Ադրբեջանի էկո-ազգայնականությունը, որ չի ծառայում նպատակին

Illustration: Robin Fabbro/OC Media.

Համիդա Գիյասբայլի, Բաքու

Հոդվածը հրապարակվել է OC Media կայքում

[Ադրբեջանում] Էկոֆրոնտ բնապահպանական անկախ խումբը՝ Բնապահպանական ճակատը, բացահայտել է ավելի քան 20 բազեորսների ապօրինի գործունեություն ոչ որսի սեզոնի ընթացքում։ Բարձրահամբավ բազեորսներից ընդամենը մի քանիսն են կապված կոռուպցիայի հետ։

Էկոֆրոնտը բնապահպան-ակտիվիստների խումբ է, որը ուսումնասիրում և արշավներ է իրականացնում Ադրբեջանում բնապահպանական հանցագործությունների և չարաշահումների դեմ: Այս տարվա գարնանը նրանց արշավը բացահայտել է արոսների, կովկասյան կռունկի (որից միայն 250 զույգ է մնացել վայրի բնության մեջ) և Գախի պետական բնության արգելավայրում սևափոր դռլոնի շարունակվող անօրինական որսը:

Բնության պահպանության միջազգային միության տվյալներով՝ այս թռչուններից մի քանիսը գրանցված են Ադրբեջանի վտանգված տեսակների Կարմիր գրքում: Բազմաթիվ լուսանկարներ և տեսաերիզներ են նկարահանվել խմբի և անձամբ որսորդների կողմից, որոնք սոցցանցերում ուրախությամբ կիսվում էին իրենց արկածներով։

Ակտիվիստները արագ բացահայտել են բազեի որսորդ-այցելուների ինքնությունը: Պարզվել է, որ որսագողերն են շեյխ Զայեդ Աբդուլլա բին Մուհամեդ բին Բութի ալ Համեդը՝ Աբու Դաբիի առողջապահության վարչության նախագահը, նրա եղբայրը ՝ Սեյֆը, և կատարցի բանաստեղծ և բազեորս Համադ ալ Ջամիլան, ի թիվս այլոց:

Այս խումբը մարտի ընթացքում Ադրբեջանում զբաղվել է բազեների որսով և հրազենային որսորդությամբ՝ չնայած որսի պաշտոնական սեզոնն արդեն ավարտված էր:

Շեյխի և նրա ուղեկցողների գործողությունները առաջացրին հասարակության հասկանալի վրդովմունքը, սակայն այդ քննադատությունները հետևողականորեն պարունակում էին ոչ աննկատ ռասիստական երանգներ, հատկապես ԶԼՄ-ներում, որտեղ մեղքն ամբողջությամբ բարդվում էր զբոսաշրջիկների վրա՝ առանց կոռուպցիայի կամ համակարգային այլ խնդիրների հիշատակման:

Մինչդեռ Էկոֆրոնտը, համաշխարհային բնապահպանական համայնքներին իր աշխատանքների ջատագովության կոչերին զուգահեռ տեղական հրապարակումներում և հաղորդագրություններում բազմիցս հարցը փաթեթավորում էր որպես «արաբներին» վերաբերող հարց:

Առերևույթ քննադատություն

Ակնհայտ է, որ [Ադրբեջանի] Բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարությունը չէր կարող կամ չէր ցանկանում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դադարեցնելու նման բարձրահամբավ այցելուների գործունեությունը:

Դատապարտման առումով նրանք ընդամենը մի հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում էր՝ օտարերկրյա զբոսաշրջիկները տուգանվել են մասնավոր սեփականության վրա իրենց բազեներին վարժեցնելիս աղավնիների նկատմամբ դաժանության համար։

Իհարկե, այն փաստը, որ այցելուները ժամանել են Ադրբեջան, երբ երկրի սահմանները փակ էին, և զբոսաշրջային վիզաներ չէին տրվում համաճարակի պատճառով, միայն լրացուցիչ հարցեր է առաջացնում: Էլ չենք խոսում այն մասին, որ տեղական հովիվները նույնպես չեն կարող որսորդական հրացաններ ունենալ այս տարածքում՝ եղնիկների պոպուլյացիայի պատճառով, և երբ անօրինական որսորդության մեջ բռնվում են, սովորաբար արագ պատժվում են:

Ինչպե՞ս է զբոսաշրջիկներին հաջողվել զենք ձեռք բերել անօրինական ճանապարհով: Աջինոհուրի տարածք մուտք գործելը, իրոք, անվճար է, սակայն այնտեղ զենք բերելը և որսորդությունը խստիվ արգելված է օրենքով:

Ցավոք, այս բոլոր հարցերը սովորաբար մի կողմ են դրվում գռեհիկ ռասիզմի առջև, որը սլաքներն ուղղում է իշխանության, արտոնությունների և կառավարման հարցերից էթնիկ ինքնության վրա:

Նույնիսկ, երբ համակարգային հարցեր են բարձրացվում, ինչպիսիք են Էկոֆրոնտի ղեկավար Ջավիդ Գարայի հարցերը, որը բարձրաձայնում էր պատասխանատու պաշտոնյաներին պատժելու և օրենքի ընտրովի և կամայական կիրառումը դադարեցնելու անհապաղ անհրաժեշտության մասին, դրանք ստվերվում են որսագողերի ազգությամբ։

Առանց հասկանալու, թե ինչպես է հարստությունն ու իշխանությունը՝ այս դեպքում Աբու Դաբիի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում, փոխառնչվում Ադրբեջանում օրենքի գերակայությանը (կամ դրա բացակայությանը), խորքային ու համակարգային տեղին քննադատությունը խարխլվում է ազգայնականության պարզեցված խոսույթով։

Էկո-երկերեսանիություն

2016-ին Quartz և Washington Post պարբերականները տեղեկացրին Բին Բութթի ալ Համեդին պատկանող Green Mile Safari-ի մասին՝ որսորդական արշավներ կազմակերպող ընկերություն, որը դուրս էր շպրտվել Տանզանիայից՝ կենդանիների խոշտանգումների բազմաթիվ դեպքերի և Տանզանիայի վայրի բնության օրենքների խախտման պատճառով: Այս տեղեկատվությունը ազատ հասանելի է առցանց, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները դրա մասին չեն խոսում:

Բնապահպանության նախարարությունից նույնիսկ շեյխի այցից հետո վայրի թռչունների անօրինական որսի մասին որևէ հիշատակում չեղավ: Երբ երկու հոգի տուգանվեցին 2350 դոլար խղճուկ գումարով, հատկապես շեյխի համար, որը Աբու Դաբիից Բաքու է թռցնում բազեներ՝ յուրաքանչյուրը 500 դոլարով, շատերը զայրացան երկրում, սակայն Էկոֆրոնտի ներկայացուցիչները ողջունեցին տուգանքը որպես հաղթանակ:

Հասկանալով, թե որքան սակավաթիվ են Ադրբեջանում բնապահպան-ակտիվիստները, շփոթեցնող է երկակի ստանդարտների պահպանումը, որոնք թույլ են տալիս Էկոֆրոնտի նման խմբին շնորհակալություն հայտնել երկրի ղեկավարությանը այն գործողությունների համար, որոնք հազիվ թե նման են պատասխանատվության կանչելուն:

Թեև իրական միջոցներ չեն ձեռնարկվում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար, ակտիվիստները իրենց դնում են նախապես պարտված վիճակում և նախընտրում են համագործակցել այն պաշտոնյաների հետ, որոնք ավելի շուտ ընդօրինակում են բարեփոխումները, քան դիմում կոնրետ քայլերի՝ կայուն լուծումների համար։

«Որսորդական շրջագայությունները շարունակվում են ավելի քան տասը տարի»,- ասել է Ֆեյսբուքի օգտատերերից մեկը, որի մեկնաբանությունը արագ տարածվել է ադրբեջանական սոցիալական ցանցերում: Նրա խոսքով, մեկ անձի համար 2500 դոլարով կարելի է որսորդություն կազմակերպել բնապահպանության նախարարության հետ, որն այնուհետև վերահսկում և կազմակերպում է շրջագայությունը:

Ոմանք Ծոցից ուղևորությունների՝ հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում կայծակնային աճը կապում են 2017-ին Մերձավոր Արևելքի երկրների համար Ադրբեջանի վիզաների պարզեցման հետ, որից հետո Ադրբեջանում սկսեց ծաղկել որսորդական բիզնեսը։

Սա նույնպես կարող է կապված լինել ավելի խորը համակարգային խնդիրների հետ: Ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը և նավթի գների նվազումը վերջին տասնամյակում, բնականաբար, ստիպել են Ադրբեջանին նոր եկամուտներ փնտրել զբոսաշրջության զարգացման միջոցով, որն անմիջապես վերածվել է անամոթ որսագողության:

Երկրի էկոլոգիան

Ներքին քաղաքականության մեջ տարբեր հարցերի՝ ազգայնական դիսկուրսի ենթակայության տակ մտցնելը միայն Ադրբեջանին չէ, որ բնորոշ է։ Երկրի ներսում բնապահպանական սահմանափակ նպատակների եւ միջազգային կանաչ շարժման՝ գոյաբանական խնդիրներին դիմակայելու անհրաժեշտության մասին բարձրաձայնելու միջև բաժանումը, ցավոք, շատ ընդունված է:

Իհարկե, որոշ բնապահպան-ակտիվիստներ, այդ թվում՝ Էկոֆրոնտ խումբը, հասկանում են դա: Միևնույն ժամանակ, նման խմբերը նաև կախված են տեղական ֆինանսավորումից և ունեն սահմանափակ ռեսուրսներ` լուծելու տեղական այն խնդիրները, որոնց համար պայքարում են։

Նավթի արդյունահանումը, որն Ադրբեջանի հիմնական տնտեսական շարժիչ ուժն է, մնում է անվիճարկելի, և մեծամասամբ դրա պատճառով է, որ բնապահպանական խնդիրները հազվադեպ են վիճարկվում պետական մակարդակով: Որպես այդպիսին, Էկոֆրոնտը երբեք արշավ չի իրականացրել՝ բացահայտելու վայրի բնության և կենսաբազմազանության ոչնչացումը, աղտոտումը, հողի և տարբեր էկոհամակարգերի դեգրադացիան, որոնք նավթի արդյունահանման և վերամշակման գործընթացի փաթեթի մաս են:

Ավելին, Ադրբեջանը ավտորիտար երկիր է, որը հայտնի է մարդու, հատկապես այլակարծիք անձանց իրավունքների բազմակի խախտումներով: Խոսել այն ամենի մասին, ինչը նույնիսկ հեռավոր աղերս կունենա քաղաքական էկոլոգիայի հետ, կնշանակի վտանգել մարդու կյանքն ու ազատությունը:

Ադրբեջանի պետական և տնտեսական համակարգին խորքային մարտահրավեր նետելու այս դժկամությունը, ինչպես նաև տեղային հարցերի շուրջ ակտիվ, սակայն ցրված և սպորադիկ խմբերից համապարփակ շարժում չստեղծելը հարց է առաջացնում Ադրբեջանում էկոակտիվիզմի նպատակի մասին, ոչ այլ ինչ, քան շարժման որոշ անդամներին հայտնի դարձնելու գործիք։

Իրականում սա նորություն չէ: Մենք դրա ավելի վատ դրսևորմանն ականատես եղանք 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, որի ընթացքում հազիվ լսվեց պատերազմի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին: Ի վերջո, Ադրբեջանում միջավայրը ենթակա է ազգային շահերին և նշանակություն չունի երկրի սահմաններից անդին։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել