Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են միջազգային տրանսպորտային միջանցքների հարցերը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հյուսիս-հարավ և Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքների հարցերը։

«Մեզ համար տրանսպորտային միջանցքները շատ կարևոր են և գերակայություն է տրվում դրանց։ Նաև գնահատում ենք Հայաստանի մասնակցությունը դրանում, որը կավելացնի լրացուցիչ տարբերակներ, հնարավորություններ այն նախաձեռնությանը, որը քննարկվում է։ Կապակցվածությունն այսօր շատ կարևոր հարց է միջազգային հարաբերություններում։ Մենք բոլորս ավելի մեծ կապակցվածության կարիք ունենք, որովհետև նոր արտադրողական կենտրոններ են ի հայտ գալիս աշխարհում»,- Երևանում կայացած համատեղ ասուլիսին հայտարարեց Հնդկաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանի հայտնեց, որ և Հայաստանը, և Հնդկաստանը հետաքրքրված են միջազգային տրասնպորտային միջանցքներին վերաբերող նախաձեռնությունների կյանքի կոչմամբ։

«Մենք բնականաբար անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, դա վերաբերում է նաև Հյուսիս-հարավ միջանցքին։ Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ տեղի ունեցող վերջին դրական զարգացումները, ինչպես նաև արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,- նշեց Միրզոյանը։

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Սուբրամանյամ Ջայշանկարի խոսքով՝ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակում հարցի խաղաղ հանգուցալուծմանը․ «Խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, ոչ թե ուժի կիրառման միջոցով։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ մինսկի խմբի գործընթացին։ Կարծում եմ՝ սա ամենակենսունակ եղանակն է առաջ ընթանալու»,- ասաց Հնդկաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ այլ հանդիպումներ ևս նախատեսված են, «առնվազն գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվել է»։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցը տարածաշրջան․ «Մոտ օրերս մենք արդեն ավելի հստակ դիրքորոշում կիմանանք այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա։

Մեկնաբանել