ՀՐԱՏԱՊ – Ադրբեջանը Արցախում խախտել է հրադադարը, կան վիրավորներ (լրացված)

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ, հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն, նշվում է հաղորդագրությունում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հաղորդել է վեց վիրավորների մասին, որոնցի երկուսի վիճակը ծանր է։

«Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:

Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:

Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է:

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:

Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար»,- գրել է Թաթոյանը:

Լրացում – Արցախի ՊԲ հաղորդագրությունը

ՀաղորդագրությունՀոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Մեկնաբանել