Բազմահազարանոց հանրահավաք Թբիլիսիում ՝ Սաակաշվիլիի ազատության պահանջով

թբիլիսի սաակաշվիլի ազատություն ցույց Հազարավոր մարդիկ հավաքվել են Թբիլիսիի Ազատության հրապարակում, հոկտեմբերի 14։ Լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլի / OC Media։

Շոթա Կինչա, Թբիլիսի OC Media

Հազարավոր մարդիկ հավաքվել են Թբիլիսիում՝ ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, որն արդեն 14-րդ օրն է՝ հացադուլ է անում բանտում։

Բողոքի ցույցը կազմակերպել է Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»։

Վրաստանի երրորդ նախագահը, որը ներկայում Ուկրաինայի քաղաքացի է և գլխավորում Է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեն, ձերբակալվել է երկու շաբաթ առաջ՝ տեղական ընտրությունների նախօրեին Վրաստան գաղտնի մուտք գործելուց հետո:

Սաակաշվիլին պնդում է, որ ինքը զոհ է քաղաքական հետապնդման, որը պատվիրել է անձամբ Բիձինա Իվանիշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սաակաշվիլին Վրաստանը լքել Է 2013-ի վերջին իր նախագահության ժամկետի ավարտից կարճ ժամանակ անց՝ խուսափելով Վրաստանի իրավապահների հարցերից, և քաղաքական կարիերա կառուցելով Ուկրաինայում:

Նրան առնվազն վեց տարվա ազատազրկում է սպառնում այն բանից հետո, երբ 2018-ին հեռակա կարգով դատապարտվեց իշխանության չարաշահման մի քանի հոդվածներով, այդ թվում ՝ քաղաքական ընդդիմախոս Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում պատվիրելու և 2006-ին Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը մասնակից իրավապահ մարմինների աշխատակիցներին ներում շնորհելու անօրինական խոստման համար:

«Միացյալ ազգային շարժումը» համախմբել է իր կողմնակիցներին ամբողջ երկրից, որոնցից շատերը մայրաքաղաք էին ժամանել ավտոշարասյուններով։ Նրանց դիմավորել են մարդկանց խմբեր՝ ցախավելները ձեռքներին, իսկ ոմանք էլ այդ ցախավելները նետել են մեքենաների վրա՝ հայհոյելով Սաակաշվիլիին:

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդները պնդում են, որ այդ խմբերը հավաքվել են իշխող կուսակցությանը պատկանող տեղական պաշտոնյաների և պետական ծառայողների կողմից:

Այլ ընդդիմադիր խմբերի կողմից մերժված

Թեև «Միացյալ ազգային շարժումը» պնդում է, որ ցույցն արտահայտում էր միջկուսակցական և «համազգային» պահանջ, ընդդիմադիր մյուս խմբերը չեն միացել ցույցին։

Հայտարարելով, որ «Վրացական երազանքի» իշխանության օրոք հազիվ թե տեղի ունենա Սաակաշվիլի արդար դատավարություն՝ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Ստրատեգի Աղմաշենեբելի» (վերջերս՝ հայտնի որպես «Երրորդ իշխանություն») և Հանրապետական կուսակցությունները հրաժարվել են միանալ բողոքին:

Ոմանք շեշտել են, որ հիմնական ուշադրությունը պետք է հատկացվի տեղական ընտրությունների երկրորդ փուլին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 30-ին: Ընդդիմության մի քանի առաջնորդներ, այնուամենայնիվ, որոշել են առանձին-առանձին միանալ ցույցին, այդ թվում ՝ «Դորա» կուսակցության առաջնորդ և «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամ Էլենե Խոշտարիան:

Մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլում իշխող կուսակցությունը պետք է պայքարի բոլոր հինգ ինքնակառավարվող քաղաքներում:

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, իրեն ավելի է տարանջատել այդ իրադարձությունից, քան մյուսները՝ հրաժարվելով ընդունել նաև, որ Սաակաշվիլիի բանտարկությունը քաղաքական շարժառիթներ ունի:

«Միայն մեկ խինկալի»

Հոկտեմբերի 1-ին Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի քանի հայտարարություն է արել նրա դեմ, սպառնալով նաև նրա դեմ լրացուցիչ մեղադրանքներ առաջադրել, ինչը քննադատության է արժանացել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով և կասկածի տակ դրել Վրաստանի դատական համակարգի՝ նախկին նախագահի նկատմամբ արդար դատավարություն ապահովելու ունակությունը:

Թեև Ուկրաինայի իշխանությունները խոստացել են հասնել Ուկրաինա նրա վերադարձին, Ukraynsy Novini լրատվական կայքը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի դրությամբ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը չի դիմել նրան արտահանձնելու պահանջով:

Թե ինչպես է նախկին նախագահը հայտնվել Վրաստանում, պարզ չէ։

Իր ձերբակալությունից առաջ և հետո Սաակաշվիլին ծաղրել է Վրաստանի իշխանություններին՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակելով լուսանկարներ, որոնցում նա, ըստ իրեն, Բաթումիում էր և անգամ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջև:

«Ես խինկալի պատվիրեցի նախքան իմ ձերբակալությունը։ Ցավոք, ինձ հաջողվեց ուտել ընդամենը մեկ հատ»,- կատակել Է Սաակաշվիլին «Մտավարի» հեռուստաալիքին տված իր վերջին գրավոր հարցազրույցում։

«Միխեիլ Սաակաշվիլիին ազատություն ենք մաղթում։ Այսօր նա մեզանից ազատ է»,- այսօր տեղի բողոքի ցույցին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» նախկին պաշտոնյա Գիգի Ուգուլավան, որը ներկայում Փոթիի քաղաքապետի թեկնածու է:

«Ժամանակին՝ տանսութ տարի առաջ, նա թեյ էր խմում, ինչը փոխեց երկրի պատմությունը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Սաակաշվիլիին, որը թեյ էր խմում այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեի աշխատասենյակում այն բանից հետո, երբ ցուցարարները գրոհել էին խորհրդարանը 2003-ին:

«Հիմա նրան թույլ չեն տվել խինկալի ուտել։ Նա անպայման կուտի իր խինկալին, իսկ ձեզ կմնան ոսկորները, քանի որ դուք արժանի չեք ավելիին»,- ասել Է Ուգուլավան:

Սպասվում է, որ Սաակաշվիլին հաջորդ ամիս դատարանի առջև կկանգնի մի քանի այլ գործերով, այդ թվում վերջին՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Սաակաշվիլիի ձերբակալությանը հետևել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, որը վերջերս քննադատել է իշխանություններին նրա անձնական կյանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, քանի որ հրապարակվել էին մանրամասներ նրա առողջության մասին:

Մեկնաբանել