խօսքեր ե՛ւ հերոս տղաներից, ե՛ւ նրանց ծնողներից:

«Գրում եմ, որ շնորհակալութիւն յայտնեմ տղայիս կրթաթոշակի համար: Չէք էլ պատկերացնի՝ ինչքան այս ամէնի կարիքն ունէինք: Տղաս, երբ ոտքը վնասեց, մեր հաւատը ամէն ինչի հանդէպ մարեց: Այնքան մեծ յոյս էիք մեզ համար: Շնորհակալ եմ, որ տղայիս ու այսքան ուսանողների օգնում էք: Ապրէք, որ մէր հերոս տղաների կողքին էք: Կեանքում չենք մոռանայ ձեր արածը», գրել է Արմինէ Համբարձումեանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից:

«Յարգելի ՀԿՀ հովանաւորներ եւ աշխատակազմ: Շնորհակալ եմ որդուս հովանաւորելու համար, շնորհակալ եմ, որ հնարաւորութիւն տուեցիք շարունակել կրթութիւնն ու վերադառնալ բնականոն կեանքին: Պատերազմը շատ կոտրեց մեզ, սարսափելի օրեր ապրեցինք, բայց կարծես ամէն բան դանդաղ, բայց դէպի լաւն է գնում, ու ձեր դերը այնքան մեծ է այս դրական առաջխաղացի մէջ: Ձեզ ամենալաւն ենք ցանկանում: Կեանքում ձեր սուրբ ուղին քարքարոտ չլինի, որ աւելի լաւ Հայաստան կերտենք», գրել է Թեհմինէ Թաթոյեանը Տաւուշի մարզի Կողբ գիւղից:

ՀԿՀ Երեւանեան գրասենեակը հանդիպում կազմակերպեց նոր կրթաթոշակառուների հետ՝ շնորհելով նրանց հաւաստագրեր՝ պատուելու իրենց ծառայութիւնը, խիզախութիւնը ու ինքնազոհութիւնը: Մի շարք հեռուստաընկերութիւններ եւ լրագրեր լուսաբանեցին այս միջոցառումը:

Տեղեկատուութեան արագ տարածման արդիւնքում ՀԿՀն ստացաւ 54 նոր յայտադիմում: «Հայ վիրաւոր հերոսներ» հիմնադրամի առատաձեռն նուիրատուութեան շնորհիւ (50,000 տոլար) ՀԿՀն հնարաւորութիւն ստացաւ օգնել եւս 54 ուսանողի՝ շնորհելով նրանց կրթաթոշակ՝ ամբողջական ուսման վճարի չափով: Սկսած 2016ի Ապրիլեան պատերազմի օրերից՝ Հայ վիրաւոր հերոսներ հիմնադրամն օգնել է մեր զինուորներին՝ տրամադրելով նրանց պաշտպանիչ հանդերձանք, դեղորայք, ինչպէս նաեւ օգնել է ստանալ վերականգնողական թերապիաներ եւ պրոթեզներ: Յաւելեալ տեղեկատուութեան համար կարող էք անցնել նշուած յղումով՝ https://armenianwoundedheroes.com/։

ՀԱՀ ընդունելութեան գրասենեակի ղեկավար Արինա Զոհրաբեանը, ով նաեւ ՀԿՀ կրթաթոշակների Հայաստանեան յանձնախմբի անդամ է, ասել է. «ՀԿՀ հարցազրոյցների ընթացքում հանդիպել եմ պատերազմի մասնակից տղաների, ովքեր այնքան հիացնող հանդարտութեամբ ու վստահութեամբ էին խօսում Հայաստանի պայծառ ապագայի մասին: Անգամ այն պահերին, երբ յիշում էին դրուագներ, որտեղ իրենց կեանքը մազից է եղել կախուած, միեւնոյն է նրանց հնչերանգում վճռականութիւն էր նկատւում: Այս ուսանողներն անցան մի շարք փորձութիւնների միջով սկսած անօդաչու սարքից հրաշքով փրկուելուց, մինչեւ 70 եւ աւելի օրեր թշնամու վերահսկողութեան տակ գտնուող տարածքում գոյատեւելը: Նրանք այլեւս իրենց կրթավճարի համար չեն անհանգստանալու, այլ կարողանալու են իրենց ամբողջ ուշադրութիւնը սեւեռել իրենց կրթութեան ու Հայաստանի ապագայի համար իրենց գիտելիքով պայքարելու վրայ:

Հայաստանում ու Արցախում սովորող ուսանողներին օգնելու համար խնդրում ենք կապ հաստատել ՀԿՀ գրասենեակի հետ՝ զանգահարելով (818) 242-4154 համարին, կամ գրելով՝ [email protected] էլ. հասցէին: Իւրաքանչիւր ուսանողի համար հովանաւորչութիւնը կազմում է 1000 տոլար (4 տարի ժամկէտով):

Asbarez.com

Մեկնաբանել