Ազգային ավիաընկերություն ստեղծելու նպատակով Կառավարությունը 4,7 մլրդ դրամ կհատկացնի

Հայաստանում ազգային ավիաընկերություն ստեղծելու նպատակով Կառավարությունը 10 մլն դոլար կամ 4,7 մլրդ դրամ կներդնի։

Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով 4,7 մլրդ դրամ ներդնելու նախագծին։

«2021 թվականի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանում ստեղծել ազգային ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,7 մլրդ դրամ, իսկ Էյր Արաբիա ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծվող ազգային ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում։

«Կառավարությունը պայմանավորվածություն ունենալով Էյր Արաբիա ընկերության հետ հետևյալ գործողությունն են անում․ Կառավարությունը և Էյր Արաբիա ընկերությունը ներդնում են յուրաքանչյուրը 10 մլն դոլար։ Էյր Արաբիան ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու փորձառություն։ Այս փորձառության բերումով է, որ մենք այսպիսի գործընկերությունը կարևոր ենք համարում։ Մենք այս համատեղ ներդրմամբ հրավիրում ենք Էյր Արաբիա ընկերությանը, որպեսզի նա մեզ հետ համատեղ հիմնադրի և կառավարի ավիաընկերություն, որը կկոչվի ARNA»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ ավիաընկերության կառավարումն իրականացնելու է Էյր Արաբիան։

«Հհարկե, ես գիտեմ, որ պրոցեսի հետ կապված կան որոշակի կասկածներ, մտավախություններ, մանավանդ, հաշվի առնելով, որ մենք այս ոլորտում ունենք, մեղմ ասած, տհաճ հիշողություններ, բայց կարծում եմ, որ մենք պետք է այս ճանապարհով գնանք՝ գիտակցելով, որ այստեղ ունենք որոշակի ռիսկեր։ Բայց կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար պայմաններ, որպեսզի այդ ռիսկերը լինեն կառավարելի»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ ավիաընկերությունը պետք է կանոնավոր չվերթներ իրականացնի արդեն 2022-ի գարնանը․ «Պետք ամեն ինչ անենք, որպեսզի այս հանձնառությունը իրականացվի»,- ասաց վարչապետը։