Մախաչկալայում 15-ամյա դպրոցականը մահացել է դանակահարությունից

Դաղստան դպրոց

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում 15-ամյա դպրոցականը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է դասընկերոջը: Ավելի ուշ, տուժածը ստացած վնասվածքներից մահացել է: Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել սպանության, իսկ դպրոցի ղեկավարներին՝ անփութության համար:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, ընդմիջման ժամանակ՝ Մախաչկալայի 5-րդ ճեմարանում: Ոստիկանության տվյալներով, 9-րդ դասարանի աշակերտ կասկածյալը դանակահարել է 15-ամյա Ջաբրաիլ Հաջիհանովին, որը շտապօգնության մեքենայում մահացել է։ Հաղորդվում է, որ կասկածյալը, որին ոստիկանությունը բերման է ենթարկել, Հաջիհանովի կուրսեցին է:

Դաղստանի Ներքին գործերի նախարարության տարածած տեսանյութում կասկածյալն ասել է, որ տնից է դանակը վերցրել:

«Ես նրան սպանելու մտադրություն չունեի: Դանակով հարվածեցի նրան պահի ազդեցության տակ, ակամա»,- ասել է կասկածյալը։ Ըստ նրա, Հաջիհանովին դանակահարելուց հետո գնացել է դպրոցի տնօրենի մոտ և պատմել կատարվածը:

Դաղստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության գործով: Անփութության հոդվածով քրեական գործ է հարուցվել նաև դպրոցի տնօրենի և կրթության գծով տեղակալի դեմ: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Մախաչկալայի քաղաքապետին, երկուսն էլ ազատվել են աշխատանքից:

Հետաքննություն է սկսվել նաև դպրոցը պաշտպանող անվտանգության ընկերության ղեկավարության նկատմամբ: Նրանք կասկածվում են «սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չբավարարող ծառայության մատուցման մեջ»:

Հաղորդվում է, որ ողբերգության վայր եկած տեղական պետական «Դաղստան» հեռուստաալիքի օպերատոր Գաջի Մագոմեդովը ծեծի է ենթարկվել ավագ դպրոցի աշակերտների կողմից: Ըստ հեռուստաալիքի, նա բազմաթիվ կապտուկներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Հաղորդվում է, որ Մագոմեդովը հարձակման է ենթարկվել, քանի որ հրաժարվել է դադարեցնել ենթադրյալ սպանության վայրում գտնվող աշակերտների տեսանկարահանումը:

OC Media

Մեկնաբանել