Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված. Փաշինյանը՝ Պուտինին

Մոսկվայում հոկտեմբերի 12-ին մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ողջունելով Փաշինյանին՝ Պուտինը նշեց, որ Հայաստանի վարչապետի հետ մշտական կապի մեջ է հեռախոսի միջոցով, սակայն անձնական հանդիպումները, ըստ Ռուսաստանի նախագահի, «մշտապես արդյունավետ են անցնում՝ ցանկալի արդյունքներին հասնելու տեսանկյունից»։

«Հուսով եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ»,- ասաց Պուտինը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին՝ հավելելով, որ նմանաբնույթ քննարկումները փաստում են երկու երկրների ղեկավարների քաղաքական երկխոսության «բարձր դինամիկայի մասին»։ Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային խնդիրներին։

«Ցավոք սրտի, դեռևս վաղ է խոսել մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված։ Պարզ է, որ հակամարտության լուծման ու ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում»,- նշեց Փաշինյանը։