Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում:

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: Իհարկե, Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտում նույնպես զարգացնել ու խորացնել համագործակցությունը և Ձեր այցը լավ հնարավորություն է նաև այս ուղղությամբ: Իրանի նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- ասել է Փաշինյանը:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին նշել է, որ իր այցը բարեկամ և հարևան Հայաստան տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան:

«Իհարկե, կորոնավիրուսի պատճառով այս այցը մի փոքր հետաձգվեց՝ ավելի ուշ կայացավ: Նախքան իմ այցը Հայաստան՝ 2-3 օր առաջ, ես հանդիպել եմ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ: Նա խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցեմ Ձեզ, գովեստի խոսքեր հնչեցրեց Ձեր մասին ու ընդգծեց՝ այն հանդիպումը, որ ունեցել եք, շատ լավ և արդյունավետ է եղել»։

Իրանի գլխավոր դատախազը շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր: