Հնարավո՞ր էր արդյոք պահել Հադրութը․ զրույց քաղաքապետի հետ՝ մեկ տարի անց

վահե սավադյան հադրութի քաղաքապետ

Հադրութի անկման տարելիցին ՍիվիլՆեթի թղթակից Հայկ Ղազարյանը Ստեփանակերտում զրուցել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ։ Ծավալուն զրույցից մի հատված սղագրված է և որոշակի խմբագրումներով` ներկայացված ստորև։

– Կոնկրետ ո՞ր օրն է Հադրութը ընկել

– Ես կասեի, որ դա այդքան էլ էական չէ։ Ասյպես ասեմ՝ [2020-ի հոկտեմբերի] ամսի 10-ին ժամը 11-ի սահմաններում թշնամին մտել է Հադրութ։ Այդ օրվա մարտերից հետո վիրավորված դուրս ենք եկել։ Իսկ ամսի 11-ին խումբ է մտել Հադրութ՝ վարչակազմի շենք՝ վարչակազմի ղեկավարն էր, Հադրութի ԱԱԾ պետն էր, մի շարք քաղաքացիներ և զինծառայողներ։ Հադրութի հարավային մասը՝ գետի մյուս կողմը, արդեն ամբողջությամբ թշնամու վերահսկողության տակ էր։ Երևի մոտ մեկ ժամ մնացել են Հարդութում, հնարավոր չէր արդեն դիմադրել, որովհետև թշնամին արդեն շատ մեծ քանակությամբ զորք ուներ տեղակայած։ Այդ փոքր խմբով հնարավոր չէր որևէ գործողություն կազմակերպել, իհարկե, փորձել են, բայց հնարավոր չէր։ Վիրավորներ ունեցան տղերքը և ստիպված էին դուրս գալ։ Այդ խմբից մի 7-8 հոգի մեր շրջանի ղեկավար կազմից էին և այլ բնակիչներից, ինչպես նաև ԱԱԾ-ի հատուկ ջոկատայիններից, նաև այլ զինծառայողներ կային։ Քանակը չեմ կարող կոնկրետ նշել, քանի որ այնտեղ չէի, ամսի 10-ին վիրավորվել էի։ Բայց մոտավորապես երևի մի 30-40 մարդ է եղել։

– Գրագետ պաշտպանություն կազմակերպելու դեպքում հնարավո՞ր էր պահել Հադրութը, թե՞ դա էլ կճեղքեին կամ կշրջանցեին։

– Իհարկե, հնարավոր էր։ Ով մինչև ամսի տասը եղել է Հադրութում, ինձ հետ համամիտ կլինի, որ հնարավոր էր պաշտպանել քաղաքը, եթե գրագետ կազմակերպվեր։ Բայց կազմակերպում տեղի չի ունեցել։ Ասենք, մեր տղաները՝ Սուրենը, ԱԱԾ տնօրենը, վարչակազմի ղեկավարը, տեղակալը․․․ շատ մարդիկ կային, որոնք Հադրութի էդ հատվածում փորձում էին ինչ-որ գործողություններ կազմակերպել, պաշտպանություն իրականացնել, բայց դա քիչ էր։ Բանակը պիտի անմիջապես․․․ դե 21-րդ դար է, 91 թվականը չէ, որ ջոկատներ ստեղծենք ու փորձենք ամեն մեկս մի ուղղությամբ ինչ-որ բան կազմակերպել։ Սա լուրջ պատերազմ էր և պետք էր լուրջ պատրաստվել, որը մենք չենք արել։

– Ինչո՞ւ Հադրութի անկման մասին ոչ ոք չհայտարարեց, ինչո՞ւ էինք ինքնախաբեությամբ զբաղվում։

– Այսինքն՝ ամսի 10-ին կամ 11-ին հայտարարել, որ իրո՞ք Հադրութը․․․

-14-ին կամ 15-ին թեկուզ․․․

– Ճիշտն ասած, այնպիսի քաոս էր, որ լուրերին չէի հետևում։ Ընդհանրապես, ես պատերազմի ընթացքում լուրերին չէի հետևում, որովհետև այդ հնարավորությունը չունեի։ Այո, զանգում տարբեր լուրեր էին հաղորդում թռուցիկ, զուտ իրավիճակին ծանոթանալու համար։ Դրա համար չգիտեի, թե ով ինչ է ասում, խաբում է, թե չէ։ Ամսի 10-ին վիրավորվել եմ ու տեղափոխվել Երևան, երկու օրից նորից հետ եմ եկել, Հադրութի գյուղերում էի։ Ինչ-որ մեկն էլ չկար, որ մոտենար ու այդ հարցը ինձ տար, որևէ լրատվամիջոց հարցներ, թե Հադրութում իրավիճակը ոնց է, մեր ձեռքում է, թե իրենց։

– Որքա՞ն հադրութցի է ներկայում բնակվում Արցախում և Հայաստանի Հանրապետությունում: Որքա՞ն մարդ է արտագաղթել։

– Տոկոսային տվյալներ ասեմ մոտավոր, որովհետև շրջանից կոնկրետ տեղեկություն չունեմ։ Ուրեմն, մեր բնակչության 30-35 տոկոսը այս պահին բնակվում է Արցախում՝ Ստեփանակերտում, Մարտակերտում, տարբեր համայնքներում։ Շրջանում էլ նույն տոկոսային հարաբերակցությունն է։ Մնացածը Հայաստանի տարբեր բնակավայրերում են տեղավորվել։ Ցավոք, մի մասը արտագաղթել է, կոնկրետ Հադրութ քաղաքից՝ մոտ 200 հոգի, և դա շարունակվում է, իսկ շրջանից՝ երևի մոտ 1000: Ամեն օր նման լուրեր լսում ենք․ մարդիկ ի՞նչ անեն:

– Ի՞նչ ծրագրեր են իրականացվում Արցախում հադրութցիներին բնակեցնելու նպատակով։ Նրանց մեծ մասը հյուրանոցներո՞ւմ է ապրում։

– Այո, հյուրանոցներում է ապրում կամ էլ վարձով։ Վարձն էլ մեծ գումար է կազմում։ Պետությունը, բնականաբար, այդքանը չի տալիս, մարդիկ փորձում են իրենց գլխի ճարը տեսնել։ Ինչ վերաբերում է բնակարանաշինությանը՝ տեսե՛ք, մի խնդիր բնակարանով ապահովելն է, բայց կա նաև երկրորդ խնդիրը՝ աշխատանքով ապահովելը։ Բնակարանի տրամադրումը հարցի ամբողջական լուծում չէ։ Լավ, այդ մարդը ինչո՞վ է զբաղվելու․ գյուղատնտեսություն, կարելի է ասել, չկա, տարածք այդքան չունենք, արոտների ու վարելահողի պակաս կա։ Ինչո՞վ պիտի զբաղվեն այդ մարդիկ, սա է ամենալուրջ հարցը։ Մինչև բնակարանաշինության աշխատանքների ավարտը այսօրվանից դրանով պիտի զբաղվեն։

Կոնկրետ Հադրութ քաղաքի համար նախատեսծված Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շինարարությունը սկսվել է․ նախնական՝ 240 բնակարան, մինչև 2023 թվական պիտի ավարտեն։ Խիստ կասկածում եմ, որ կհասցնեն։

Բացի դրանից, ես պետնախարարի և տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ խոսել եմ՝ Հադրութ համայնքի տարածքը պետք է հստակեցվի, մեծ համայնք է լինելու, որ ինչ-որ մեկը «շուստրիտ» չանի ու տարածքներ վերցնի, որպեսզի հետո սուպերմարկետներ կառուցեն, վարձով տարածք հանձնեն և այլն, և այլն։ Պետք է, որ ամբողջ տարածքի հնարավորությունները տրվեն Հադրութ համայնքի բնակիչներին։

Զրույցն ամբողջությամբ՝ ստորև․