Հստակեցնել անհայտ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների վերադարձին․ հոգևոր առաջնորդների հայտարարությունը

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Հոգևոր առաջնորդները եռակողմ հանդիպման արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն ընթերցել է Կիրիլ Պատրիարքը։

«Քիչ առաջ մենք ավարտեցինք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Ես շնորհակալ եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ մեզ համար եղբայրական երկու ժողովուրդների բնակիչներին և կրոնական համայնքներին հուզող նման բարդ խնդիրները քննարկելու պատրաստակամության համար:

Համոզված ենք, որ մեր կրոնները բացառիկ խաղաղապահ ներուժ ունեն, հատկապես այնպիսի նուրբ ու զգայուն ոլորտում, ինչպիսին ազգամիջյան հարաբերություններն են։ Որքան էլ բարդ լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններն այս փուլում, կարծում ենք, որ հենց Աստծո հանդեպ հավատն ու սերը կարող են օգնել վերացնել երկարամյա ողբերգական դիմակայության հասցրած վերքերը: Սա շատ դժվար ճանապարհ է, այն պահանջում է հոգևոր իմաստություն և խորաթափանցություն։

Կովկասը միշտ հայտնի է եղել ժողովուրդների, լեզուների և մշակույթների հսկայական բազմազանությամբ։ Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա, քան համատեղ բնակությունն է՝ գոյություն չունի։ Այսօր հատկապես կարևոր է վերականգնել մարդկանց վստահությունը միմյանց նկատմամբ։

Նման ուղերձի գրավականը կրոնական սրբավայրերի, պատմական հուշարձանների և գերեզմանների նկատմամբ հարգանքն է, այլ հավատքի մարդկանց կրոնական զգացմունքների նկատմամբ հարգանքը: Կրոնական առաջնորդները կոչված են օգտագործել իրենց հեղինակությունը` կառուցելու և պահպանելու կրոնների ու ժողովուրդների միջև բարիդրացիության մթնոլորտը։

Կոչ ենք անում հստակեցնել անհայտ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող զենքի կիրառում:

Անհրաժեշտ է ապագայում խուսափել ատելության լեզվից, ձեռնպահ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից։ Կոչ ենք անում երիտասարդներին չտրվել ագրեսիայի և ծայրահեղականության ոգուն, առաջին հերթին փնտրել խաղաղությունը։

Հոգևոր առաջնորդները պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցմանը՝ հանուն ներկա և ապագա սերունդների բարօրության և բարգավաճման»,- ասված է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։