Արարատ Միրզոյանը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին ընդգծել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նիստի ընթացքում նախարար Միրզոյանը, անդրադառնալով կառույցի հետագա զարգացմանը, ընդգծել է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը։

«Վերոնշյալը շեշտվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում։ Կարևորելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել