Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների բանակցությունները

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Դանիլովի վանքում եռակողմ հանդիպում է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ Գարեգին Բ-ի և Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտության խնդիրը… հուսով եմ, որ մենք ձեզ հետ կգտնենք ճիշտ բառեր, որոնք ամենից շատ պետք են մեր ժողովուրդներին։ Հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա, և հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստն ու ձեր միջև երկխոսությունը, սիրելի եղբայրներ, օրինակ կհանդիսանա բոլորի համար»,- հանդիպման բացման խոսքում ասել է պատրիարք Կիրիլը:

Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր կրոնով արդարացնում են բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունը․ «Մենք կոչված ենք միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին։ Կրոնական պատերազմները մարդկության կրոնական պատմության մեջ սարսափելի մեղսավոր էջն են: Այս դարում, կարծում եմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «կրոն» և «պատերազմ» հասկացությունները մեկ ամբողջություն չդառնան», – ընդգծել է պատրիարք Կիրիլը:

«Թող Աստված օրհնի մեր ջանքերը և օգնի մեզ գտնել փոխըմբռնում, որը կնպաստի տևական խաղաղության ձեռքբերմանը երկուսիդ համար էլ հարազատ և թանկ հին կովկասյան հողում»,– եզրափակել է պատրիարք Կիրիլը:

Նախօրեին Ռուսաստանի հոգևոր առաջնորդը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Գարեգին Բ-ի և Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Պատրիարք Կիրիլը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին պարգևատրել էր «Փառքի և պատվի» առաջին աստիճանի շքանշանով՝ եկեղեցիների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առթիվ:

Մեկնաբանել